Կորսված արժեք

Թիֆլիսը Հայոց քաղաքակրթության խոշորագույն կենտրոններից մեկն էր՝ օժտված հոգևոր լիցքերով: Ժամանակին այստեղ են գործել հայ ընտրախավը՝ ազնվականությունը, հոգևոր դասը, արարելով արժեքներ, ստեղծելով շքեղ մթնոլորտ ու կենցաղավարության բարձր մշակույթ: Քաղաքում հաճախ կարելի է հանդիպել հայ մարդու կառուցած տների և այլ կառույցների, որոնք ունեն գեղագիտական ու ճարտարապետական մեծ արժեք:

Այս առումով առանձնապես հիշատակության է արժանի Սոլոլակ նշանավոր թաղամասը, որտեղ բնակվում էին հայ ազնվականները, մեծահարուստները, առևտրականներն ու բանկիրները:  Ի դեպ, ‹‹Սոլոլակ›› անվանումը նշանակում է սահող, սողացող վայր, քանի որ այստեղ բնահողը սորուն է:

Մեծարժեք բազմաթիվ շինություններից հիշատակենք Ա. Մանթաշյանցի, Մ. Արամյանցի, Ն. Բոզարջյանցի, Ա. Մելիք-Ազարյանցի և այլոց տները՝ գեղեցիկ հորինվածքով, հոյակերտ բարձրաքանդակներով, հարթաքանդակներով, ճաղաշարքերով, շքամուտքերով, խոյակներով, քիվերով, վառարաններով, ներքին հարդարանքով ու այլ մանրամասներով: Դրանք ներկայացնում էին քաղաքաշինական և ճարտարապետական ներդաշնակ միջավայր, համակառույց, որտեղ ամեն ինչ կարևոր էր։ Այն հայերի քաղաքաշինական տաղանդի դրսևորումն էր: Այսօրվա վայրենի բարքերի պայմաններում, երբ շատ չափանիշներ ու սկզբունքներ կորսված են, ինչ-որ պատրվակով բազմաթիվ կառույցներ հողին են հավասարեցվում, պետք է ջանքեր գործադրել որոշ արժեքներ փրկելու համար:

Ներկայացնենք ոչ վաղ անցյալում եղած գեղեցիկ ավանդույթներից ընդամենը մեկը։ Նախկինում մարդկանց պատկերացումներում տունն սկսվում էր ոչ թե բնակարանից, այլ փողոցից ու բակից, ուստի և պատահական չէր, որ դրանք կոկիկ, խնամված ու բարեկարգված էին. փողոցները սալարկված էին, իսկ շենքերի մերձակայքում կային գեղակերտ շատրվաններ, լապտերասյուներ և այլն: Գնահատանքի էր արժանի նաև շքամուտքերի հարդարման բարձր մակարդակը, որը հիշեցնում է եվրոպական քաղաքների կառուցապատման չափանիշները: Ըստ շինարվեստի վաղնջական ավանդույթի, տների մուտքի շեմին գրվում էին ողջույնի հետևյալ բառերը՝ ‹‹Համեցեք››, ‹‹Բարի եկաք›› և այլն:

Բազում օրինակներից հիշատակենք մի քանիսը՝ Սոլոլակ թաղամասի Մուղնու նրբանցքի Գևորգ ավագ քահանա Թեյմուրազյանցի տան շքամուտքի մարմարյա գրությունը (շենքը 20-րդ դարասկզբին կառուցել է ճարտարապետ Մովսես Օհանջանյանը), նույն թաղամասի Աբովյան (նախկին՝ Դվորյանսկայա) փողոցի՝ վաճառական Կարապետ Ներսիսյանին պատկանող թիվ 7 տան շքամուտքի գրությունը: Հետաքրքրություն է ներկայացնում նաև Կուկիա թաղամասի Ծինամձղվարի (նախկին՝ Ելիզավետինյան) և Տղվիավի (նախկին՝ Ցերկովնայա) փողոցների անկյունում գտնվող ճարտարագետ-շինարար Աղունակյանի (Աղունակով) տան շեմը՝ մակագրությամբ, ուր նշված է նաև կառուցման թվականը՝ 1904: Այսօր մուտքը փակ է:

Հարկ է արձանագրել մի կարևոր հանգամանք. վերը նշված բարեմաղթանքի խոսքերը  նաև բացասական լիցքերը վանելու, չեզոքացնելու և դրական մթնոլորտ հաստատելու խորհուրդ ունեն: Այսինքն՝ մենք գործ ունենք հոգևոր լուրջ ավանդույթի հետ:

Այսօր Երևանում իշխողը, ցավոք, շեմի անգլերեն մակագրություններն են՝ ‹‹Wellcom››, որը օտարամոլության և ազգային ավանդույթի անտեսման  ակնառու դրսևորում է: Կարծում ենք, գեղեցիկ ու մեծ խորհուրդ ունեցող ավանդույթը վերականգնելու ժամանակն է: Գուցեև ճիշտ կլինի  սկսել հայեցի մակագրությամբ շեմաշորերի արտադրությունը:

 

Ռուբեն Նահատակյան