Ունենք բոլոր նախադրյալները՝ լավ բերք ստանալու համար. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում հակահրդեհային և հակակարկտային կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման հարցերը:

Այս մասին տեղեկացրել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:

Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Վերջինս ներկայացրել է գարնանացանի ընթացքի վերաբերյալ ցուցանիշներ, նշել, որ պահանջված սերմերի տրամադրումը գտնվում է ավարտման փուլում և ուշացումներ չեն նախատեսվում: Խոսելով հակահրդեհային և հակակարկտային պաշտպանության մասին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես նշել է. «Գործընթացը իրականացվում է երկու եղանակով՝ քիմիական և մեխանիկական: Մինչև մայիսի 6-ը նախատեսվում է ավարտին հասցնել քիմիական եղանակով պայքարը, իսկ մեխանիկականը՝ կախված եղանակային պայմաններից՝ նախատեսում ենք ավարտել մինչև հունիսի սկիզբ»:

Գ. Մարտիրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ ստանալով վարչակազմերի ղեկավարներից՝ նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում հրդեհների պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ: «Այս տարի ունենք գոհացնող նախադրյալներ բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Խորհրդակցությանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ:

Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ՝ տեղերում բացատրական աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: