ԱՄՆ-ի ու նրա գլխավորած կոալիցիայի հերթական պատերազմական ոճրագործությունը Սիրիայում․ ավիահարվածներ ֆոսֆորային ռումբերով

ԱՄՆ-ի գլխավորած, իբր թե Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող ռազմական կոալիցիան միջազգային նորմերով արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբերով ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելյան Հաջին քաղաքին։ Ընդգծենք, որ սա հիշյալ կոալիցիայի կողմից ֆոսֆորային ռումբերով առաջին հարձակումը չէ Հաջին քաղաքի վրա։

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության (ՍԱՆԱ) տեղեկացմամբ, երկրի հարավ-արևելյան Դեյր Էլ-Զորի արվարձանի մոտ գտնվող Հաջին քաղաքին հասցված ավիահարվածների արդյունքում զոհվել ու վիրավորվել են Սիրիայի բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ:

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին նամակներ էր ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության Անվտանգության խորհրդի հերթական նախագահին: Թեև նամակներից առնվազն մեկում նշված է, որ «ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայի ժողովրդի դեմ միջազգային նորմերով արգելված սպիտակ ֆոսֆորով ռումբերի օգտագործումը միջազգային օրենքի բացահայտ խախտում և պատերազմական ոճրագործություն է», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահը, փաստորեն, կամ հանցավոր անգործություն են դրսևորել, կամ էլ ի ցույց են դրել իրենց անգործությունը՝ ԱՄՆ-ին ու նրա գլխավորած կոալիցիային սանձելու հարցում։