Ունենք Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը․ Փաշինյանը եկեղեցու հարկեր վճարելու մասին

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հարկային հարաբերություններին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, վարչապետն իր խոսքում նշել է․«Խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, և մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու: Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետև այդ վճարված հարկերի արդյունքում է ձևավորվում և ձևակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաև Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ:

Եվ, փառք Աստծո, այսօր մեր այդ կոչը որոշակի արձագանք ստանում է: Ես ասել եմ, որ այս տարի պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 մլրդ դրամով կգերակատարենք, ինչը հնարավորություն կտա բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, լրջագույն կապիտալ ծախսեր իրականացնել տարբեր ոլորտներում: Եվ ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը պետք է շարունակենք: Իհարկե, սկզբի համար 40 միլիարդը շատ լավ թիվ է, այսպես ասած, սովորական ռեժիմից դուրս, բայց այդ 40 միլիարդը, իհարկե, այն թիվը չէ, որ մեզ պետք է գոհացնի: Մենք այս ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք: Եվ այս առումով նույնպես մենք պետք է այդ հարցերը քննարկենք»: