Հայաստանին պետք է տարբերակված եկամտահարկ, և ոչ թե՝ համընդհանուր

Որքան մոտենում է դեկտեմբերի 9-ը, այնքան ավելի անտրամաբանական հայտարարություններ և առաջարկներ են անում այսօրվա գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Վերցնենք, օրինակ, Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հայտարարությունն առ այն, որ մտադիր են 18-65 տարիքի բոլոր քաղաքացիների ֆինանսական մուտքերի համար սահմանել հանընդհանուր 23% եկամտահարկ։

Եկամտահարկ կա բոլոր երկրներում։ Այդ կապակցությամբ հարցեր չկան։ Բայց ծագում են այլ հարցեր, և ամենաառաջինը դրանց թվում հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիներին պետք է հարկել հենց 23%-ով։ Ի՞նչ թիվ է սա, եթե հայտնի է, որ, այսպես կոչված, ժողովրդական իշխանությունը պետք է շահագրգռված լինի շարքային քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելով, և ոչ թե՝ հակառակը։ Օրինակ, անհամեմատ ավելի հարուստ (նաև՝ շարքային քաղաքացիների մակարդակով) Ռուսաստանում նույնպես եկամտահարկ կա։ Բայց այն կազմում է (ընդ որում, վաղուցվանից) ՌԴ քաղաքացիների ստացած եկամուտների ընդամենը 13%-ը։ Ես հիանալի հիշում եմ, որ ժամանակին Հայաստանի գրեթե ամբողջ հարկային օրենսդրությունը իշխանական ՀՀՇ-ն (որին ժողովրդի մեծ մասն ուղղակի ատում էր) պատճենում էր․․․ Ֆրանսիայի հարկային օրենսդրությունից, կարծես մեզ մոտ կյանքի մակարդակն էր ֆրանսիական, բնակչության ստացած եկամուտներն էին ֆրանսիական․․․

Ենթադրենք, թե մեր կիսաչքավոր շարքային քաղաքացիներին կհաջողվի կառավարությանը «համոզել», որ 23% եկամտահարկը չափազանց շատ է այն մարդկանց համար, որոնց ընտանիքների մեկ շնչին ընկնող ամսեկան եկամուտը չի գերազանցում 50-60 դոլարը։ Բայց չէ՞ որ վերևներում որոշել են բյուջեն լցնել՝ հարկելով նաև մեր «խոպանչիներին»։ Ահա թե ում է որոշել «տրանսֆերտների եկամտահարկով» հարկել ներկայիս գործադիր իշխանությունը։ Եվ դա՝ այն դեպքում, որ համաշխարհային մակրոտնտեսական ներկա իրավիճակին համապատասխան, ԱՊՀ երկրների մեր «խոպանչիների» ամսեկան եկամուտները նվազել են։ Փաստորեն, կառավարությունը նորից ցանկանում է պատճենել ուրիշի փորձը, տվյալ պարագայում՝ չինականը։

Ինչի՞ հիման վրա է, որ արտերկրից ուղարկվող և այստեղ ապրողներից շատերին գոյատևելու համար անհրաժեշտ փշրանքները 60-70% գործազրկություն ունեցող Հայաստանում հավասարեցվում են եկամուտների։ Ես համարում եմ, որ դա մարդասիրական օգնություն է, և ոչ թե եկամուտ, իսկ մարդասիրական օգնությունը, ինչպես հայտնի է, հարկման ենթակա չէ, այն նույնիսկ հարուստ արևմուտքում չի հարկվում։

Վերջերս կարդացի, որ ԱՊՀ անդամ երկրներից ամենազարգացած և ամենահարուստ երկրում, այսինքն՝ Ռուսաստանում, քաղաքացիների իրական գնողունակությունն ու հնարավորություններն էականորեն նվազել են։ Բնականաբար, նվազել են նաև Հայաստանի այն քաղաքացիների գնողունակությունը, հնարավորությունները, ովքեր ՌԴ են մեկնել աշխատանքի ու համեմատաբար բարձր  աշխատավարձի համար։ Դե, իսկ Ուկրաինայի մասին՝ իր արդեն զանգվածային բնույթ ստացած սոցիալական աղետներով հանդերձ, խոսելը նույնիսկ ավելորդ է։ Հենց իրենք՝ Ուկրաինայի քաղաքացիներն են փախչում Ուկրաինայից․ Ուկրաինայի մոտ 4 մլն քաղաքացիներ փախել են Ռուսաստան, մոտ 1 միլիոնը, արդեն գուցե և ավելին՝ Լեհաստան։

ի դեպ, դժվար է հասկանալ վարչապետի պաշտոնակատարի արդար թե ձևական զայրույթը, երբ նա հանրահավաքում վրդովվեց, թե Հայաստանի քաղաքացիներից 350 հազարն աշխատում են, իսկ 800 հազարը անբաններ են։ Երկրի ղեկավարը պետք է սկզբում ստեղծի այդ 800 հազար աշխատատեղը, հետո պահանջի, որ գտնվեն 800 հազար աշխատողներ։ Ընդ որում, բավարար աշխատավարձով, այլ ոչ թե գրեթե ձրի, ասենք, 50-80 հազար դրամով։

Եվ պարզվել է, չէ՞, որ առանց հայ «խոպանչիների»՝ իրենց ընտանիքներին ու մերձավորներին ուղարկվող  այդ հումանիտար օգնության, Հայաստանը չի ապրի։ Ինչպե՞ս չհարցնել իշխանությանը՝ այդ ո՞վ է ձեզ թելադրում․․․ Սիոնիզմի կամ մասոնականության միջազգային ցա՞նցը, Միացյալ Նահանգնե՞րը, Եվրամիությո՞ւնը, եթե ոչ նրանք, ո՞վ կամ ո՞ր ուժը, երկիրը․․․

Առանց չափազանցության, հայ աշխատանքային միգրանտների եկամուտների հարկման վերաբերյալ բանավեճն ալեկոծել է ողջ հասարակությունը։  Դա տեղի է ունենում հենց այն պատճառով, որ մեր երկրի շարքային ընտանիքների ճնշող մեծամասնությունը գոյատևում է հենց  այդ «խոպանչիների» տրանսֆերտների շնորհիվ։ Եվ առաջին իսկ, մեղմ ասած, բացասական արձագանքները ստիպեցին գործադիր իշխանության ներկայացուցիչներին խորամանկել, ծամածռվել, մանևրել։ Տրանսֆերտների հնարավոր հարկման վերաբերյալ Հայաստանի ՊԵԿ ղեկավարի խոսքերը շատ բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրարամերժ հայտարարությունների առիթ դարձան։ Այսպես, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձեց հավաստել, որ կառավարության նախաձեռնությունը սխալ է մեկնաբանվել։ Առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նման նախաձեռնություն գոյություն ունի, սակայն որոշումը կկայացվի միայն հասարակական լայն քննարկումներից հետո։ Դե, իսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, բայց մտադրություն կա հայտարարագրել 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների եկամուտներն ու գույքը։

Այս կապակցությամբ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մի քանի հարց առաջադրեց իր ֆեյսբուքյան էջում․

1․ «Եթե քաղաքացին հրաժարվում է հայտարարագրել իր եկամուտներն ու գույքը, ի՞նչ է տեղի ունենում այդ դեպքում․ նրան պատժու՞մ են։

2․ Եթե ՊԵԿ նախագահն ասում է, որ գույքի ու եկամուտների հայտարարագիրը չի նշանակում, որ այդ միջոցները պարտադիր հարկվելու են, ապա ինչի՞ համար է Կոմիտեն հավաքում այդ տվյալները։ ՊԵԿ նախագահը նշում է, որ եկամտահարկը պետք է գանձվի ոչ թե տրանսֆերտը ստացողից, այլ այն ուղարկողից, արդ՝ շարքային քաղաքացու համար ի՞նչ տարբերություն, թե ումից է գանձվում այդ հարկը»։

Հետգրության փոխարեն Ա․ Հովհաննիսյանը հույս է հայտնում, որ կառավարության անդամների իրարամերժ հայտարարություններ այդ թեմայով այլևս չեն լինի։

Իրարամերժ հայտարարությունների առումով, սակայն, ես պակաս լավատես եմ․ չէ՞ որ մեր հայրենիքի ցանկացած անկողմնակալ քաղաքացի ամիսներ շարունակ, սկսած նույնիսկ Խաչատուրովի ու ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերից, «բախտավորություն» ունի տեսնելու, թե ինչպես են երկիրն ու մեզ․․․ ոչ թե կառավարում, այլ կարծես հաշվեհարդար տեսնում մեզ հետ։ Հարց՝ պե՞տք է արդյոք փնտրել, թե ում է դա ձեռնտու, թե՞ առանց այդ էլ պարզ է։

Հարկերի հարցը դեռ շատ վաղուց, դեռ ՀՀՇ-ի ժամանակներում էր պետք լուծել «շվեդական ձևով»՝ մտցնելով տարբերակված հարկահանությունը, որի պարագայում ամենաաղքատներն ընդհանրապես ազատված են լինում հարկերից, միջին եկամուտներ ունեցողները մուծում են հարկերի իրենց տոկոսները՝ ելնելով եկամուտների ֆիզիկական մեծությունից, իսկ բարձր հարկեր են վճարում առավել ապահովվածները, հարուստներն ու գերհարուստները։ Դրանում էլ, ըստ էության, կայանում է «շվեդական սոցիալիզմի» տնտեսական հիմքը, երբ հասարակության մեջ սոցիալական խաղաղության ու սոցիալական կայունության համար հարուստներն ու գերհարուստները վճարում են գանձարանին և աղքատներին։

 

Սերգեյ Շաքարյանց