Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դեմ չարտահայտվեց այլասերվածության քարոզչությանը

Այդպես էլ չլսվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի «ոչ»-ը, արգելքը, սկզբունքային մերժումը Հայաստանում նոյեմբերի 15-18-ը նախատեսված այլասերվածների համաժողովի առնչությամբ։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում պարզապես ասել է, որ համաժողովը չի լինելու, այդ պահին ինքը նպատակահարմար չի գտնում, որ անցկացվի Հայաստանում նաև ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով։ Ասել է նաև, որ բացատրական աշխատանք են տարել, որպեսզի Հայաստանում տեղի չունենա այդ համաժողովը։

Պարոն Օսիպյան, ֆորումը չպետք է անցկացվի, որովհետև այլասերման քարոզը սպառնալիք է մեր ժողովրդի հոգևոր անվտանգության համար, և մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է ԼԳԲՏ կոչվող այդ զազրելի պղծությանն ու դրա քարոզին,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։- Եվ ի՞նչ է նշանակում «այս պահին նպատակահարմար չէ»։ Դուք մտածու՞մ եք, որ հնարավոր է գա պահը, երբ Հայաստանում նման կարգի այլասերվածների միջազգային ֆորումի անցկացումը կարող է նպատակահարմա՞ր լինել»․․․

Խոսքն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ /համասեռամոլ/, բիսեքսուալ, տրանսվիստիտ) «քրիստոնյաների» միջազգային համաժողովի (ֆորումի) մասին է։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ԼԳԲՏ-ները կամ այլասերվածներն ի՞նչ քրիստոնյա․․․Բացի նրանից, որ «ԼԳԲՏ» և «քրիստոնյա» հասկացությունները բացարձակապես անհամատեղելի են, այլասերվածների կողմից քրիստոնյա ներկայանալն արդեն իսկ սրբապղծություն է:

Սրբապղծության հանգամանքն ավելի է ընդգծվում, դառնում կրկնակի, երբ ծանոթանում ենք այս տարվա համաժողովի թեմային՝ «Քաջացեք, քանի որ ես հաղթել եմ աշխարհին»: Ինչպես հայտնի է, աշխարհում առ այսօր հաղթել է միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը, և այլասերվածները վերցրել են հենց նրա խոսքը, որը գրված է Հովհաննեսի Ավետարանում. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացե՛ք. ես հաղթել եմ աշխարհին» (Հովհ. 16.33):

Այլասերվածները համարելով, որ իրենք աշխարհում նեղություն ունեն՝ հալածվում են, տարբեր երկրներում տարբեր ժողովուրդների առողջ մեծամասնության կողմից առնվազն քննադատվում են, պախարակվում, արհամարհվում, մերժվում, չեն ընդունվում, այս իմաստով իրենց համեմատել են Քրիստոսի կամ առաջին քրիստոնյաների հետ։ Նրանք, ըստ էության, թքել են այն հանգամանքի վրա, որ Քրիստոսը հիմնականում հրեաների կողմից նեղություն ուներ որպես Աստծո Որդի, ինչպես նաև իր ուսմունքի համար, որը մարդկանց առաջնորդում էր դեպի փրկություն, իսկ իրենք լինելով աստվածային ու բնական ճանապարհից շեղվածներ, նեղություն ունեն տրամագծորեն հակառակ պատճառով՝ որպես Սոդոմի և Գոմորի, այսինքն՝ կործանման ճանապարհն ընտրածներ, որոնք իրենց քարոզչությամբ ուրիշներին էլ կարող են գայթակղել, շեղել ճիշտ ճանապարհից և իրենց հետ տանել դեպի հոգևոր ու մարմնավոր կործանում, դեպի ամլացում:

Ավելին. նրանք համարելով, որ իրենք էլ Քրիստոսի և առաջին քրիստոնյաների նման նեղություն ունեն, միմյանց և իրենց նմաններին կոչ են անում քաջալ, խիզախել, համարձակվել, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, «դուխով» լինել: Այսինքն՝ կոչ անելով այս առումով վարվել Քրիստոսի և առաջին քրիստոնյաների նման, նրանք այս դեպքում էլ անտեսում են այն հանգամանքը, որ Քրիստոսը և առաջին քրիստոնյաները քաջացին իրենց և այլ մարդկանց փրկության համար, մինչդեռ իրենք եթե խիզախեն, օրինակ, հասարակության մեջ ավելի ցինիկ, լկտի կերպով հանդես գան, իշխանությունների վրա ճնշում գործադրեն՝ իրենց «իրավունքներն» ամրագրող օրենքների ընդունմանը հասնելու համար և այլն, իրենց քաջելը նշանակելու է ավելի մեծաթիվ մարդկանց հոգևոր ու մարմնավոր կործանում, հասարակության ամլացում, հասարակական բարքերի այլասերում:

Ի վերջո, անդրադառնանք այլասերվածների համաժողովի այս տարվա թեմայի վերջին դրվագին՝ «ես հաղթել եմ աշխարհին»: Այս դեպքում Քրիստոսի՞ն են նկատի ունեցել, թե իրենց… Կարծում ենք, հե՛նց իրենց, քանի որ եթե նրանք, այնուամենայնիվ, թեկուզ և մեկ այլ ժամանակ հաջողացնեն իրենց պիղծ համաժողովն անցկացնել մեր սուրբ հողում՝ Հայաստանում, որն իր առաքելական ճշմարիտ և անսասան հավատքով քրիստոնեության միջնաբերդն է, եթե մեր հասարակությունը չմիավորվի ու միահամուռ թույլ չտա դա, ապա կարելի է ասել, որ «Բաստիոնն ընկավ», որ նրանք, այո, հաղթեցին աշխարհին: Որևէ կասկած չունենաք, որ իրենք՝ այլասերվածները, հենց այդպես են համարելու: Համաժողովի բուն նպատակը մատնում է հատուկ ընտրված ու միաժամանակ կարգախոս հանդիսացող «Քաջացեք, քանի որ ես հաղթել եմ աշխարհին» թեման:

Դիտելով այլ երկրներում այլասերվածների շքերթների ժամանակ տեղի ունեցած բախումները պատկերող տեսանյութերը, հասկանում ենք, որ այսպես է ժողովուրդն իշխանություններին ու պետությանն իրեն թշնամի համարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ…

ԼԳԲՏ-ների համաժողովի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ընթերցողների համար հասկանալի դարձնելու նպատակով, վերլուծաբար ներկայացնենք ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պատասխան- արձագանքը համաժողովի ու դրան հաջորդելիք այլասերվածների հնարավոր քայլերթի առնչությամբ ԱԺ-ի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած հարցին ու խնդրանքին:

«Ես կարծում եմ, որ մենք էս պրոբլեմատիկան քննարկելիս, պետք է, բացի մեր վերաբերմունքն արտահայտելը, մի հատ հասկանանք՝ սա մեզ համար պրոբլե՞մ ա, թե պրոբլեմ չի,- ԱԺ ամբիոնից նույն նիստի ընթացքում ասաց Նիիոլ Փաշինյանը:- Եվ սա եթե մեզ համար պրոբլեմ ա, ոնց ենք վերաբերվում էդ պրոբլեմին»:

Պարզվում է, Փաշինյանը լինելով նույնիսկ երկրի վարչապետ, դեռ չի հասկացել՝ «սա մեզ համար պրոբլե՞մ ա, թե պրոբլեմ չի»: Մեղմ ասած, շա՜տ տարօրինակ է… Ի վերջո, եթե «պրոբլեմ» (հայերեն՝ հիմնախնդիր) չէ, ապա այդ ո՞ր «պրոբլեմատիկան» է նա քննարկում կամ պատրաստվում քննարկել պատգամավորների հետ…

«Իսկ հարցը հետևյալն ա.- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:- Մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում և աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, ընդունում ենք, որ կան էդ մարդիկ: Եթե ընդունում ենք, որ կան, իսկ ընդունել-չընդունելիս ելնելու ենք էն փաստից, որը կա՞, թե ելնելու ենք մեր ցանկություններից (այս հարցադրումն ակնհայտ դատարկաբանություն կամ ավելորդաբանություն է, որովհետև եթե ընդունում ենք, որ կան, ուրեմն պարզ է, որ  ելնելու ենք այն փաստից, որը կա.- Ա. Հ.): Եթե կան էդ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում էդ մարդկանց, ի՞նչ վերաբերմունք ենք ցույց տալիս:

Սովետական Միության մեջ պարզ էր ամեն ինչ, Քրեական օրենսգրքում գրված էր հոդված, եթե պարզվում էր, որ մարդը էդպիսին ա, տանում էին, բանտ էին նստացնում: Սա հարցի շատ կոնկրետ լուծում ա և վերաբերմունք ա, և այլն: Դրանից առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին և այլն, և այլն, և այլն: Հիմա, էսօր մենք ի՞նչ ենք անում:

Ես ձեզ անկեղծ ասեմ. ինձ համար, որպես վարչապետ, և մեր կառավարության համար ինչքան էդ թեման քիչ բարձրանա, էնքան լավ, որովհետև դա գլխացավանք ա, հեսա կեսը կասեն՝ աաա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը երևի կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը և այլն, և այլն, և այլն: Բա՛յց, մենք բոլորով, ոչ միայն կառավարությունը, պետք է հասկանանք ինչ ենք անում, եկեք որոշենք՝ ինչ ենք անում, եկեք որոշենք՝ մենք Քրեական օրենսգրքում հոդվա՞ծ ենք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք էդ մարդկանց բոլորին հավաքում ենք, Հայաստանից դո՞ւրս ենք անում, եկեք որոշենք՝ մենք իրենց գոյությունը, որպես էդպիսին, ընդունում ենք, որ կան էդպիսի՞ն, թե՞ ասում ենք՝ գիտեք ինչ, քարոզչություն մի տարեք, էսպես ասած, ձեր համայնքն ընդլայնելու և ուրիշներին ներգրավելու և… Չգիտեմ… Չգիտեմ…

Սա շատ լուրջ հարց ա, որովհետև ես մտածում եմ, որ մեր կառավարությունը դեռ ինչ-որ ձևով այս հարցից բան կանի՝ ձևեր կա, կխուսափի: Բայց, չգիտեմ, տասը, թե 20, թե 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որը առերեսվելու է այս պրոբլեմի հետ, և այդ կառավարությունն այդ օրը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում ա, բոլորին տրորում ա, գնդակահարո՞ւմ ա, թե ինքը ճանաչում է էդ մարդկանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում»:

Քանի որ Փաշինյանը դեռ չի հասկացել կամ այդ առումով միգուցե անհանգիստ է, միանգամից ասենք․ այո, մենք ընդունում ենք, որ Հայաստանում, ինչպես աշխարհի երևի ցանկացած երկրում, կան մարդիկ, ովքեր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մեղմ բնորոշմամբ, «ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում», իսկ եթե ավելի պարզ ասենք՝ այլասերված են, Աստծո ու բնության կարգից շեղվածներ, սոդոմական կործանման ճանապարհը թեկուզ չհասկանալով ընտրածներ: Իրականությունը, ցանկանաս թե չցանկանաս, չես կարող չընդունել, հետևաբար ավելորդ հարցադրմամբ պետք չէ պատգամավորների և հասարակության ուշադրությունը շեղել:

Պատասխանենք վարչապետի պաշտոնակատարի հաջորդ հարցին՝ «Եթե կան էդ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում էդ մարդկանց, ի՞նչ վերաբերմունք ենք ցույց տալիս»: Մեր հասարակությունը ոչ մի բան էլ չի պատրաստվում անել այդ մարդկանց, պատգամավորներն էլ մտադրություն չունեին նրանց այլասերվածությունն արտահայտղ արարքների համար պատիժ նախատեսող հոդված ավելացնել Քրեական օրենսգրքում, որպեսզի ԼԳԲՏ-ներին տանեն- նստացնեն։ Ո՛չ այդ մարդկանց բոլորին հավաքելու, Հայաստանից դուրս հանելու առաջարկ էին ներկայացնելու, ոչ էլ, առավել ևս, առաջարկելու էին կախաղան բարձրացնել, տանկերը հանել, բոլորին տրորել կամ գնդակահարել, հետևաբար երբ Փաշինյանը դարձյալ ավելորդաբար խոսեց այս մասին, դժվար է այլ եզրակացություն կատարել բացի նրանից, որ վարչապետի պաշտոնակատարն այդ հնարքով դարձյալ նպատակ ունի պատգամավորների և հասարակության ուշադրությունը շեղել բուն խնդրից։ Իսկ բուն խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է օրենսդրորեն արգելել միասեռականությանը և այլասերվածության մյուս դրսևորումներին մարդկանց աչքը, միտքն ու հոգին ընտելացնելու, այդ առումով եղած կարծրատիպերը կոտրելու, ուրիշներին ներգրավելու միջոցով ԼԳԲՏ-ների համայնքն ընդլայնելու կամ այլ նպատակով այլասերվածության ուղղակի և անուղղակի քարոզչությունը՝ լինի դա ԶԼՄ-ներով, հասարակական միջավայրում սոցիալական գովազդներով, թե այլ կերպ:

Անհրաժեշտ է նաև օրենսդրորեն արգելել այլասերվածի կամ այլասերվածների կողմից երեխայի որդեգրումը, այլասերվածների ամուսնության պաշտոնական գրանցումը, կրթական, դաստիարակչական հաստատություններում ու պետական բարձր պաշտոններում նրանց նշանակումը: Մե՞ծ բան է մեր հասարակության գերակշիռ մեծամասնության ուզածը Փաշինյանից, կառավարությունից, ՀՀ իշխանություններից…

Անշուշտ, մեծ բան չէ, բայց դժվար է այդ ամենն ակնկալել Փաշինյանից, ով ռեստորանում սեղան է նստել ու բաժակ խփել աշխարհահռչակ միասեռական Էլթոն Ջոնի հետ, ով չհրաժարվելով լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների իրավունքների պաշտպան, այլասերվածների միջև պիղծ կապերը սիրո և անկախ ինքնության դրսևորում համարող կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, դարձյալ այլասերվածների իրավունքների պաշտպան նրա ամուսնու՝ Ատոմ Էգոյանի աջակցությունից, «թավշյա հեղափոխության» օրերին Խանջյանի և Էգոյանի բարոյական աջակցությունն ունենալու համար, նրանց Հայաստան է հրավիրել, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո, սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնել նրանց:

Ավելին. դժվար է մեր հասարակության գերակշիռ մեծամասնության (առնվազն 98 տոկոսի) հիշյալ ցանկությունների, պահանջների կատարումն ակնկալել ՀՀ վարչապետի պաշտոնակատարից, ով դեռ վարչապետի պաշտոնում իր տեղակալ է նշանակել այլասերվածների իրավունքների մեկ այլ պաշտպանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում գտնվող (ՔՊ-ի վարչության անդամ) Տիգրան Ավինյանին: Վերջինը վարչապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ առաջ, մի քննարկման շրջանակում անդրադառնալով այլասերվածների խնդրին, ասել է, որ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի քայլ-քայլ գանք մի իրավիճակի, երբ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված կլինի օրենքով, Սահմանադրությամբ, և կունենա հնարավորություն, այսինքն՝ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, բոլոր խմբերը…»:

Ընդգծենք, որ Ավինյանի այս խոսքը պետք է նկատի ունենալ համատեքստում, քննարկման բուն թեմայի շրջանակում: Բոլոր խմբերը՝ նշանակում է նաև՝ ԼԳԲՏ-ները։ Ձեզ հայտնի ու գուցե նաև անհայտ բոլոր այլասերվածները, ըստ Ավինյանի, պետք է ունենան հավասար հնարավորություններ, այսինքն նաև՝ քարոզչության, երեխա որդեգրելու իրավունքներ և այլն: Սա խայտառակություն է, ավելին՝ զարհուրելի… Վերոնշյալ խնդրի առնչությամբ Փաշինյանի վարքից, վերաբերմունքից բնավ պետք չէ զարմանալ, քանի որ Հայաստանում միասեռականության պաշտպաններից ու քարոզիչներից երկուսը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը և «Կանանց աջակցման կենտրոն» հկ-ի ղեկավար Մարո Մաթոսյանը, հենց «Քաղաքացիական պայմանագիր» հոգաբարձուների խորհրդում էին և են։

Ավելին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչության անդամն է Նիկոլ Փաշինյանը, ներկայիս Ազգային ժողովի ընտրություններից առաջ պատասխանելով մի հարցման, գրավոր հայտնել է, որ Հայաստանում այլասերվածները նույնպես պետք է ունենան այն բոլոր, այն նույն իրավունքները, ինչ սովորական մարդիկ: Ընդգծում ենք՝ այն բոլոր իրավունքները, այսինքն նաև՝ քարոզչության, երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները պետական մարմնում պաշտոնապես գրանցելու և այլն: Ահա թե մեր ժողովրդի մի մասը (երբեք չշփոթեք ողջ ժողովրդի հետ, որքան էլ Փաշինյանը և մյուսները ժողովրդի անունից խոսեն) ո՛ւմ է բերել իշխանության: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ հարկ է լավ մտածել…

 

Արթուր Հովհաննիսյան