ԱՀԿ ներկայացուցիչը նախագահին ներկայացրել է ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը:

Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նման ուսումնասիրության անցկացումը և կարևորել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումները։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերին: