ՌԴ Պետական դուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի պետական Դուման երեկ գումարած դռնբաց նիստում ձայների մեծամասնությամբ վավերացրել է Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանն ու ԵԱՏՄ-ն առևտրի ազատ գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրել են Աստանայում, 2018թ․մայիսի 17-ին։

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սանային Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման առնչությամբ ավելի վաղ ասել էր, որ այդ կապակցությամբ բանակցությունները սկսվել են 2 տարի առաջ։ Արդյունքում, երկար խորհրդակցություններից հետո, մշակվել ու համաձայնեցվել է այն ապրանքների ցուցակը, որոնց մի մասի պարագայում մաքսատուրքերը կրճատվելու, մի մասի պարագայում էլ ընդհանրապես հանվելու են:

ՌԴ-ում Իրանի դեսպանը հեռանկարում իր երկրի համար այս համաձայնագրի օգուտների մասին ասել է. «Համաձայնագիրը գործադրման հանձնվելուց հետո, տարածաշրջանային առևտրի ուղղությամբ դյուրություններ են ստեղծվելու, իսկ մաքսատուրքերի կրճատումն օգնելու է Իրանի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը»: