Հայազգի արվեստագետներն արտերկրում. Յան Կլեմենս Մինասովիչ

Մինասովիչ Յան Կլեմենս (լեհ.՝ Jan Klemens Minasowicz) (24.11.1797, Վարշավա -3.12.1854, նույն տեղը)․ լեհահայ նկարիչ-դիմանկարիչ, արվեստաբան, հայտնի լեհահայ ընտանիքի ներկայացուցիչ, Վարշավայի բուրգոմիստր (քաղաքագլուխ), հայտնի վաճառական Ավգուստ Մինասովիչի երրորդ որդին: Ունեցել է երկու քույր և երկու եղբայր: Վարշավայում բնակվել է Կրակովյան արվարձանի (լեհ․՝ Krakowskie Przedmieście) 443 (այժմ՝ 67) շենքում, որը մինչ այժմ կոչվում է «Մինասովիչների տուն» (լեհ.՝ Kamienica Minasowicza): Ավագ եղբայրը՝ Յոզեֆ Դիոնիսը (լեհ.՝ Józef Dionizy Minasowicz), հայտնի քաղաքական գործիչ  էր, ինչպես նաև գրող և թարգմանիչ: Երկու եղբայրներն էլ թաղված են Վարշավայի «Նա Պովոնզկախ» գերազմանատան հանրային դամբարանում (լեհ.՝ Warszawa, Cmentarz Powązkowski, Katakumby):

Նկարիչն իր սկզբնական կրթությունը ստացել է Վարշավայի Զալիբորզա (լեհ.՝ Żoliborz) շրջանի «Բարեպաշտ Տիրամայր» կաթոլիկ միաբանության դպրոցում (լատ.՝ Clericorum Ordo Mater Dei Regularium Pauperum Scholarum Piarum): Բարձրագույն կրթությունը ստացել է Վարշավայի համալսարանի նկարչական բաժնում (1819-1829): Հետագայում ուսումը շարունակել Փարիզում, Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում (1829-1835 թթ․): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Վերադառնալով հայրենիք, ստեղծել է գեղարվեստի մասնավոր արվեստանոց, որտեղ ուսանել են երիտասարդ նկարիչներ, այն թվում՝ Կամիլ Նորվիդը (1840-1842 թթ․): Զբաղվել է նկարչությամբ, արվեստաբանությամբ, մանկավարժությամբ, ստեղծել մատենանիշներ: Հեղինակ է բազմաթիվ արվեստագիտական հոդվածների և բանաստեղծությունների:

Վարշավայի պատմության մեջ Կլեմենս Մինասովիչը հիշվում է որպես էքսցենտրիկ եւ տարօրինակ մարդ: Բազմաթիվ տարօրինակությունների շարքում նաև նրա մահվան առեղծվածն է: Մահվանից առաջ նա ապրում էր բավականին համեստ: Նկարչի դին գտել են չօգտագործած դեղատոմսը ձեռքին։ Դեղորայքն այն թվերին Վարշավայում բավականին թանկ էր, սակայն տանը գտնվել է բավականին խոշոր գումար՝ այնքան, որ դեռ տարիներ շաունակ հնարավոր կլիներ ապրել շքեղության մեջ:

 

Լեհահայ Յան Կլեմենս Մինասովիչի պահպանված կտավներն այժմ գտնվում են Վարշավայի ազգային թանգարանում, Վրոցլավի Օսոլինսկիների գրադարանում և այլ քաղաքների տարբեր պատկերասրահներում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)