Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով. Սբ Գրիգոր Հայի եկեղեցին Նեապոլում

Ինչպես հայտնի է, Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնվում են աշխարհի տարբեր պետություններում: Աջաձև մասունքարանում ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով օրհնում են նորընտիր կաթողիկոսին, պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը, իսկ գանգը պահվում է Նեապոլում: Սուրբ Գրիգորի մասունքի մի մասը 2000 թ. նոյեմբերին փոխանցվել էն Գարեգին Բ կաթողիկոսին Իտալիա կատարած այցելության ժամանակ: Նույն թվականի նոյեմբերի 11-ին մասունքները բերվել են Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե տաճար:

Նեապոլի մասունքները հետագա սերունդներին են հասել Բասիլեան միաբանության միանձնուհիների շնորհիվ, որոնք փախել էին Կոստանդնուպոլսից Ը դարում, անմիջապես հակասրբապատկերային կանոնների ընդունումից հետո, երբ Բյուզանդական կայսրությունից հեռացան բազմաթիվ կրոնա-ասպետական միաբանություններ:

Ցերերա աստվածուհուն նվիրված հին հռոմեական տաճարի փլատակների վրա հիմնադրված քրիստոնեական եկեղեցին՝ նվիրված Հայաստանի եպիսկոպոս Գրիգորին, դարձավ կուսանաց վանքի պաշտամունքային կենտրոնը: Հետաքրքրական է, որ կողքը գտնվող Բենեդիկտյան միաբանության արանց վանքից բաժանող փողոցը մինչ օրս պահպանել է իր այն ժամանակվա անվանումը (իտ.՝ via San Gregorio degli Armeni):

ԺԱ դարի սկզբին տեղի է ունեցել երկու կրոնական հաստատությունների միաձուլում: Բենեդիկտյանների գերակայության ներքո վանքերի միաձուլման ժամանակ հաշվի է առնվել և պահպանվել գլխավոր սրբության անվանումը (իտ.՝ Monastero benedettino di San Gregorio Armeno)։ Ճարտարապետական իմաստով միասնական համալիր դառնալուց հետո, փողոցի վրայով երկրորդ հարկի մակարդակի վրա վանական շինությունների միջև կառուցվել է սրահաձև կամուրջ: ԺԷ դարում սրահաձև կամրջի վրա կառուցվել է զանգակատուն: Այդ իսկ ժամանակներից սրահաձև կամուրջն՝ իր զանգակատնով, դարձել է Նեապոլի ամենահայտնի այցեքարտը, ինչը, բնականաբար, գտել է իր արտացոլումը կերպարվեստում:

Վանքի հասցեն է` Via San Gregorio Armeno, 1 – 80138 Napoli (NA):

Ստորև ներկայացնում ենք մի քանի նկարիչների կտավներ հիշյալ եկեղեցու պատկերով

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)