Լեհաստանը նորից կրակի հետ է խաղում

Հայտնի է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Փորձենք համեմատել Լեհաստանի արտաքին քաղաքական վարքագիծը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և այժմ, երբ աշխարհը նորից ինտենսիվ կերպով նախապատրաստվում է «մեծ կոտորածի», թեև բոլոր նրանք, ովքեր պատերազմ են ուզում, չեն ցանկանում հանդես գալ նախաձեռնողի դիրքերից։

Անցած դարի 30-ականներին, երբ Վերսալի պայմանագրով նախատեսված պատժամիջոցներից «ընկճված» Գերմանիայում իշխանության եկան նացիոնալ-սոցիալիստները, բոլորի համար պարզ է դարձել, որ Եվրոպայի սրտում հասունանում է հերթական մեծ պատերազմը (եթե չասենք, որ միգուցե հենց նշված նպատակով էլ այդ խեղաթյուրված ազգայնական ուժը «բերվել» էր իշխանության)։ Բնական է, որ մոտալուտ պատերազմի անհանգստությունն առաջին հերթին ծագել է Գերմանիայի հարևան երկրներում, որոնց հանձնվել էին նախկին գերմանական տարածքներ, մասնավորապես՝ Լեհաստանում։

Թեև 1934 թվականի սկզբին Լեհաստանի և Գերմանիայի միջև արդեն իսկ կնքվել էր «Միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը» (Հիտլեր-Պիլսուցկու պակտը), այնուամենայնիվ, Լեհաստանը լուրջ մտահոգություններ է ունեցել սեփական անվտանգության ավահովման խնդրում, որոնք էլ ավելի են ամրապնդվել Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի զավթումից հետո։ Անվտանգության արտաքին երաշխավորի որոնումներում լեհերի ընտրությունը կանգ է առել Մեծ Բրիտանիայի վրա, որի հետ 1939թ․ կնքվել է «Լեհ-անգլիական ռազմական ալյանս» անվամբ  միջպետական համաձայնագիր։ Այն նախատեսում էր ռազմական փոխհամագործակցություն ու փոխօգնություն կողմերից մեկի նկատմամբ եվրոպական որևէ երկրի կողմից ագրեսիայի դեպքում։

1939թ․ սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժել է Լեհաստան, սակայն Մեծ Բրիտանիան «մոռանալով» այդ երկրի նկատմամբ իր պարտավորությունների մասին, ընդամենն անօգուտ փորձեր է արել  դիվանագիտական ուղիներով Գերմանիային զսպելու համար (Ու․ Չերչիլի խոստովանությամբ, բրիտանացիները սահմանափակվեցին միայն գերմանացիներին ուղղված բարոյական կոչեր պարունակող թռուցիկների տարածմամբ)։ Օրեր անց Լեհաստանի բարձրագույն ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը փախուստի է դիմել, ինչից հետո լեհական սահմանը հատել է նաև խորհրդային Կարմիր Բանակը։ Լեհաստանի տարածքային բաժանումը Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի կողմից ավարտվել է այդ երկրների միջև սեպտեմբերի վերջին կնքված «Բարեկամության ու սահմանի մասին պայմանագրով», ինչն արձանագրել է Լեհաստան պետության գոյության ավարտը։

Խորհրդային Միության ու համայնավարական կարգերի փլուզումից հետո Լեհաստանը շատերի պես իր քաղաքական ու ռազմական ճակատագիրը կապեց ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ, ըստ էության, իր ճակատագիրը հանձնեց նրանց։ Տեղին է հիշել «լեհական վերածննդի» առաջնորդ Լ․ Բալենսայի խոսքերը՝ «Լեհ ժողովուրդը Միացյալ Նահանգների անունը կապում է ազատության ու ժողովրդավարության, առատաձեռնության ու մեծահոգության, մարդկային բարեկամության ու բարեկամական մարդասիրության հետ», ինչպես նաև Լեհաստանին տրված Զ․ Բժեզինսկու գնահատականը․ «Ես ելնում եմ այն մտքից, որ աշխարհի այդ հատվածում Լեհաստանն իրապես հանդիսանում է կարևոր երկիր Միացյալ Նահանգների համար, հատկապես աշխարհաքաղաքական տեսանկյունից»։

Վերոնշյալին զուգահեռ, Լեհաստանն իր անմիջական հարևանների հետ աստիճանաբար, երբեմն հիմնավորված, իսկ երբեմն էլ անհիմն կերպով սկսեց մտնել հակամարտության դաշտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով կրած մարդկային ու նյութական վնասի համար Լեհաստանը Գերմանիայից մինչ օրս փոխհատուցում է պահանջում, որի գումարը երբեմն հասնում է տրիլիոն դոլարի (մի կողմ թողնենք պահանջի իրավական ու իրատեսական լինելը), Գերմանիայի հետ իր հարաբերությունները հիմնականում կառուցում է Միացյալ Նահանգների շահերի հիման վրա։ Նույն վերաբերմունքն է նաև ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի նկատմամբ՝ փոխհատուցման պահանջ, նաև, ԱՄՆ-ի դրդմամբ և սեփական նկատառումներով, հակառուսական մանիպուլյացիաների իրականացում «ուկրաինական խաղում» և այլն։ Այսպիսով գերակայեցին պատմական ցավալի հիշողությունը, զգացմունքայնությունը որը ստվերեց պատմական դառը փորձից սառն ու գործնական հետևություններ անելու կարողությանը։

Պատմական զուգահեռների միջև եղած թերևս միակ տարբերությունը Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի (ԱՄՆ-ի) ռազմաբազայի ստեղծման հավանականությունն է, սակայն ներկայիս պայմաններում դա կարո՞ղ է որոշիչ նշանակություն ունենալ երկրի անվտանգության ապահովման հարցում։ Դաշնակիցներ պետք է որոնել հարևանների մեջ, այլ ոչ թե ծովերից այն կողմ։

 

 

Լևոն Անդրիասյան