ԱՄՆ-ը և Իրանը մրցում են Իրաքում ազդեցության համար

Գրեթե 6 ամիս է անցել Իրաքում խորհրդարանական ընտրություններից, որոնց արդյունքներով ենթադրվում էր նորացնել պետական իշխանության բարձրագույն մարմինների կազմը, սակայն այդ երկիրը շարունակում է ցնցումներ ապրել։ Մինչ հոկտեմբերի վերջը փոխվեցին երկրի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, բայց նախարարների խորհրդի կազմավորման ժամանակ լուրջ խնդիրներ առաջացան։

Իրաքում բարձրագույն պաշտոնյաներ նշանակելու առանձնահատկությունն այն է, որ այդ գործընթացում ամենաակտիվ մասնակցություն են ունենում ոչ միայն իրաքյան քաղաքական խմբավորումները, այլև արտաքին ուժեր, առաջին հերթին՝ երկրում ազդեցության համար պայքարում մշտապես «ճոպանն իրենց ձգող» ԱՄՆ-ը և Իրանը։

Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ին «Քաղաքացիական հասարակությունը՝ բարեփոխումների կողմնակից» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զիյադ ալ-Ջանաբին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկին ուղղակիորեն մեղադրել է Իրաքի քաղաքական կյանքին, ներառյալ՝ կառավարության կազմավորման բանակցություններին խառնվելու մեջ։ Վաշինգտոնն, ի սկզբանե, խաղադրույքն արել էր նախկին վարչապետ Հեյդար ալ-Աբադիին կառավարության ղեկի մոտ թողնելու վրա, սակայն խորհրդարանի ընտրություններում առաջին տեղերը զբաղեցրել են այաթոլլաներ Մուքթադին և Հադի ալ Ամերին, ովքեր չեն թաքցնում իրենց ատելությունն ամերիկացիների հանդեպ։ Բացի դրանից, իրաքյան շիաների ազդեցիկ առաջնորդ Մեծն այաթոլլա Ալի աս-Սիսթանին ճակատային կերպով հայտարարել էր, որ այդ պաշտոնում չի տեսնում և ոչ մեկին, ով նախկինում զբաղեցրել է այդ աթոռը։ Այնուհետև եղել են գործողություններ, որոնց նպատակն ալ-Աբադիին նոր ժամկետով կառավարման հնարավորություն չտալն էր։ Նրա մեղքը համարեցին նաև երկու տասնամյակ կուտակվող խնդիրները, դրանց պատասխանատվությունն ևս բարդեցին նրա վրա։

Հզոր լծակներից մեկը հանդիսացան Բասրայի նահանգում կազմակերպված զանգվածային հակակառավարական ելույթները։ Անկարգություններն այնտեղ սկսվեցին հուլիսին և շարունակվում են մինչ օրս։ Ինտենսիվության աստիճանով, հարձակումների օբյեկտներով ու առաջադրվող պահանջներով կարելի է հասկանալ, թե ինչ նպատակներ ու խնդիրներ են դրվել «խաղաղ ցուցարարների» առջև ամեն փուլում։ Առանձնակի պետք է ընդգծել կազմակերպիչների իրական նպատակները քողարկող, ուշադրություն շեղող գործողությունների ակտիվ կիրառումը։ Այսպես, հարձակումների են ենթարկվել շիայական ռազմա-քաղաքական խմբավորումների ներկայացուցչությունները, ներառյալ՝ «ժողովրդական աշխարհազորայինները»։ Ամբոխը հարձակվել և այրել է Բասրայում Իրանի գլխավոր հյուպատոսարանի շենքը, իսկ ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի տարածքը, որը գտնվում է միջազգային օդանավակայանի շրջանի նախկին ռազմաբազայում, հրետակոծվել է հրթիռային արկերով։ Սակայն, իրանցիները հարձակումից ընդամենը 3 օր անց հանդիսավոր կերպով վերսկսել են իրենց դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը նոր շենքում։

Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա երրորդ հրթիռակոծումից հետո նրանք փակել են Բասրայում իրենց հյուպատոսարանը և տարհանել ամբողջ անձնակազմը՝ պետքարտուղարության մի քանի հարյուր դիվանագետների ու տեխնիկական աշխատակիցների։ Հետաքրքիր մի նրբություն․ հյուպատոսարանում չեն զբաղվել հյուպատոսական աշխատանքներով, և այնտեղ մուտք չեն ունեցել Իրաքի քաղաքացիները։ Պատճառն ակնհայտ է․ ռադիոէլեկտրոնային հետախուզության տեխնիկական միջոցները սպասարկող մեծ անձնակազմի կարիք ունեն՝ առավել ևս, որ մինչև Իրանի հետ սահմանն ընդամենը 20 կմ է։ Հյուպատոսարանի փակումն ԱՄՆ-ի համար կորուստ էր, բայց ո՛չ ճգնաժամային․ նույնիսկ կրճատումներից հետո Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը մնում է ամենախոշորն աշխարհում։ Ամերիկացիներն այժմ կենտրոնացել են Իրաքի կառավարության նոր կազմի ձևավորման վրա։

Նոր վարչապետ Ադել Աբդել Մահդին առաջադրվել է իրանամետ ուժերի կողմից, բայց, ըստ էության, արևմտամետ գործիչ է։ Հոկտեմբերի 24-ին նա երդում է տվել և խորհրդարան ներկայացրել նոր նախարարների 14 թեկնածուների ցուցակը։ Նրանցից 8-ն Արևմուտքի, այսպես ասած, օրհնյալներ են․ երկար ժամանակ ապրել են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, այնտեղ են կրթություն ստացել, իսկ Իրաքի զավթման սկզբնական շրջանում պաշտոններ են զբաղեցրել խամաճիկային «անցումային կառավարությունում»։ Հաշվի առնելով այն, որ Փոլ Բրեմերն այն ժամանակ ԿՀՎ-ի և այլ հատուկ ծառայությունների հետ ԱՄՆ-ին նվիրվածության առումով մանրակրկիտ համաձայնեցնում էր ամեն «նախարարի» թեկնածությունը, կարելի է փաստել, որ «կադրային ռեզերվի» պատրաստման ջանքերն ապարդյուն չեն անցել։ Ըստ ամենայնի, էթնիկ-կրոնական հատկանիշներով ու քվոտաներով իշխանության մարմինների ձևավորումն այդ երկրում մեծ խափանումներով է ընթանում։

Համաձայն նախնական պայմանավորվածությունների, 23 նախարարություններից 13-ը պետք է ղեկավարեին շիաները, 5-ը՝ սուննիները, 3-ը՝ քրդերը, իսկ 2-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Քրդերն արդեն 3 պորտֆել ստացել են, ընդ որում, սակարկել-ստացել են փոխվարչապետ-ֆիննախարար համատեղված պաշտոնը․ այն զբաղեցրել է երկրի նախագահի նախկին թեկնածու Ֆուադ Հուսեյնը։ Սակայն, Էրբիլում դժգոհ են և ցանկանում են առնվազն 4 նախարար ունենալ։

Մնացած պորտֆելներին հավակնող թեկնածուների հաստատումը նախատեսված էր նոյեմբերի 6-ին, բայց մինչ օրս այն չի կայացել․ թեկնածությունները համաձայնեցնել չի հաջողվում։ Թափուր պաշտոնների թվում են երկու առանցքայինները՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարների աթոռները։ Վարչապետ Մահդին ստիպված էր ժամանակավորապես իր վրա վերցնել այդ պարտականությունների կատարումը։ Իրաքյան մամուլի հաղորդմամբ, Իրանը ճնշում է գործադրում Իրաքի նոր վարչապետի վրա, որպեսզի նա մեկ կամ երկու նախարարական պաշտոն հատկացնի Բասրայի ներկայացուցիչներին՝ «բնակչությանը հանգստացնելու համար»։

Մինչև նոյեմբերի 1-ն այդ նահանգի ցեղապետերը հայտարարել էին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին (եթե չստանան գոնե մեկ նախարարական պորտֆել), ինչը սրել է իրավիճակը։ Մյուս կողմից՝ դա կարելի է ընկալել որպես իրանամետ ուժերի ակնարկ՝ կառավարության արևմտամետներին, որպեսզի նրանք «չկտրվեն մեղսավոր երկրից»։ Մեկ շաբաթ անց Բասրայում ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցներն ինքնավարության կարգավիճակ են պահանջել, իսկ հետո ինչ-որ ժամանակով փակել նահանգի գլխավոր նավթահանքեր (Ռումեյլա և Կուռնա) տանող խճուղին։ Հարավում ինքնավար շրջան ստեղծելու գաղափարն անսպասելիորեն պաշտպանել է «Օրենքի պետություն» դաշինքը, որը ղեկավարում են Նուրի ալ-Մալիքին և Հեյդար ալ-Աբադին, թեև անմիջականորեն հենց իրենք են կրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը։ Դաշինքի ներկայացուցիչ Խալաֆ Աբդել Սամադը հայտարարել է, որ «դաշինքը պաշտպանում է Բասրայի օրինական պահանջները, որոնք չեն հակասում երկրի Սահմանադրությանը»։ Տեղին է հիշել Մաքիավելիին․ «Եթե չես կարող հաղթել ամբոխին, առաջնորդիր այն»։ Բողոքների օրինականության մասին ակնարկել են նաև այաթոլլաներ աս-Սիսթանին և աս-Սադրը․․․

Դրանից ամենից շատ նյարդայնացել է ԱՄՆ-ը։ Նոյեմբերի 5-ին Սպիտակ տունն Իրաքից պահանջել է դադարեցնել իրանական բնական գազի գնումները և իրաքյան նավթի արտահանումն Իրան, բայց 45 օրով հետաձգել է այդ պահանջների կատարումը՝ «Իրաքի հարավում, Բասրայում ստեղծված իրավիճակի պատճառով»։ ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության համաձայն, այդ ընթացքում իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն էներգետիկ անկախության ապահովման համար, առաջին հերթին՝ երկրի հարավային նահանգներում։

Իրաքցիների կարիքները հոգալու՝ Պետքարտուղարության մտահոգությունն առավել ծաղրալի է թվում, հաշվի առնելով նշված ժամկետը․ բոլորի համար ակնհայտ է, որ մեկուկես ամսվա ընթացքում բացարձակապես անիրատեսական է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են երկու տասնամյակների ընթացքում և ծագել են երկիրը զավթելու հետևանքով։ Վաշինգտոնի նյարդային արձագանքը բացատրելի է։ Նախօրեին իրաքյան կառավարությունը որոշում էր ընդունել 2019 թ․ 197 մլրդ դինար հատկացնել իրանամետ «Ալ-Խաշլ աշ-Շահաբի» աշխարհազորի ֆինանսավորման համար, որի հիմնական հենարանը երկրի հարավն է, առաջին հերթին՝ Բասրան։ Բնակչության մեծամասնությունն այնտեղ կազմում են շիաները, ներառյալ՝ արմատականորեն տրամադրված, և Իրանի ազդեցությունը շատ նկատելի է։ Իրաքի՝ ռազմավարական առումով կարևոր այդ մասը գրեթե ամբողջությամբ կախված է Իրանից նեկրվող կարևորագույն ապրանքների մատակարարումից՝ սկսած էլեկտրաէներգիայից ու նավթամթերքից մինչև առաջին անհրաժեշտության ապրանքներ, ներառյալ՝ սննդամթերքի շատ տեսակներ։

Բասրայի նահանգում իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Բասրայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրեն Մահդի աթ-Թամիմիի տվյալներով, խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 118 հազարի, նրանցից ավելի քան 90 հազարը մահացել են։ Բնակչությունը առաջվա պես տառապում է անհրաժեշտ պետական ծառայությունների աշխատատեղերի բացակայությունից և կաշառակերությունից, ահագնանում է աղբային ճգնաժամը։

Իր վերջին հրամաններից մեկով վարչապետ Հեյդար ալ-Աբադին փոխել է Բասրայի ուժային կառույցների ղեկավարությունը։ Դա տեղի է ունեցել նահանգի խորհրդի պատգամավորների պահանջով, ովքեր մեղադրել են «Բասրա» օպերատիվ հրամանատարության պետին՝ ցուցարարներին ցրելիս նրանց վրա կրակելու հրաման տալու և անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Նախկին հրամանատարին փոխարինել է գեներալ-լեյտենանտ Քասեմ ալ-Մալիքին։ Արտասահմանյան նավթային օպերատոր-ընկերությունները նույնպես սկսել են իրենց ավելի հանգիստ զգալ, քանի որ իրենց անվտանգությունը նավթահանքերի շրջանում այժմ ապահովում են զրահատեխնիկայով ուժեղացված բանակային ստորաբաժանումները։

Սակայն, հասարակ քաղաքացիները ոչինչ չեն ստացել, հետևաբար նոր անկայունությունն անխուսափելի է, և կարելի է ենթադրել, թե ետնաբեմից ով կղեկավարի շիաների ապստամբությունը։

 

Սերգեյ Շաքարյանց