Կաթսա, որը ցեղասպանությունից փրկել է 5-ամյա Զարոյին

Փրկության կաթսան. այսպես են Պետրոսյաններն անվանում այն կաթսան, որի շնորհիվ իրենց Զարո տատին Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է թուրքական յաթաղանից, իսկ ամուսնանալուց հետո որպես իր փրկության խորհրդանիշ՝ օժիտ ստացել հորից:

«Տատիկիս հայրը՝ Վանի Բախվանց գյուղից, 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ թելեր է կապել, գցել ուսերին և հինգ տարեկան աղջկան մեջը թաքցնելով, բերել է մինչև Էջմիածին: Այնուհետև կաթսան տատիկս հանձնել է թոռներին՝ խնդրելով այն փոխանցել իրենց սերունդներին: Այժմ կաթսան մեր գերդաստանի համախմբման խորհրդանիշն է դարձել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմել է թոռներից Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենց տատը, չնայած փոքր տարիքին, ամենայն մանրամասնությամբ հիշել է գաղթի ճանապարհի ահասարսուռ տեսարանները:

Տարին մի քանի անգամ Զարո տատիկի թոռներով հավաքվում են այդ կաթսայի շուրջ ու հատուկ արարողակարգով նշում օրը. ուտում են տատիկի բաղադրատոմսով պատրաստված քրջիկը, հիշում են նրա պատմությունները և պարտադիր այցելում նրա շիրմին:

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»