Թուրքիայում լրագրող Խաշոգիի սպանությունը նվեր էր Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը պատրաստ չէ ընդունել, որ Թուրքիայում սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոգիի սպանությունն ուղղակի նվեր էր Իրանին, բայց Վաշինգտոնի մերձավորարևելյան ռազմավարությունն այդ սպանությամբ լուրջ խոչընդոտների է բախվել։ Հիշեցնեմ, որ Խաշոգին վայրենաբար սպանվել է Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։

Այն փաստը, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը սկսեց ճնշում գործադրել Էր-Ռիյադի վրա՝ նրանից զինադադար պահանջելով Եմենում, ակնհայտ նշանն է այն բանի, թե որքան է տուժել Սաուդյան Արաբիայի հեղինակությունը, որի վրա հիմնված էր այդ ռազմավարությունը։ Հնարավոր է նույնիսկ՝ Սպիտակ տան տիրոջ աչքերում։ Այս մասին գրել է արաբ հեղինակ Վալի Ռ․ Նասրն ամերիկյան «The New York Times» թերթում։

Այդ ռազմավարության նպատակը կայանում էր Սաուդյան Արաբիայի հետ համատեղ և Իսրայելի ծավալուն սատարմամբ Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության զսպումը։ Դրա փոխարեն, հիմա սպասելի է, որ Իրանի համար ավելի հեշտ կլինի ապահովել իր ազդեցությունը նույնիսկ վերջերս Վաշինգտոնի կիրառած նոր տնտեսական պատժամիջոցների ֆոնի վրա։

Հիմա Իրանի ղեկավարությունը կարող է ակնկալել, որ թուլացած Սաուդյան Արաբիան ստիպված կլինի դադարեցնել իր հարձակումները Եմենում և Քաթարի պաշարումը։ Թեհրանը միաժամանակ ձգտում է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների, եթե, իհարկե, Էր-Ռիյադը հետևի Վաշինգտոնի խորհրդին և վերջ տա Եմենում պատերազմին։ Թագավորության իշխանությունները կարող են անհրաժեշտ համարել Իրանի հետ հարաբերությունների շտկումը՝ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները հավասարակշռելու համար, քանզի Թուրքիան անցել է Կատարի կողմն ու ծայրահեղ բացասական է ընդունել իր հողի վրա Սաուդյան քաղաքացու սպանությունը։

Տարածաշրջանային քաղաքականության առկա վիճակն Իրանի ղեկավարությանն իր միջուկային ու հրթիռային ծրագրերի բանակցային դիրքերում վստահություն է տալիս նույնիսկ ԱՄՆ-ի հետ առնչվելիս։  Թեհրանում իշխանություններն արդեն վստահ են, որ հանրապետության տնտեսությունը հարմարվել է ԱՄՆ տնտեսական ճնշումների մեծ մասին։ Բացի դրանից, Թեհրանը բավարար քանակության նավթ կարող է վաճառել և պահպանում է իր առևտրային հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, ԿԺԴՀ-ի և այլ երկրների հետ, ինչի շնորհիվ, տնտեսության կոլապս տեղի չի ունենա։ Ինչպես պահպանողակաները, այնպես էլ չափավոր քաղաքականության կողմնակիցները կարողացան ձևավորել միասնական ճակատ, որի դրոշի ներքո կարելի է համախմբել ամողջ բնակչությանը, չեզոքացնելով ժողովրդական վրդովմունքի ռիսկը, որին, ինչպես հույս ունեին ԱՄՆ-ում, պետք է որ հանգեցնեին տնտեսական խնդիրները։ Ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանին, դա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ ստորագրված միջուկային գործարքի պայմանների կատարումն է և թույլ տալը, որ Թրամփի «առավելագույն ճնշման քաղաքականությունը» մտնի փակուղի։ Այնժամ Թեհրանը, հնարավոր է, պատրաստ կլինի խոսել։

Ի սկզբանե Թրամփի աշխատակազմը համարում էր, որ կարող է զսպել Իրանի տարածաշրջանային ազդեցությունները, սերտ հարաբերություններ ստեղծելով Սաուդյան Արաբիայի ժառանգական արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ։ Այնուամենայնիվ, Էր-Ռիյադի մի ամբողջ շարք աղաղակող սխալների պատճառով, ինչի արդյունք դարձավ Խաշոգիի սպանությունը, թագավորությունը դեմ առավ բազմաթիվ խնդիրների։ Դրա շնորհիվ, Թեհրանը խուսանավելու ավելի ընդարձակ հնարավորություններ ստացավ։ Իրանին զսպելու հարցում Սաուդյան Արաբիայի վրա հենվելը միշտ էլ կասկածելի է եղել։ Թագավորությունը երբեք չի կարողացել արդյունավետորեն դիմակայել ԻԻՀ տարածաշրջանային ազդեցությանը, իսկ վերջին տարիներին այդ ազդեցությունը միայն ուժեղացել է։ Օրինակ, Սիրիայում Սաուդյան Արաբիան, ըստ էության, ձեռքերը լվացել է՝ ԱՄՆ-ին և Իսրայելին թողնելով Իրանից ու այդ բախումից գլուխ հանելը։ Սաուդյան Արաբիայի ամենալուրջ սխալները սկսվեցին 2015 թվականից, ի թիվս այլոց, դրանցից մեկը Եմենում տեղի շիա-խուսիտների հետ չմտածված պատերազմն էր, որին հետևեց Քաթարի անհաջող պաշարումը։

Դրանից հետո Էր-Ռիյադը փորձեց Լիբանանի պատանդ վերցված վարչապետ Սաադ Հարիրիին ցույց տալ, որ չարժե հենվել շիաների «Հեզբոլա» կուսակցության վրա։ Այս քայլերի նպատակն էր արաբական աշխարհին ցույց տալը, որ պետք չէ Իրանի կամ նրա դաշնակիցների հետ գործ ունենալ։ Սակայն, այս բոլոր գործողությունների արդյունքը հակառակն եղավ, և հիմա տարածաշրջանի հիմնական խաղացողները, նրանց թվում՝ նաև Սպիտակ տան բարեկամներ Քուվեյթը, Հորդանանը, Քաթարը, Սաուդյան Արաբիային համարում են էլ ավելի մեծ սպառնալիք, քան Իրանն է։ Սրան նոր ազդակ հաղորդեց Խաշոգիի գործը։ Այն բացահայտեց Թրամփի ռազմավարության առանցքային ուղղության հիմնական թուլությունը, հարվածելով նաև արքայազն Մուհամմեդի դիրքերին։ Այդ Պատճառով հիմա մտացածին է թվում Սաուդյան Արաբիայի կարողությունն Իսրայելին օգնելու հարցում, որպեսզի վերջինս զսպի Իրանին և կարողանա վերջնական գործարք կնքել Պաղեստինի հետ։ Թուլացել են նաև Թել-Ավիվի դիրքերը՝ այն դեպքում, երբ Թուրքիան, որը նույնպես ձգտում է տարածաշրջանում էլ ավելի մեծ ազդեցության, ինչպես Իրանը, և անհանգստացած է Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև ծնվող դաշինքով, ամրացրել է իր դիրքերը։

Այժմ ակնհայտ է դարձել, որ Սաուդյան Արաբիան չի կարող գլխավորել Իրանին Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, հետո էլ Եմենից դուրս մղելու տարածաշրջանային կոալիցիան։ Եթե Թրամփը չի ծրագրում այդ նպատակի համար բազմաքանակ զինուժ ուղարկել տարածաշրջան, որը ստիպված կլինի բավական երկար մնալ այնտեղ՝ Իրանին թույլ չտալու համար, որ վերականգնի իր ազդեցությունը, ապա ԱՄՆ-ի նախագահը կարող է տարածաշրջանում կայունության հասնել, միայն կենտրոնանալով մերձավորարևելյան պատերազմներին վերջ տալու վրա։ Առաջիկայում նա ստիպված է լինելու հրաժեշտ տալ իր հույսերին, թե շնորհիվ «առավելագույն ճնշման», կարող է տարածաշրջանում լուծել Իրանի խնդիրը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ պետությունն անհրաժեշտություն չունի մկաններ խաղացնելու, այն պարզապես ակտիվ քաղաքականություն է վարում։ Թեհրանին պետք է միայն սպասել, մինչև որ Թրամփի աշխատակազմը կհասկանա ուժերի իրական բաշխվածությունը Մերձավոր Արևելքում։ «Տարածաշրջանում արաբական կարգ ու կանոնի» (իմա՝ «Իսրայելի կարգ ու կանոնի») վերաբերյալ Թրամփի տեսիլքի հօդս ցնդելուն զուգընթաց, ամենայն ակնհայտությամբ կերևակվի ԱՄՆ-ի և Իսրայելի համար տհաճ իրականությունը․ արաբական աշխարհը չի կարող արդյունավետորեն վիճարկել Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, քանի որ ամերիկյան սպառնալիքների և կոշտ հռետորաբանության օգնությամբ դրան հակազդելու ձևեր չկան։