Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով. Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

1903թ․ Բաքվի նաֆթարդյունաբերող, միլիոնատեր Պողոս Հովսեփի Ղուկասովն ի հիշատակ իր ինքնասպան դստեր, ցանկացել է Յալթայում կառուցել տաճար: Շինարարությունն իրականացրել է Բաքվում և Թիֆլիսում իր գործերով մեծ համբավ վաստակած ճարտարապետ Տեր-Միկելովը: Շինարարական աշխատանքները տևել են չորս տարի և ավարտվել 1907թ․: Դարսան բլրի վրա կառուցված եկեղեցին տանում է աստիճանների երկար շարքը՝ կողքերից եզերված վեր սլացող նոճիներով: Աստիճանավանդակի ավարտին Ղուկասովների տոհմական դամբարանն է, որը գտնվում է փոքրիկ պատշգամբ ունեցող գեղեցիկ սրահաձև գավթի տակ: Դամբարանի դուռը, բարեբախտաբար, միշտ փակ է:

Մեր այցելության ժամանակ, 2000թ. դամբարանում զետեղված աճյունների անդորրը խախտված էր՝ եղած դագաղների կափարիչները բարբարոսաբար բացված էին, ըստ երևույթին, գանձ որոնողների կողմից, ինչի պատճառով դամբարանում այնպիսի գարշահոտ էր, որ անհնար էր որևէ ուսումնասիրություն կատարել:

Եկեղեցու նախագծի հեղինակը նկարիչ Վարդգես Սուրենյանցն է: Նրան էր պատվիրված նաև եկեղեցու ներքին հարդարումը: Նկարիչը պատվիրատուից ֆինանսական կախվածության մեջ գտնվելով, տասը տարուց ավելի աշխատել է որմնանկարների էսքիզների վրա: Պատվիրատուն ցուցաբերելով բոլոր ժամանակներում արագ հարստացածներին բնորոշ պլեբեյական ճաշակ, խորհուրդներ է  տվել բազմավաստակ նկարչին` վերանայել գերակշիռ արևելյան երանգները, փոխարինել մեկ բյուզանդականով, մեկ էլ հռոմեականով, մի խոսքով, արևմտյանով: Պատվիրատուն բազմիցս հրաժարվել է պատվերից։ Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն սկսվել է եկեղեցու որմնազարդումը, հայտարարել է, որ կարող է ընդհանրապես հրաժարվել որմնանկարներից: Մի խոսքով, ինչպես գրում էր Վարդգեսն իր ավագ եղբորը, «… նրա տրամադրությունը կախված է ակցիաների բարձրացումից կամ իջեցումից, հատկապես պոդագրայից…»:

Թվում է, Սուրենյանցին ավելի հեշտ կլիներ հրաժարվել պատվերից, բայց ինչ-որ բան ամուր պահում էր նրան: Ցավոք, մեզ են հասել միայն գմբեթատակ և խորանի վերին հատվածի որմնանկարները, մնացածի մասին կարելի է դատել պահպանված էսքիզների շնորհիվ, որոնք, ի դեպ, պահվում են Երևանի պետական պատկերասրահի արխիվներում ու չեն ցուցադրվում:

1917թ․ սարսափելի իրադարձություններից հետո Ղուկասովը փախչում է արտասահման: Սպիտակ գեներալ Մարտինովը բարձր գնահատելով նկարչի արվեստը և խոնարհվելով Սուրենյանցի առջև, առաջարկում է թողնել Յալթան, բայց ստանում է բացասական պատասխան: Սուրենյանցը հրաժարվում է նաև Անգլիա այցելելու հրավերից, որտեղ նա կկարողանար վերջապես ստանալ այդքան երկարատև պատվերի վարձը, ինչը թույլ կտար մինչև կյանքի վերջ ապրել անկարիք:

Յալթայի մեծամեծները պատմում էին․ «… Եկեղեցու մոտ ձախ անկյունում թաղված նկարիչը տարօրինակություններ ունեցող մի շատ համեստ մարդ էր: Ապրում էր եկեղեցում ողորմությամբ, անընդհատ նկարում ու նկարում էր: Իսկ 21 թվին ընկավ եկեղեցու գմբեթատակի որմնանկարները պատկերելուց եւ մի քանի օր անց մահացավ…»:

Կարմիր կոմիսարը թաղման ժամանակ ջերմ մահախոսական ասելուց հետո, պահակախմբին հրամայել է քսան համազարկով պատվել մեծ նկարչի հիշատակը:

 

Այս գեղեցիկ տաճարի մոտ են նկարահանվել բազմաթիվ հայտնի և ոչ հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են 1930 թ. – «Սուրբ Յորգենի տոնը» (ռուս. Праздник святого Йоргена), 1955 թ. – «Օվոդ» (ռուս. Овод), 1966 թ. – «Երեք չաղլիկները» (ռուս. Три толстяка), 1968 թ. – «Վահան և սուր» (ռուս. Щит и меч), 2000 թ. – «Ճակատագիրը» (ռուս. Судьба) և այլն:

 

Ստորև ներկայացնում ենք մի քանի նկարիչների կտավներ հիշյալ եկեղեցու պատկերով:

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)