Հայազգի արվեստագետներն արտերկրում. Կաէտան Ստեֆանովիչ

Ստեֆանովիչ Կաէտան (լեհ.՝ Stefanowicz Kajetan) (12.07.1886, Դրոգոբիչ – 20.09.1920, գ. Օստրոժկի)– լեհահայ նկարիչ: Անտոնի և Մարի Ստեֆանովիչների ընտանիքի ավագ որդին էր, Էմիլիի եղբայրը: Նախնական կրթությունը ստացել է Լվովի հիմնական դպրոցներից մեկում: Ընդհանուրը՝ Լվովի Ֆրանցիսկ Ջոզեֆի անվան երրորդ գիմնազիայում եւ Կոլոմիյի միջնակարգ գիմնազիայում (1897-1902): Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Կաէտանը ընդունվել է Լվովի պոլիտեխնիկի Ճարտարապետական բաժին:

Նկարչության հիմունքներին ծանոթացել է վաղ մանկությունից, իր հոր առաջնորդությամբ: Հետագա կրթությունը ստացել է Կրակովի (1906), ապա Մյունխենի (1908) գեղարվեստի ակադեմիաներում, ինչպես նաև մասնավոր դասեր է վերցրել Ֆերդինանդ Հեմբերտի մոտ Փարիզում (1911):

Իր ստեղծագործական ուղին Կաէտանը սկսել է որպես ձևավորող, նախապատվություն տալով հեքիաթային եւ արևելյան թեմաներին: Նա չի խուսափել պաստառների մշակումից, ինչպես նաև գրքերի, կանացի հագուստի ու կահույքի ձևավորումից: Նկարչի սկզբնական աշխատանքները հիմնականում դիմանկարներն են եղել: Հետագայում նրա ստեղծագործություններում սկսել է գերակայել իր մուսան դարձած կնոջ՝ Սաբինայի պատկերումը, որը պարգևել էր նրան երկու երեխա՝ Իրենային Էնթոնին:

Կաէտան Ստեֆանովիչի նկարները ցուցադրվել են համարյա թե բոլոր նշանավոր ցուցահանդեսներում, որոնք անցկացվել են Լվովում, Կրակովում, Վարշավայում ու Պոզնանում: Առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1913 թ. Լվովում, նույն թվականին կրկնվել Կրակովում ու Պոզնանում: Նա եղել է «Ծաղկեպսակ» (լեհ.՝ Wianki) գեղարվեստա-գրական պատկերազարդ ամսագրի համահիմնադիրը և գլխավոր թղթակիցը: Մասնակցել է նաև «Պատկերազարդ շաբաթաթերթ – ժողովրդի բարեկամ» (լեհ.՝ Tygodnik Ilustrowany — Przyjaciel Ludu) համալեհական գեղարվեստա-գրական, հասարակական-քաղաքական պատկերազարդ շաբաթաթերթի հրատարակմանը: Առանձին տեղ են զբաղեցնում Կաէտան Ստեֆանովիչի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ստեղծագործությունները:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կաէտան Ստեֆանովիչը ծառայել է որպես րոտմիստր (հեծելազորի կապիտան) Լեհական Լեգիոնների առաջին բրիգադի առաջին հեծելազորային գնդում: Մասնակցել է Լեհ-Ուկրաինական պատերազմի Խիրովի գրավմանը (1919), ինչպես նաև Լվովի (1.11.1918-22.05.1919) և Կազյատինի (25-27.04.1920) ճակատամարտերին: Սպանվել է Օստրոժեկ գյուղում, այժմյան Ուկրաինաի Ժիտոմիրի մարզի Ռոգաչեվ բնակավայրի մոտ: Թաղվել է «Լվովի Պաշտպանների» գերեզմանատանը:

Արժանացել է հետևյալ պարգևներին՝ Կայսրական Ավստրիական Ֆրանց Իոսիֆի շքանշանի (գերմ.՝ «Kaiserlich-Österreichische Franz-Josephs-Orden»)՝ կոմանդորի խաչով (1914 թ.), ինչպես նաև Լեհական «Լվովի պաշտպանության» (լեհ.՝ «Krzyż Obrony Lwowa») խաչով և «Հավատարիմ ծառայության» մեդալով (լեհ.՝ «Odznaką za Wierną Służbę»): Լեհաստանի կառավարությունը բարձր գնահատելով իր հերոսներին, մոռացության չմատնելով, հետմահու ևս մի քանի անգամ պարգևատրել է Կաէտան Ստեֆանովիչին. 1921 թ.՝ «Virtuti Militari» շքանշանի 5-րդ աստիճանի խաչով և «Խիզախություն» խաչով (լեհ.՝ «Krzyż Walecznych»), իսկ 1933 թ.՝ «Անկախության» խաչով (լեհ.՝ «Krzyż Niepodległości»): 2012 թ. Կրակովի փողոցներից մեկը վերանվանվել է Կաէտան Ստեֆանովիչի անունով:

Լեհահայ Կաէտան Ստեֆանովիչի կտավները այժմ ցուցադրվում են Լվովի, Կրակովի, Վրոցլավի և այլ քաղաքների տարբեր պատկերասրահներում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)