Ամերիկահայ բուժաշխատողներն Արցախում առաջին բուժօգնության դասընթացներ են անցկացնում

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ առողջապահության նախարարության համատեղ աջակցությամբ Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան N8 ավագ դպրոցում Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգից ժամանած հայ բուժաշխատողներն այսօրվանից առաջին բուժօգնության դասընթացներ են վարում:

«Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում դասընթացի կազմակերպիչ Ջոն Գրիգորյանն ասել է, որ դասընթացների նպատակն է ուսուցանել առաջին բուժօգնության առավել արդյունավետ ու նոր մեթոդներ:

«Շատ հաճախ առաջին բուժօգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը,- մասնավորապես նշել է նա:- Մեր եռօրյա պարապմունքների ընթացքում կփորձենք արցախցիներին հնարավորինս սովորեցնել այն բոլոր պարզագույն, նպատակահարմար և անհապաղ հնարքները, որոնք կարող են հանկարծահաս վտանգների ժամանակ փրկել մարդու կյանքը և կանխել բարդությունները: Աշակերտների հետ կանցկացնենք գործնական պարապմունքներ և լավագույններին կտրամադրենք վկայագրեր ու առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաներ: Արդեն 3-րդ անգամ ենք Արցախում և շատ տպավորված ենք, հատկապես, աշակերտների գիտելիքներով: Դասընթացներ ենք ունենալու նաև դպրոցների բուժքույրների հետ»: