Կուրիլյան կղզիները՝ կենսական տարա՞ծք

Կուրիլյան կղզիները շղթայաձև ձգվում են ռուսական Կամչատկայի և ճապոնական Հոկայդո կղզու միջև, որոնցից առնվազն չորսի պատկանելիությունը (արշիպելագի հարավային կղզիներ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմային) վիճարկվում է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5 հազար քմ, իսկ բնակչությունը շուրջ 17 հազար մարդ։

Վերջին շրջանում կրկին արդիականացել է Կուրիլյան կղզիների պատկանելության շուրջ ռուս-ճապոնական քաղաքական հակամարտությունը, որում ռուսական կողմը հիմնվում է միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերի և որոշումների վրա, իսկ ճապոնականը հղումներ է անում պատմական անցյալի վրա։

Ամեն մի տարածքային հակամարտություն յուրատիպ է իր պատմաժամանակագրական, էթնիկ, ժողովրդագրական, քաղաքական, մշակութային և այլ առանձնահատկություններով։ Մի կողմ թողնենք այդ առանձնահատկությունները, և Կուրիլների տարածքային հիմնախնդիրը դիտարկենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, որպես «կենսական տարածք»։ Այս հասկացության թերևս լավագույն բնորոշումը տվել է դեռ Կ․ Հաուսհոֆերը․ «Կենսական տարածքը տարածության այն նվազագույն ծավալն է, որը հնարավորություն է տալիս ժողովրդին իրականացնելու իր պատմական և քաղաքական ձգտումները»։

Կուրիլյան արշիպելագի նշված 4 կղզիները կազմում են Ռուսաստանի տարածքի մոտ 0,03 %-ը, որում բնակչության խտության ցուցանիշը 1 քառակուսի կիլոմետրում կազմում է 3,5 մարդ (ամբողջ Ռուսաստանում նշված ցուցանիշի միջին մեծությունը 8,56 է): Ընդ որում, կղզիների հիմնական բնակեցումն իրականացվել է խորհրդային տարիներին՝ բարձր դոտացիաների տրամադրման ու զինվորականության հաշվին (կղզիների բնիկները՝ այները, վաղուց լքել են իրենց հայրենի բնակավայրը)։

Կղզիների շուրջ ներկայումս ընթացող բանավեճերում ռուսաստանցի փորձագետների ու քաղաքական գործիչների մեկնաբանություններն ու հիմնավորումները սփռվում են զուտ տնտեսական նպատակահարմարությունից մինչև կղզիներին կենսական տարածքին բնորոշ հատկանիշներ վերագրելու փորձերը։ Դրանք հիմնականում ներկայացվում են հետևյալ ձևակերպումներով․ «Կղզիներին հարակից ծովային տարածքը գտնվում է ձկնատեսակներով ամենահարուստ 10 ջրային ավազանների ցանկում», «Դա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել ու տարածվել Ռուսաստանի ամբողջ արևելյան հատվածի վրա (ոչ միայն արևելյան)», «Այդ կղզիները Ռուսաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ դրանց զիջման պարագայում այնտեղ կարող են հայտնվել մեր գլխավոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի հրթիռային կայանները։ Այս հարցում ճապոնական կողմի որևէ հավաստիացում կամ երաշխիք արժեք չունի, քանի որ Ճապոնիան մինչ օրս կախյալ երկիր է», և, վերջապես, «պատերազմի արդյունքում մենք դա զավթել ենք, այդ տարածքն արդեն մերն է, և ինչո՞ւ պետք է հանձնենք ուրիշին»։

Հիշում եմ, տարիներ առաջ ռուսաստանցի հայտնի քաղաքագետների հետ զրույցի ընթացքում նրանց կողմից այն տեսակետն արտահայտվեց, որ եթե հանկարծ Ռուսաստանի իշխանությունն ինչ-ինչ դրդապատճառներով նշված կղզիները (կամ դրանց մի մասը) հանձնի Ճապոնիային, ապա ռուսաստանյան հասարակության կողմից դա կարող է նույնիսկ չնկատվել ու որևէ արձագանքի չարժանանալ․ այդ կղզիները հասարակության համար չունեն կենսական նշանակություն։ Նույնիսկ ասվում էր, որ այդ կղզիները պայմանականորեն են գտնվում Ռուսաստանի իրավասության տակ, և որևէ հարմար պահի դրանք կարող են քաղաքական կամ նույնիսկ տնտեսական առևտրի առարկա դառնալ։

Այժմ կարծես թե հենց այդ պահն է։ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի պետության ու բնակչության համար չեն հանդիսանում կենսական տարածք, ուստի և պատժամիջոցների ու միջազգային ճնշման տակ գտնվող Ռուսաստանը Ճապոնիայի հետ հարաբերությունների բարելավման ու «խաղաղ պայմանագրի» ստորագրման համատեքստում շրջանառության մեջ է դրել Կուրիլյան կղզիների ճակատագրի հարցը։

Սակայն, մեջբերենք աշխարհաքաղաքականության ևս մեկ դասականի՝ Ֆ․ Ռատցելի խոսքերը «կենսական տարածքի» առնչությամբ․ «Մշտապես աճող պետությունը ձեռք է բերում համաշխարհային տիրապետություն, այն դեպքում, երբ իր տարածքային մակերեսը չփոփոխող պետությունը դատապարտված է կործանման․․․ Պետության տարածքի չափսերն ու նրա գոյության շարունակականությունը փոխկապակցված են»։

Ի՞նչ վերաբերմունք կցուցաբերի Ռուսաստանը Կուրիլյան կղզիների նկատմամբ՝ կենսական տարածքի, թե՞ քաղաքական-տնտեսական առևտրի, ցույց կտա ժամանակը։ Իսկ մենք այս համատեքստում փորձենք գնահատել Արցախն ու ազատագրված տարածքները։

 

Լևոն Անդրիասյան