«Դուխով» Փաշինյանի համարձակությունը չի բավականացնում հրաժարվել Եվրամիության հետ ՀՀ-ի ստորագրած որոշ փաստաթղթերից

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, երբ երեկվա «կուռքերը» համարձակորեն «մոռանում» իրենց իսկ խոստումներից շատերի մասին, որ շռայլորեն հնչեցրել են այս տարվա գարնանը։ Ինչպես հայտնի է, բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների թեման ամենացավոտներից մեկն է Հայաստանում։ Հատկապես, շարքային քաղաքացիների համար, և առանձնապես՝ ձմռան նախաշեմին։

Խոսք չկա, մեր երկրում մայիսից ի վեր, տարբեր ԶԼՄ-ներ նշում էին, թե նոր իշխանությունը փորձում է «որոշ քայլեր ձեռնարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնելու ուղղությամբ»։ ԶԼՄ-ներից այն ժամանակ տեղեկացանք նաև․«Բնագավառի համար պատասխանատուները Փաշինյանին ուղարկեցին KFW բանկ, որտեղ իրականացվում են բնագավառի բարելավման վարկային նախագծերը։ Մենք հետաքրքրվեցինք մեր կառավարական աղբյուրից, թե արդյոք իսկապես սպասվո՞ւմ է սակագների նվազում։ «Ընդամենը տասն օր է, ինչ մենք նշանակված ենք պաշտոններում, այդպիսի նպատակներ իսկապես կան, սակայն այն մասին, թե ինչպես և ինչ միջոցներով մեզ կհաջողվի իրականացնել դա, խոսելն առայժմ վաղ է, պետք է մի քիչ սպասել…»։

Սակայն, արդեն հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Փաշինյանը, ըստ էության, էներգիայի սակագների նվազման վերաբերյալ երկրի քաղաքացիների բոլոր հույսերը կարծես «շուռ տվեց» Ռուսաստանի վրա

«Նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ մենք բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում ցածր գնով։ Բայց ես ասացի, որ Հայաստանի քաղաքացու համար կարևոր է ոչ թե դա, այլ թե ինչ գնով է նա սպառում այդ գազը։ Այսինքն՝ հանրապետության քաղաքացին չի զգում, որ էժան գազ է ստանում Ռուսաստանից։ Այստեղ կարող են լինել անարդյունավետ կառավարման ռիսկեր, ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց Փաշինյանը, ընդ որում, հավելելով, որ նույնպիսի խնդիր կա նաև էլեկտրաէներգիայի հարցում։

Եվ այնուհետ մի «մեխ էլ խփեց», փորձելով ներշնչել  հայրենակիցներին, թե դա կախված չէ ո՛չ իրենից, ո՛չ էլ մեր էներգետիկայի նախարարությունից. «Կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես ըմբռնումով է մոտենում այն բանին, որ պետք է զբաղվել տվյալ հարցերով ու հասկանալ, թե ինչ է կատարվում։ Չեմ ուզում ժամանակից շուտ հայտարարություններ անել, բայց վստահեցնում եմ, որ մենք լրջորեն զբաղվում ենք այդ հարցերով և հուսով ենք, որ այդ առումով կլինեն կոնկրետ արդյունքներ»։

Սեպտեմբերի սկզբին նոր իշխանության արած հայտարարությունները ցույց տվեցին, որ ստացած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց մեր կողմից ուռճացված սակագներով վճարելու փաստը Փաշինյանը հանգեցնում է միայն՝ 1) Ռուսաստանի վերաբերյալ հարցին, 2) համապատասխան ընկերությունների կադրային կազմի ձևավորման ընթացքում ինչ-որ «չարաշահումների» հարցին, 3) «կոռուպցիայի» հարցին։

Facebook-ի իր էջում պատասխանելով քաղաքացիների հարցերին, Փաշինյանը հաղորդեց, որ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորման ուսումնասիրությամբ։ Ահա ևս մեկ հատված նրա խոսքից, «Էներգետիկ համակարգում կան որոշակի խնդիրներ, և դա պարզ հարց չէ։ Օրինակ, Հայաստանի ԱԷԿ-ում գրանցված են «ավելորդ» 500 աշխատակիցներ, որոնք, ըստ էության, զբաղեցնում են ստեղծված լրացուցիչ պաշտոններ, որոնց անհրաժեշտությունը չկա։ Բայց դրանք ստեղծվել են, մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում, ինչը լրացուցիչ ճնշում է գործում սակագնի վրա՝ 3 մլրդ դրամի տեսքով, իսկ դա նշանակում է, որ այդ գումարը հաշվի է առնված սակագնում»։

Նկատի ունենանք, որ ատոմային էներգետիկայի ոլորտը էականորեն տարբերվում է էներգետիկ այլ ոլորտներից։ Եվ եթե ոմանց թվում է, թե ՀԱԷԿ-ի հարցում էներգիայի սակագնի նվազման հետ կապված բոլոր խնդիրները կապված են «ավելորդ մարդկանց» հետ, ապա սկզբում պետք է անցկացվի կադրային իրավիճակի թափանցիկ փորձաքննություն։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը համարել է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում գլխավորն անվտանգությունն է՝ և՛ կայանի, և՛ անձնակազմի, և՛ բնակչության, ապա դրա հետ պետք է լրջորեն հաշվի նստել, այլ ոչ թե փնտրել «ավելորդ աշխատակիցներ»։

2017թ. փետրվարի 1-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1,22 դրամով։ Այսպիսով, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 7։00-ից մինչև 23։00) բնակչության համար նախկին 46,2 դրամից իջավ 44,98 դրամի՝ 1կվժ-ի դիմաց, իսկ գիշերայինը՝ 36,2 դրամից 34,98 դրամի (բոլոր սակագները ներկայացված են ԱԱՀ-ի հաշվառմամբ)։ Սակայն, սակագների այդ իջեցման հետ Փաշինյանը կապ չունի։

Վերադառնանք Փաշինյանի հայտարարություններին։ Նրա խոսքերով, ոլորտում առկա գլխավոր խնդիրը կարգուկանոնի և միասնական կանոնների ներդրումն է, իսկ ինչ վերաբերվում է սակագներին, ապա դրանք պետք է լինեն ոչ թե բարձր կամ ցածր, այլ արդյունավետ. «Ես հասկանում եմ սակագինն իջեցնելու ձգտման տրամաբանությունը, բայց կառաջարկեի դիտարկել հարցը այլ տեսանկյունից. անհրաժեշտ է ունենալ գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, վստահ լինել, որ այն ձևավորված է շուկայական արդյունավետ տրամաբանության շրջանակներում, և աշխատել այն ուղղությամբ, որ բնակչության եկամուտները աճեն, որպեսզի սակագինը մատչելի դառնա նրանց համար»։

Սա, ըստ էության, հրապարակային հրաժարում է գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնելու խոստումից։ Պարզվում է, մեր խնդիրն այն է, որ եկամուտները մեզանում ցածր են։ Այսինքն՝ հարցն ասես վերաձևակերպվում է։ Եվ մենք հասկանում ենք, թե ինչու. ախր Նիկոլ Փաշինյանի համարձակությունը չի բավականացնում հրաժարվել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած որոշ փաստաթղթերից, որոնց օգտին քվեարկել է նաև ինքը՝ Փաշինյանը, երբ դեռ պատգամավոր էր։ Չէ՞ որ Արևմուտքը պահանջել և պահանջում է, որ էներգիայի սակագները հետխորհրդային երկրներում համապատասխանեն «եվրաչափանիշային գներին»։ Ուկրաինայի օրինակն ակներև է. տարեցտարի ընթանում է բոլոր սակագների աճ։ Մեկը հետաձգում են, մյուսը՝ վիճարկում, բայց ոչ ավելին։

Հիշենք, որ 2016թ. ապրիլից կա միջկառավարական համաձայնագիր, ըստ որի, Ռուսաստանը իջեցրել է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը (սահմանի վրա) 165-ից մինչև 150 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար։ Ծրագրվում էր, որ 2018 թվականին գազի գները Հայաստանի համար կբարձրացվեն։ Սակայն, Երևանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով որոշում է ընդունվել Հայաստանի համար չբարձրացնել գազի սակագինը և այն թողնել հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարի մակարդակի վրա։ Երբ սեպտեմբերի 8-ին Փաշինյանը Մոսկվայում էր և բանակցություններ էր վարում Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ առաջնորդն ընդգծեց, որ «Գազպրոմը» Հայաստանին գազի մատակարարումն իրականացնում է նվազագույն սակագնով, որով վաճառում է գազն աշխարհում։

Գազի սակագինը ոչ թե պարզապես ավելացվում, այլ ուռճացվում է արդեն Հայաստան մտնելուց հետո։ Մենք՝ Հայաստանի բնակիչներս, հո գերազանց հիշում ենք, որ դեռևս 90-ական թվականներից էլեկտրաէներգիայի համար էլ վճարել ենք դրա ինքնարժեքի համեմատ շա՜տ ուռճացված սակագին։ Ռուսաստանի հետ «գազի վերաբերյալ» ինչ-որ բանակցություններ ծրագրվում էին նոյեմբերին։ Բայց… «իրավիճակը փոխվել է», ինչպես ապրիլից արտահայտվում է նոր իշխանությունը, հավանաբար կփոխվի նաև Մոսկվայի վերաբերմունքը։

 

Սերգեյ Շաքարյանց