Վրաստանում ԱՄՆ-ն կկառուցի ցատկի օդանավակայան

Ռուսաստանի նախկին ռազմակայանը կվերածվի ՆԱՏՕ-ի լոգիստիկ կենտրոնի

 

Վրաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են մինչև 2007 թվականը Ռուսաստանի կողմից օգտագործվող Վազիանի օդանավակայանի հիմքի վրա կառուցել ՆԱՏՕ-ի խոշոր ռազմական լոգիստիկ կենտրոն։ Արդիականացումից հետո թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ամերիկյան նույնիսկ ամենախոշոր ինքնաթիռները։ Վրաց փորձագետների կարծիքով, նոր օբյեկտն օգտագործվելու է զորավարժություններին մասնակցող զինուժի տեղափոխման համար, սակայն կարող է օգտագործվել նաև տարածաշրջանում իրավիճակի իրական սրման դեպքում։

Թբիլիսիի արվարձանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո օդանավակայանի կառուցման պայմանավորվածության ձեռքբերման մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Նա այդ արել է ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության ղեկավար գեներալ Սթիվեն Լայոնսի հետ բանակցություններից անմիջապես հետո։

«Վազիանի ռազմակայանի հիման վրա մենք մտադիր ենք կյանքի կոչել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին ներկայացված Վրաստանի և ՆԱՏՕ-ի պաշտպանական պատրաստականության համատեղ կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը», – ասել է գեներալը։ Ս․ Լայոնսը բացատրել է, որ նման կենտրոնի արդյունավետ գործունեության համար «անհրաժեշտ է համապատասխան ռազմական ենթակառուցվածքի առկայությունը», և նոր օդանավակայանը «կհանդիսանա այդ ենթակառուցվածքի կարևորագույն բաղկացուցիչը»։

Պաշտպանության նախարար Լ․ Իզորիան նշել է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի պաշտպանական պատրաստականության համատեղ կենտրոնի ստեղծումը «նոր մակարդակի վրա կբարձրացնի» երկրի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ընդ որում, Վազիանիի կենտրոնը ՆԱՏՕ-ի թվով երրորդ օբյեկտը կդառնա Վրաստանում։ Առաջին կենտրոնը հանդիսանում է Սաչխերեում տեղակայված լեռնային հրաձիգների նախապատրաստման կենտրոնը, իսկ երկրորդը՝ Կրցանիսիի ուսումնա-մարզական կենտրոնը, որի բացմանը 2015 թ․-ին անձամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այս տարվա հոկտեմբերին Բրյուսել կատարած այցի ժամանակ Լևան Իզորիան ՆԱՏՕ-ին առաջարկեց շարունակել ռազմական ենթակառուցվածքների զարգացումը Վրաստանում՝ ի նկատի ունենալով հենց Վազիանիի ռազմակայանը, որն արդիականացումից հետո ունակ է ընդունելու ԱՄՆ նույնիսկ ամենախոշոր ռազմական-տրանսպորտային ինքնաթիռները։ Սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ է սկսվելու նոր օդանավակայնի շինարարությունը և ինչ արժեք է ունենալու։ Ըստ Իզորիայի խոսքերի, այդ տեխնիկական մանրամասները «գտնվում են քննարկման փուլում»։

Նոր ռազմական օդանավակայանի շահագործումը կուժեղացնի Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ։ Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման ծրագրի շրջանակներում Պենտագոնն այժմ պատրաստում է վրացական բանակի ինը ստորաբաժանումներ։ Իսկ վերջերս կովկասյան այս երկիրը ԱՄՆ-ից «Javelin» հակատանկային հրթիռային համալիրներ է ստացել։

Վրացական ռազմա-վերլուծական «Արսենալի» հանդեսի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին «Կոմերսանտ» թերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Վազիանի օդանավակայանն անհրաժեշտ է դեպի Հարավային Կովկաս զինուժի և միջոցների արագ տեղափոխման համար՝ վերջինում իրավիճակի սրման պարագայում։ Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ զինվորական հրամանատարության ընտրությունը Վազիանիի հարցով պատահական չի եղել։

Պրն Ալադաշվիլին հիշեցրել է, որ «այդ տեղանքում ռազմական օդանավակայնը կառուցվել է դեռևս 1942 թ․-ին, և իր տեղակայման ռազմավարական նշանակության շնորհիվ, այն առանցքային դերակատարություն ունի ամբողջ Հարավային Կովկասում ռազմական ենթակառուցվածքների կերտման հարցում։

1992 թ․Ռուսաստանն իր օդուժը դուրս բերեց Վազիանիից, սակայն թողնելով այնտեղ ցամաքային ստորաբաժանումները, ստեղծեց ռազմակայան։ Ֆորմալ առումով այն Վրաստանին հանձնվեց 2001 թ․, սակայն ռուսական զորքերի դուրս բերումը շարունակվեց մինչև 2007 թվականը՝ ավարտվելով «հնգօրյա պատերազմից» մի քանի ամիս առաջ։

«Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Վազիանիում հաճախ է զորավարժություններ անցկացնում, – հիշեցրել է պրն Ալադաշվիլին, – իսկ ռազմական տեխնիկայի տեղափոխումն օդով ավելի հարմար է, քան ծովային ուղիներով»։ Սակայն, փորձագետն ընդգծում է, որ խոսք չի գնում Վրաստանում ՆԱՏՕ-ի լիարժեք ռազմակայանի ստեղծման մասին։ «Այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն շատ կարևոր քայլ է, որ դա նախատեսվում է»,- ամփոփել է պրն Ալադաշվիլին։

 

Գեորգի Դվալի (Թբիլիսի), Կիրիլ Կրիվոշեև

Աղբյուրը՝ kommersant.ru