Անվադողերի հերթական խմբաքանակը ուղարկվել է մարտական դիրքեր

Ապրիլյան պատերազմի նահատակ, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանի նախաձեռնությամբ դեպի մարտական դիրքեր անվադողերի հերթական խմբաքանակը Հայաստանից ուղարկվել է Արցախ։

«Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում Ժորա Աբգարյանն պատմել է, որ անվադողեր հավաքելու գաղափարը ծագել է դեռևս 2017 թ. սեպտեմբերին, երբ հերթական անգամ զինվորների հետ զրույցում բարձրացվել է անվադողերի հարցը: «Այդ ժամանակ մենք որոշեցինք կամավոր սկզբունքով անվադողեր հավաքել և տրամադրել Պաշտպանության բանակին,- ասել է Ժորան:- Մեզ միացան նաև եղբորս` Տիգրանի ընկերները, իսկ հետագայում` նաև այլ քաղաքացիներ: Արդյունքում հավաքվեցին տասնյակ բեռնատար մեքենաներով անվադողեր: Իրականում ես չէի էլ պատկերացնում, որ նախաձեռնությունը ծրագիր կդառնա, ու չգիտեի, որ այսքան հզոր թիմ կկազմենք։ Այն, որ անշահախնդիր անում ենք ու զգում արդյունքը, դա ավելի է ուժ տալիս և մոտիվացնում մեզ»:

Նրա խոսքով` տեղափոխման հարցերում օգնում է Պաշտպանության նախարարությունը և պաշտոնատար անձինք, իսկ անվադողերի հավաքման գործընթացն իրականացնում են երիտասարդներով:

«Մեզ համար հիմնական նպատակ է դարձել բոլոր մեր դիրքերի ամրապնդումը, որպեսզի զինվորների ծնողներն էլ ուժ ստանան,- ավելացրել է Ժ. Աբգարյանը:- Գործընթացն առաջիկայում ևս շարունակվելու է, և փորձելու ենք ավելի շատ մարդկանց ընդգրկել ծրագրում: Անվադողերի հավաքումը իրականացվում է Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում»։