ԱՄՆ խամաճիկներն ուզում էին սպանել իրանական գեներալին

Նոյեմբերի 2-ին իրանական IRNA պետական գործակալությունը հղում կատարելով ամերիկյան «New York Times» թերթին, սենսացիոն նորություն հայտնեց։ Պարզվում է, սաուդյան հետախուզության բարձրաստիճան անձինք, որ մոտ են կանգնած ժառանգական արքայազն Մուհամմադ բին Սալմանին, անցյալ տարի գործարարների մի փոքր խմբի խնդրել են մասնավոր կազմակերպություններ օգտագործել «իրանական թշնամիներին» սպանելու համար։ «New York Times»-ը (NYT) հայտնեց, որ, համաձայն 4 տեղեկացված անձանց, Մուհամմադ բին Սալմանն այդ մասին որոշում է կայացրել, երբ լինելով Սաուդյան Արաբիայի ժառանգական արքայազնի իրավահաջորդն ու պաշտպանության նախարարը, ջանքեր է գործադրել անձնական իշխանությունն ամրացնելու և արտասահմանում հետախուզական գործունեությունը զարգացնելու ուղղությամբ։

Տվյալ փաստը ցույց է տալիս, որ սաուդյան բարձրաստիճան անձինք լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունից ուղիղ մեկ տարի առաջ, Մուհամմադ բին Սալմանի իշխանություն ստանալու պահից սկսած, քննարկել են թշնամիների դեմ մահափորձի ծրագրեր։ Ավելի որոշակի՝ հենց իրանցիների դեմ։ NYT-ի տվյալներով, սաուդյան հետախուզության գեներալ Ահմադ ալ-Ասսիրին, ով էլ հենց, ըստ ամենայնի, տվել է Խաշոգիին սպանելու հրամանը, 2017 թ․ մարտին մասնակցել է մի խորհրդակցության, որի ժամանակ մոտ 2 մլրդ դոլարի ծախսերով ծրագիր են կազմել Իրանի տնտեսական սաբոտաժի և այդ երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Բայց ահավասիկ գլխավորը․ ամերիկյան թերթի տվյալներով, Ահմադ ալ-Ասսիրին առաջարկել է նաև մահափորձ կազմակերպել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների պահակազորի (ԻՀՊՊ) «Ղոդս» (պարսկերեն՝ Երուսաղեմ քաղաքի անվանումն է) հատուկ նշանակության ուժերի (ՀՆՈՒ) հրամանատար, լեգենդար գեներալ-մայոր Քասսեմ Սոլեյմանիի դեմ։

Մենք, համենայն դեպս, որոշեցինք ստուգել IRNA գործակալության պնդումները և գտանք ամերիկյան NYT թերթի հրապարակումը։ Ամեն ինչ ճիշտ է․ այդ բացահայտման արդյունքում աշխարհում շատ մեծ սկանդալ է բռնկվել։ Հարցը, թե ինչո՞ւ են սաուդիտները և իսրայելցիները (ես դա պնդում եմ) թիվ 1 թիրախ ընտրել գեներալ-մայոր Սոլեյմանիին, ավելորդ է, որովհետև հենց Ղոդսը և անձամբ Սոլեյմանին են ձախողել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ծրագրերը 2014 թ․ հուլիս-օգոստոսին՝ գրավելու Բասրան ու Բաղդադը, կործանարար պարտության մատնելով նրանց Տիկրիտի մարտերում, իսկ հետո էլ՝ Էլ-Ֆալուջիի և Ռամադիի մոտ։

Հետագայում դարձյալ հենց Սոլեյմանին ու Ղոդսն են ձախողել տարբեր ուղղություններով ԻՊ-ի առաջխաղացումները Սիրիայում, անառիկ պահելով Դամասկոսի գլխավոր մատույցները և այլն։ Ղոդսի ջոկատները, համագործակցելով ռուսական ռազմա-տիեզերական ուժերի (ՌՏՈւ) հետ, հետագայում եղել են ամենուր, ուր ռազմական գործողություններ են ընթացել, այդ թվում՝ Արևելյան Հալեպում, Արևելյան Ղուտայում (Սիրիա), իսկ Իրաքում սերտ, բայց գաղտնի համագործակցելով Քրդական աշխատավորական կուսակցության փեշմերգեների (մահապարտների) հետ, ԻՊ հրոսակներից ու թուրքական բանակից ազատագրել են հյուսիսիրաքյան քրիստոնեական Բաշիկ քաղաքը։ Թուրքերը, սակայն, փախել են նախքան գրոհը․ երևի նրանց զգուշացրել էին, որ քրդերը մենակ չեն գալիս․․․ Արևելյան Հալեպի ու Բաշիկի մարտերը 2016 թ․ նոյեմբերին էին։ Հենց այդ ժամանակ էր, որ իրանցիները, Սիրիական բանակն ու աշխարհազորայինները ահաբեկիչների հալեպյան դիրքերում ձերբակալեցին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ավելի քան 150 զինծառայողների։ Արևմտյան զիծառայողներին հետո փոխանակում էին, իսրայելցիներին ուղղակի վաճառում էին որպես ապրանք, փողով, իսրայելցիներին, իսկ իսրայելամետ արաբական երկրների վայ մարտիկների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Դե, իսկ գրել այն մասին, թե ինչպես էին գեներալ Սոլեյմանին ու Ղոդս ՀՆՈՒ-ն ազատագրում Մոսուլն ու Քիրքուկը, շատ երկար կստացվի։ Ավելի ճիշտ կլինի հիշեցնել, որ հենց իրանական ուժերի՝ Հյուսիսային Իրաք մտնելն ու դեպի Քիրքուկ առաջանալն էր, որ ստիպեց Մասուդ Բարզանիին ենթակա ուժերին փախնել այդ քաղաքից։ Հետագայում հենց Սոլեյմանին «համոզեց» իրաքյան քրդերին, որ նրանք Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցկացրել են նույնիսկ իրենց Քրդական ինքնավարության (KRG) Սահմանադրության կոպիտ խախտումներով։ Այն ժամանակ Մասուդ Բարզանիի քրդերն էլ ավելի կոպիտ ձևով խախտել էին Իրաքի Սահմանադրությունը։

Սաուդյան Արաբիան ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի խամաճիկն է։ Մեջբերենք նոյեմբերի 14-ին ԻՀՊՊ Աերոտիեզերական ստորաբաժանման բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի արած հայտարարությունը։ Իրանական Tasnim News գործակալության հաղորդմամբ, նա ասել է, որ ս․թ․ սեպտեմբերի 9-ին Իրանի կողմից «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն – Իրան» (KDP-I) ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքյան Քուրդիստանի տարածքում գերճշգրիտ հրթիռակոծման արդյունքում «ոչնչացվել են Սաուդյան Արաբիայի ու սիոնիստական ռեժիմի (իմա՝ Իսրայելի) գործակալները»։ Ողջունելով Իրանի հրթիռային զորությունը, բրիգադային գեներալը հայտարարել է․ «Այսօր մենք ռազմական գործողությունների վայրեր կործանիչներ ուղարկելու փոխարեն, 700 կմ-ից ճշգրտորեն թիրախավորում ենք ԻՊ ղեկավարների նիստերի դահլիճը։ Այս ամենը ցույց է տալիս մեր հետախուզության կարողություններն ու ռազմական հզորությունը»։ Գեներալ Հաջիզադեն պատմել է նաև, որ իրանական օրացույցի սույն 1397 թվականից /2018 թ․ մարտի 21/ սկսած, չեզոքացվել են Իրանն ապակայունացնելուն ուղղված մոտ 80 ահաբեկչական գործողություններ։

Ինչպես և Արևելյան Հալեպի և Արևելյան Ղուտայի (Սիրիա) դեպքերում, այնպես էլ Իրանի կողմից սեպտեմբերյան, հետո էլ հոկտեմբերյան հրթիռակոծման պարագայում լուրջ հարցեր են առաջանում։ Օրինակ, ի՞նչ էին անում արևմտյան երկրների, Թուրքիայի, Իսրայելի և այլ պետությունների ՀՆՈՒ զինվորականները Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերում ու զորանոցներում։ Չէ՞ որ նրանք հայտարարում են, որ գրեթե «միայնակ են պայքարում ահաբեկիչների դեմ»։ Իսկ նշված դեպքերում նրանց գերեվարել են հենց այնտեղ, ուր դիրքավորված էին ահաբեկիչներն ու դիմակայում էին Սիրիայի բանակին ու աշխարհազորայիններին։ Կամ թե ի՞նչ էին անում Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի գործակալները Հյուսիսային Իրաքում՝ KDP-I ահաբեկչական խմբավորման շտաբերում ու դահլիճներում։

Այս մանրամասները պետք է կարևորվեն նաև այլ տարածաշրջանների երկրների կողմից։ Չէ՞ որ 2017 թ․ հունվարից սկսած, Սիրիայի և Իրանի հետախուզությունները բազմաթիվ անգամ հայտնել են աշխարհին, որ ԱՄՆ-ը պարբերաբար զբաղված է ահաբեկիչներին ու նրանց առաջնորդներին Սիրիայի ազատագրված տարածքներից փրկելով ու տարհանելով։ Թե ո՞ւր են տարհանում, չարժե նույնիսկ հարց տալ․ 2016 թ․ ապրիլին մենք մեր աչքերով ենք տեսել դեռ 2017-ից էլ առաջ Ադրբեջան տարհանված ահաբեկիչներին։

Իհարկե, իրենց հովանավորյալներին ամերիկացիները և, հնարավոր է, իսրայելցիները տանում են ոչ միայն Ադրբեջան։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ ահաբեկիչների մի մասին թաքցնում են Թուրքիայում, իսկ հետո նրանցից ոմանք իբրև Բանգլադեշից կամ Պակիստանից փախստականներ, փորձում են ներթափանցել Հայաստան։ Կարծում եմ, չափազանցություն չի լինի նաև ենթադրել, որ այդ հրոսակի մի մասին տարհանում են Նախիջևան։ Դե, անշուշտ, նաև Աֆղանստան։ Իզուր չէ, որ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հատուկ ծառայությունները 2018 թ․ ամռանից խոսում են ԻՊ ահաբեկիչների համար Աֆղանստանի՝ երկրորդ ճակատի վերածվելու սպառնալիքի մասին։

Մյուս ապացույցը․ նոյեմբերի 14-ին Իրանում մահապատժի են ենթարկել երկու ֆինանսական հանցագործի, ովքեր դիզել էին երկու տոննա ոսկեդրամներ՝ երկրի ոսկու շուկայում սպեկուլյացիաների համար։ Բանտում նրանց մահապատժի են ենթարկել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել մահապատիժները, և օրինական դատական գործընթացն ավարտվել է։ Այս մասին հայտնել է «Tasnim News»-ը։ Այսինքն՝ Իրանի ներսում տնտեսական սաբոտաժի ծրագիրը, որի մասին հայտնում էր NYT թերթը, իրականություն է։ Այնպես-որ մնում է հասկանալ, թե ԱՄՆ քաղաքական էլիտային բավական մոտ կանգնած այդ թերթն ինչո՞ւ է Իրանին ու աշխարհին «հանձնում» և՛ Իսրայելին, և՛ սաուդյան ժառանգական արքայազնին․․․

 

Սերգեյ Շաքարյանց