Ամերիկահայ գործարարը ծրագրել է Արցախում պիստակի այգիներ հիմնել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մի շարք ներդրումային ծրագրերի առնչվող հարցեր:

«Նախատեսում ենք Արցախում  հիմնել պիստակի այգիներ, որը մեծ պահանջարկ կունենա հանրապետությունում,- հանդիպումից հետո «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Հովիկ Տեր-Աշոտյանը:- Պիստակը համարվում  է  աշխարհի ամենաթանկ բերքը: Արցախում  կան  բոլոր նախադրյալները, որպեսզի  սկսենք այդ  ծրագիրը, որովհետև այստեղի հողը բավականին հարուստ է սննդատարրերով: Եթե մենք կարողանանք այդ ծրագիրն իրականացնել, կունենանք մեծ եկամուտ: Ներկայումս Արցախում մեծ ուշադրություն ենք դարձնում նռան, արքայախնձորի, խաղողի այգիների հիմնմանը, բայց շատ լավ կլինի, որ այլ մրգատու ծառերի այգիների հիմնմամբ ևս զբաղվել. դրանք ավելի արդյունավետ կլինեն»։