«Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն (տեսանյութ)

Մայիսի 3-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:

ԱՀ ՊԲ լրատվական ծառայության տեղեկացմամբ, զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին և, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:

Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ: