Եվրամիության երկրները «սոսնձելու» հերթական փորձը

Եվրահոռետեսական տրմադրությունների ծավալման հիմնապատկերի վրա ներկայումս փորձեր են արվում եվրոպական երկրներին մեկ ամբողջական կառույցում «սոսնձված» պահելու հնարավորությունների ուղղությամբ։

Հաշվի առնելով ներկայիս անկայուն, վտանգներով ու սպառնալիքներով լի միջազգային իրավիճակը, բնական է, որ որպես միասնականությունն ապահովող և յուրաքանչյուր երկրի համար առավել գայթակղիչ գաղափար է ներմուծվում անվտանգության հիմնախնդիրը։ Նկատենք, որ այս գաղափարը նոր չէ։ Այն տարբեր ձևաչափերով ու բովանդակությամբ քննարկումների առարկա է հանդիսացել դեռևս անցած դարի 40-ականներից, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծումը և մի շարք այլ գործոններ այս գաղափարը պարբերաբար հանել են եվրոպական օրակարգից։

Վերջին տարիներին և, հատկապես, ընթացիկ տարում եվրոպական միասնական անվտանգության ու պաշտպանության խնդիրը կրկին արդիականացվել է, ինչը հիմնականում պայմանավորված է դեպի Եվրամիություն միգրացիոն հասքերի և ահաբեկչության մակարդակի աճով, համաշխարհային դերակատարների միջև ռազմաքաղաքական հակասությունների սրմամբ, ԵՄ-ի կառուցվածքային ու գործառութային հիմքերի խարխլմամբ և այլ գործոններով։

Դեռևս ընթացիկ տարվա ամռանը ԵՄ 9 երկրների պաշտպանության նախարարներ համաձայնագիր ստորագրեցին «Ռազմական արձագանքման ուժեր» ստեղծելու մասին, որի նախնական նպատակը Եվրոպային սահմանակից տարածքներում ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքումն էր։ Հատկանշական է, որ այս համաձայնագրի տակ իրենց ստորագրություններն էին դրել նաև Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Դանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։

Նոյեմբերի 13-ին ԵՄ 23 երկրների կողմից ստորագրվեց նոր համաձայնագիր «Պաշտպանության հարցերի շուրջ ԵՄ կառուցվածքայնացված մշտական համագործակցության մասին» (PESCO – The Permanent Structured Cooperation), որն անմիջապես տարբեր գործիչների ու մեկնաբանների կողմից վերամբարձ որակումների արժանացավ՝ «եվրոպական հին երազանքի իրականացում», «հեղափոխական քայլ», «այլընտրանք ՆԱՏՕ-ին», «քնած գեղեցկուհու արթնացում» (հիմնվելով Լիսաբոնյան պայմանագրի դրույթների վրա) և այլն։ Ծրագրի վավերացումը նախատեսված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ին ԵՄ Խորհրդի նիստում, որտեղ որոշումը կայացվելու է որակյալ մեծամասնության ձայներով։

Ի դեպ, եթե «Ռազմական արձագանքման ուժեր» ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ենթադրվում էր, որ գործելու է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում, ստորագրվել էր նաև Մեծ Բրիտանիայի, Դանիայի ու Պորտուգալիայի կողմից, ապա այս նոր նախաձեռնության տակ ( որը, չնայած տարբեր հավաստիացումներին, այնուամենայնիվ, հակասում է ՆԱՏՕ-ի հիմնական դրույթներին) այդ երկրների ստորագրությունը բացակայում է։ Կարելի է ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի պարագայում դա պայմանավորված է «Brexit»-ի իրականացման գործընթացով, իսկ մյուս երկու երկրների պարագայում ազդեցիկ է եղել «վերևից տրված ցուցումը» (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, ազգությամբ դանիացի Ստոլտենբերգի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ազգությամբ պորտուգալացի Գուտերիշի կողմից)։

Սակայն, այս նախաձեռնությունը որքանո՞վ կարող է իրագործելի լինել այն պայմաններում, երբ ԵՄ-ում, բացի նրա անդամների միմյանց հետ «մտերմացումը» խթանող ընդհանուր սպառնալիքները, առկա են այդ երկրներից յուրաքանչյուրին բնորոշ, իրեն առանձնահատուկ, պատմականորեն ու աշխարհագրորեն ձևավորված վտանգներ ու սպառնալիքներ, որոնք հաճախ հանդես են գալիս որպես ոչ այնքան միավորող, որքան հակասությունները սրող գործոններ։ Եվրոպայի տարածքում շուրջ 70 վիճելի տարածքային խնդիրներ կան, որոնց մասին հաճախ հիշեցնում, հնչեցնում և արդիականացնում են եվրոպական երկրներում ներկայումս աճող ժողովրդականություն վայելող ազգայնական ուժերը։ Ի դեպ, 2019 թ․ մայիսին կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրությունների ակնկալվող արդյունքում, ըստ տարբեր վերլուծաբանների կարծիքի, սպասվում է ազգայնական քաղաքական կազմակերպությունների ներկայացվածության աճ։

Բացի այդ, եթե նույնիսկ հաջողվի PESCO-ն կառուցվածքայնացնել, ապա որքանո՞վ այն կունենա գործառութային արդյունավետություն, եթե նույնիսկ այնպիսի փորձառու համատեղ պաշտպանական կառույցները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը, կամ միջպետական ռազմաքաղաքական պայմանագրերը ներկայիս միջազգային իրավիճակում «կաղում են»։

Կարծում եմ, որ եվրոպական միասնական անվտանգության այս «նոր» գաղափարն իրականում միտված է ոչ թե այն նպատակների իրագործմանը, որոնք հռչակվել են նախաձեռնության հեղինակների ու մասնակիցների կողմից, այլ պարզապես հերթական փորձն է ԵՄ ամբողջականությունը պահպանելու համար։

 

Լևոն Անդրիասյան