Երկրում մոտ ապագայում կարող են նոր ցնցումներ ու հանրային բողոքներ լինել՝ ավելի բուռն, քան նախկինում

Ինչո՞ւ է կառավարությունը փորձում ստվերը կրճատել աղքատների հաշվին

 

Ընտրությունները դեռ չսկսված, ներկա կառավարությունն արդեն մի քանի անգամ ձախողել է իր քաղաքականությունը սոցիալ-տնտեսական ոլորտում՝ հակասոցիալական, տնտեսապես ոչ արդյունավետ նախագծեր մշակելով և դրանով հարուցելով հատկապես սոցիալապես խոցելի խավի դժգոհությունը:

Նման նախագծերից մեկով առաջարկվում է ID կուտակային քարտերի ներդրման միջոցով հայտարարագրել քաղաքացիների ֆինանսական կարողությունը, և որևէ ձևով չհարկվող գումարները բերել հարկային դաշտ՝ դրանք բացահայտելով սպառման շուկայում: Այսինքն՝ եթե մարդն արդեն իսկ հարկվող աշխատավարձից բացի ունի նաև եկամտի այլ աղբյուրներ, որոնք որևէ ձևով գրանցված ու բացահայտված չեն ու, հետևաբար դրանցից ստացվող գումարները չեն հարկվում, կառավարությունը նախատեսում է իրացման կետերում, ծառայություններից օգտվելու ժամանակ սպառվող գումարների միջոցով ի հայտ բերել այդ, այսպես կոչված, ստվերում թաքնված շահույթը և դրանից ևս մուտքեր ապահովել պետական բյուջե: Ընդ որում, հարկման չափն էլ զգալի է՝ 23 տոկոս: Ըստ օրենքի նախագծի, դա հնարավորություն կտա զգալիորեն կրճատել երկրում առկա ստվերը և այդպիսով թաքցվող գումարները ներդնել տնտեսության մեջ:

Այս մոդելը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել ու ծառայել իր նպատակին առանց երկրում լուրջ սոցիալական ցնցումներ առաջացնելու: ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, տվյալ նախագիծը բավականին ռիսկային է, այն մշակելիս կառավարությունը հաշվի չի առել այդ ռիսկերն ու հնարավոր բացասական հետևանքները:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ համակարգը կառավարության կողմից առաջ քաշված նոր հարկային քաղաքականության գործիքներից մեկն է, բայց քանի որ այդ քաղաքականությունն արդեն արդյունավետ չէ և հակասոցիալական է, հետևաբար դրա շրջանակում ներդրված գործիքները ևս չեն կարող ծառայել նախատեսված նպատակին։

«Ներկա կառավարությունը որդեգրել է համահարթ հարկման  քաղաքականությունը,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։- Դա նշանակում է, որ թե՛ ցածր ու նվազագույն աշխատավարձ ստացողից, աղքատից, թե՛ բարձր աշխատավարձ ստացողից և ունևորից պետությունը պատրաստվում է նույն չափով եկամտային հարկ գանձել, տվյալ դեպքում՝ 23 տոկոս: Դա կհանգեցնի հասարակության ավելի շատ բևեռացման՝ հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան, իսկ միջին խավն էլ կհամալրի աղքատների շարքերը: Այդպիսով երկրում աղքատության տոկոսը կաճի: Առայժմ գործում է հարկման պրոգրեսիվ քաղաքականություն՝ հարուստներից, բարձր աշխատավարձ ստացողներից հարկային գանձումներն ավելի բարձր են, քան ցածր աշխատավարձ ստացողներից: Տվյալ դեպքում ցածր է համարվում 150 հազար դրամից ավելի քիչ աշխատավարձը: Սա արդարացի մոտեցում է, և քիչ աշխատավարձ ստացողների վրա հարկային մեծ բեռ չի ավելանում: Այսինքն՝ յուրաքանչյուրը վճարում է իր կարողության չափ:

Բայց ներկա կառավարությունը, չես հասկանում ինչ տրամաբանությամբ, բոլորի համար համահավասար բեռ է սահմանել՝ նախատեսելով աշխատավարձերը նույն չափով հարկել, իսկ դրա պատճառով բյուջեում առաջացած դեֆիցիտը (բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկի կրճատման պատճառով բյուջե մուտք արվող միջոցները կպակասեն) ուզում է լրացնել աղքատ խավի հաշվին՝ նրանց նաև կողմնակի եկամուտները հարկելու միջոցով՝ այն դեպքում, երբ այդ մարդկանց աշխատավարձերից գանձվող հարկն էլ նույնն է պահպանվելու:

Կառավարությունն, ըստ ներկայացված նոր նախագծի, կսկսի հարկել նաև մինչև այսօր հարկերից ազատված գյուղոլորտը, տվյալ դեպքում՝ գյուղմթերքներ արտադրողների, վաճառողների եկամուտները, ինչպես նաև արտերկրից եկող տրանսֆերտները, կրկնուսույցների եկամուտները և այլն: Այսինքն՝ այն մարդկանց, որոնք ապրուստի համար այլընտրանքային միջոցներ են փորձում գտնել և դրանով գոնե ծայրը ծայրին հասցնել: Հարկման ենթակա կլինեն 18-65 տարեկան քաղաքացիները»:

Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում կա ավելի քան 40 տոկոս ստվեր, որը չի կրճատվել առ այսօր: Փորձագետի հավաստմամբ՝ կառավարությունն այդ ստվերը փորձում է կրճատել ոչ թե տնտեսության մեջ առկա իրական, մեծ ծավալի ստվերի դեմ պայքարելու, այլ հերթական անգամ միջին, փոքր ու գերփոքր տնտեսվարողներին, միջին ու ցածր եկամուտ ունեցողներին հարկելով։

«Իրական, զգալի ստվերը խոշոր տնտեսվարողների մոտ է, կառավարությունը պետք է նախագծեր մշակի այդ ստվերի դեմ պայքարելու համար,- ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։- Բայց այն ծրագիրը, որը ներկայացվել է, նման բան չի նախատեսում: Ընդհանրապես, այդ ոլորտում ստվերի բացահայտում մենք այդպես էլ չտեսանք, ինչը ներկայիս վարչապետի պաշտոնակատարը խոստանում էր հեղափոխությունից առաջ և հետո: Եվ հիմա էլ ներկայացված մեխանիզմով խոշորին հնարավոր չի լինելու հարկել: Որովհետև խոշորը, այսպես թե այնպես, ծախսելու է իր ստացած եկամուտների կեսը, մեկ երրորդը կամ ավելի քիչ, և նրա իրական եկամուտների ծավալները սպառման, իրացման ցանցում չեն երևալու: Մինչդեռ, աղքատն, ուզած-չուզած, ծախսելու է ձեռքն ընկած ամբողջ գումարը, որը հազիվ է նրան բավարարելու ապրուստի համար: Հետևաբար նրա ողջ գումարը հարկվելու է ավելի քան մեկ քառորդի չափով»:

Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ արտագնա աշխատանքի մեկնածների կողմից Հայաստան ուղարկված գումարներն իսկապե՞ս կարող են հարկման չենթարկվել, ինչպես հայտարարել է ՊԵԿ-ի նախագահը, թե դա ընդամենը հասարակական բողոքը լռեցնելու միջոց է՝ մինչև ընտրություններն ավարտվեն։ Բանն այն է, որ մինչև այդ ՊԵԿ-ի նախագահն ինքն էր խոսել տրանսֆերտների հնարավոր հարկման մասին՝ քաղաքացիների եկամուտները սպառման ցանցում հարկելու նախագիծը ներկայացնելով: Սակայն այն բանից հետո, երբ որոշակի հասարակական դժգոհություն առաջացավ, նա հրաժարվեց իր խոսքերից:

Սուրեն Պարսյանը համոզված է, որ կառավարությունում այդ տարբերակը քննարկվում է, սակայն առայժմ իրավասու կառույցները կփորձեն խուսանավել այդ մասին ավելի հստակ խոսելուց՝ վախենալով, որ դա կազդի ընտրությունների արդյունքների վրա: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո այն նորից օրակարգային կդառնա:

«Ինչպե՞ս կարող է տրանսֆերտը չհարկվել, եթե արտերկրից եկած գումարները մարդիկ ծախսելու են հայաստանյան ներքին շուկայում,- ասաց տնտեսագետը։- ID կուտակային քարտերի ներդրման ու քաղաքացիների հասույթների հայտարարագրման ինստիտուտը դա ինքնըստինքյան նախատեսում է: Իսկ տրանսֆերտները հարկելով, զգալի մուտքեր կլինեն պետբյուջե: 2017թ. Հայաստան է փոխանցվել մոտ 1, 8 մլրդ դոլարի տրանսֆերտ, որի 23 տոկոսը բավականին մեծ գումար է: Դժվար թե կառավարությունը զերծ մնա այդ գայթակղությունից»:

Բայց եթե այդ համակարգն, այնուամենայնիվ, ներդրվի, մարդիկ փոխանցումներից չեն օգտվի և կվերադառնան հին մեթոդներին՝ ծանոթների, բարեկամների միջոցով գումարները կուղարկեն հարազատներին կամ իրենց հետ կբերեն (դա, ըստ Սուրեն Պարսյանի, մեծ հարված կլինի բանկերին), կամ էլ այս կամ այն ապրանքի անհրաժեշտության դեպքում հենց այդ ապրանքը կգնեն ու կուղարկեն, այլ ոչ թե դրա գումարը: Այդ դեպքում մեր ներքին շուկայում զգալի կնվազեն սպառման ծավալները, ինչը իր բացասական ազդեցությունը կունենա տնտեսության վրա:

«Հարկումներից խուսափելու տարբերակներից մեկն էլ այն է, որ գնումների ժամանակ քաղաքացիները, հնարավոր է, այնպիսի խանութներից ու վաճառակետերից կօգտվեն, որտեղ չեն ֆիքսվի իրենց եկամուտները, և որտեղ իրենցից պահումներ չեն անի,- ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։- Այս դեպքում ստվերը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ չի երևա ոչ միայն սպառողի, այլև տնտեսվարողի իրական շահույթը: Եթե մինչև այսօր դրանում շահագրգռված էր միայն տնտեսվարողը, ապա նախագիծը ներդնելու դեպքում սպառողն ինքն էլ գործարքի մեջ կմտնի տնտեսվարողի հետ»:

Առավել վատթարագույն սցենարը, փորձագետի համոզմամբ, արտագաղթի աճն է: Չի բացառվում, որ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցին նախընտրի ընտանիքի անդամներին ևս տանել իր մոտ, քան թե անտեղի, չհիմնավորված ձևով զրկվի իր վաստակի զգալի մասից:

Ի դեպ, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը մինչև տրանսֆերտները հարկելու իրենց մտադրությունը հերքելը, տեղեկացրել էր, թե արտագնա աշխատողները կարող են չանհանգստանալ, քանի որ Ռուսաստանում իրենց աշխատավարձերը հարկելու դեպքում դրանք Հայաստանում այլևս չեն հարկվելու: Մինչդեռ, Սուրեն Պարսյանը նշում է, որ մեր հայրենակիցներից շատերը Ռուսաստանում աշխատոմ են առանց գրանցման ու փաստաթղթավորման, այսպես կոչված, սև շուկայում, հետևաբար տրանսֆերտների մեծ մասը, որոնք հասնում են Հայաստան, 23 տոկոսով հարկվելու են, եթե, իհարկե, անհեթեթ նախագիծը կյանքի կոչվի:

Սուրեն Պարսյանին խնդրեցինք նաև մեկնաբանել ներկա կառավարության որոշ անդամների այն պնդումները, թե իբրև տրանսֆերտները հարկելու նախագիծն իրականում առաջարկվել է նախկին իշխանությունների ժամանակ: Նրա պարզաբանմամբ՝ խոսքը բոլորովին այլ նախագծի մասին է։

«Այն ժամանակ առաջարկվել է շահութահարկի արտոնություն տրամադրել այն կազմակերպություններին, որոնք ՌԴ-ում շինարարական աշխատանքներ են իրականացնում,- ասաց տնտեսագետը։- Ըստ այդմ, կազմակերպություններն իրենց մոտ աշխատող հայ բանվորներին կարող էին հարկել 13 տոկոս եկամտային հարկով, իսկ մնացած 13 տոկոսը վճարել Հայաստանին: Այդ դեպքում սովորական քաղաքացու աշխատավարձն անձեռնմխելի էր մնալու: Բայց նախագիծն այդպես էլ չկիրառվեց»:

ID կուտակային համակարգի ներդրումն ու սովորական քաղաքացիների ֆինանսական շահույթի հայտարարագրումը մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդն աղքատ է, նվազագույն աշխատավարձը զգալի ցածր է, աշխատողների մեծ մասը ցածր ու միջինից ցածր աշխատավարձ է ստանում, գյուղատնտեսությունն ազատված է հարկերից, հանգեցնելու է  հանրության ավելի բևեռացման և սոցիալական խնդիրների սրման: Տնտեսագետը կանխատեսում է՝ եթե կառավարությունը չհրաժարվի տնտեսության զարգացման իր այս տեսլականից, չվերանայի սոցիալական քաղաքականությունը, ապա երկրում մոտ ապագայում նոր ցնցումներ ու հանրային բողոքներ կլինեն՝ ավելի բուռն, քան նախկինում էր:

 

Թագուհի Ասլանյան