Եվրամիության շահերը հակասում են եվրոպական երկրների շահերին

Խնդիրը դիտարկենք որոշակի օրինակով․ Եվրոպայում բնական գազի պաշարներ են հայտնաբերված Հոլանդիայի հյուսիսում (շահագործվող «Գրոնինգեն» հանքավայրը՝ մոտ 3 տրիլիոն խմ), Ալբանիայի հյուսիսում (չշահագործվող «Մանաս» հանքավայրը՝ 3 տրիլիոն խմ), Հունգարիայի հարավում (շահագործվող «Մակո» հանքավայրը՝ մինչև 500 մլրդ խմ) և Նորվեգիայում (շահագործվող «Տրոլլ» հանքավայրը՝ 1,3 տրիլիոն խմ)։

Եվրոպական երկրների բնական գազի սպառման կարիքներն, անշուշտ, չի կարող բավարարել նշված հանքավայրերի շահագործմամբ, ուստի ԵՄ անդամ երկրներն իրենց կողմից սպառվող գազի շուրջ 64 %-ը ներկրում է։ Ընդ որում, համաձայն տարբեր միջազգային փորձագիտական գնահատականների, Եվրոպայում սեփական գազի արդյունահանումը տարեկան կրճատվում է 0,9 %-ով, իսկ պահանջարկն ավելանում է 0,5 %-ով։ Ասվածից հետևում է, որ եվրոպական երկրներն անչափ շահագրգռված են նաև այլ աղբյուրներից գազի լրացուցիչ հոսքեր ստանալու մեջ, այդ թվում՝ Ռուսաստանից։

Դեպի Եվրոպա իր բնական գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման համար Ռուսաստանը վերջին տասնամյակում նոր և ավելի հուսալի տրանզիտային երկրներ էր փնտրում, քան Ուկրաինան է։ Այդպիսիք դարձան «Հյուսիսային հոսք» (այժմ նաև՝ կառուցվող «Հյուսիսային հոսք – 2») գազամուղը, որը Բալթիկ ծովով դեպի Գերմանիա և Հյուսիսային Եվրոպա բնական գազ է մատակարարում, ինչպես նաև «Երկնագույն հոսքը», որը Սև ծովի ավազանով ձգվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Հիշեցնենք, որ ռուսական երկու գազամուղները՝ «Սոյուզը» և «Պրոգրեսը», անցնում են Ուկրաինայի տարածքով, որոնք Ուկրաինայում տիրող անկայուն իրավիճակի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հետևանքով չեն շահագործվում նախատեսված ամբողջ ծավալով։

Ռուսաստան-Եվրոպա գազամատակարարման փաստը (ինչպես նաև Իրանից ու Մերձավորարևելյան երկրներից) և դրա ուղիների բազմազանությունը չի բխում Միացյալ Նահանգների շահերից (իր թերթաքարային գազի շուկայի ապահովման տեսանկյունից), նաև՝ քաղաքական, ուստի վերջինս այդ ուղիներից որոշների խափանման կամ դրանք անարդյունավետ դարձնելու համար բազմապիսի հնարքների է դիմում՝ տարածաշրջանային ռազմաքաղաքական բախումներ ու անկայունություն, տնտեսական պատժամիջոցների կիրառում և այլն, որոնց մասնակից է դարձնում նաև Եվրամիությանը (համենայն դեպս, ԵՄ ղեկավարությանը)։

Մասնավորապես, թվում էր, թե Լեհաստանին պետք է ձեռնտու լիներ Ռուսաստանից Ուկրաինայի և իր տարածքներով դեպի Եվրոպա նախկին գազատարի («Սոյուզ») անխափան շահագործումը, ինչը կբավարարեր ոչ միայն իր կարիքները, այլև լուրջ ֆինանսական հոսքեր կապահովեր գազի տեղափոխման համար։ Սակայն, Լեհաստանը «կտրել է այն ճյուղը, որի վրա նստած էր», և մի կողմից ընդդիմանում է «Հյուսիսային հոսքերին», քանի որ դրանք իր տարածքով չեն անցնում, իսկ մյուս կողմից էլ խթանում է Ուկրաինայում անկայունության աճը։ Ինչ արած, Լեհաստանն ինքնիշխան չէ և կատարում է «տիրոջ» (ԱՄՆ-ի) պահանջները։

Նմանաբնույթ օրինակ է նաև Բուլղարիայի ղեկավարության վարքը։ Ժամանակին, երբ Ռուսաստանի ու Բուլղարիայի միջև համաձայնություն էր ձեռքբերվել «Հարավային հոսք» գազատարի շինարարության մասին, որը բնական գազ պետք է մատակարարեր Բուլղարիային և հարավային ու կենտրոնական Եվրոպային, 2014թ․ Եվրոխորհրդարանը բանաձև ընդունեց, որով առաջարկեց (ավելի ճիշտ՝ պարտադրեց, այն էլ՝ ԱՄՆ-ի թելադրանքով) Բուլղարիային հրաժարվել «Հարավային հոսքի» նախագծի իրագործումից։ Իսկ այժմ, երբ Թուրքիայի հետ համաձայնությամբ Ռուսաստանը սկսել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որը գրեթե նույն կոնֆիգուրացիան և սպառողներն ունի, ինչ չիրագործված գազամուղը, բուլղարական կողմը հայտնվել է հիմար ու տուժողի կարգավիճակում, քանի որ տրանզիտային երկրից այն սահուն կերպով վերածվեց ընդամենը միայն սպառող երկրի։

Նման երևույթներն են, որ ծնում ու խորացնում են հակասություններն ամբողջական Եվրամիության ու եվրոպական երկրների միջև, ու պատահական չէ, որ ի հայտ են գալիս Եվրամիությունը վերաձևակերպված տեսքով պահպանելու կամ ազգային պետությունները զարգացնելու նոր գաղափարներ։

 

Լևոն Անդրիասյան