Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով. Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքը

Սպահանի Նոր Ջուղայում հաստատվելու առաջին իսկ տարում՝ 1606 թվականին, բռնագաղթի ենթարկված ջուղայեցիները, ի հիշատակ հայրենի հողում թողած Սուրբ Ամենափրկիչ վանքի, հիմնել են նույնանուն վանք:

30 տարի անց՝ 1636 թվականին Խաչատուր վրդ. Կեսարացու ջանքերով վանքում հիմնադրվել է Իրանի և Միջին Արևելքի առաջին տպարանը: Այս տպարանը զբաղեցնում է Հայոց տպագրության պատվավոր 7-րդ տեղը հետևյալ քաղաքներից հետո՝ Վիեննա (1512), Կ.Պոլիս (1567), Հռոմ (1584), Լվով (1616), Միլան (1621), Փարիզ (1633):

1655 թ. վանքի տարածքում փոքր եկեղեցու փոխարեն հիմնադրվել է Սուրբ Հովսեփ Արեմաթացի Մայր Տաճարը, որի կառուցումն ավարտվել է 1664 թ.: Այդ մասին վկայում է եկեղեցու արևմտյան դռան ճակատի արձանագրությունը.

«ՀԻՄՆԱՐԿԵՑԱՒ ԱՄԵՆԱՓՐԿՉԻ ՎԱՆՔՍ Ի ԹԻՎՆ ՌՃԴ. (1655), Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇԱՀ ԱԲԲԱՍԻՆ ԵՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՓԻԼԻՊՊՈՍԻ, Ի ՁԵՌՆ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԱՒԹԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ, ԿԱՄԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵՒ ՏՐՕՔ ՋՈՒՂԱՅՈՒ ԺՈՂՈՎՐԴՈՑ, ԵՒ ԱՒԱՐՏԵՑԱՒ ՌՃԺԳ. (1664) ԱՄԻ։ ՈՐՔԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ԱՂԱՉԱՆՕՔ ՈՐՔ Ի ՍՄԱ ԿԱՏԱՐԻ՝ ԼԻՑԻ ՄԱՍՆ ԵՒ ԲԱԺԻՆ ՀԱՐԿ ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՒ ՆՆՋԵՑԵԼՈՑ»

1702 թ. եկեղեցու մուտքի առջև կառուցվել է վանքի եռահարկ զանգակատունը:  Պաշտամունքային կենտրոնից և զանգակատնից բացի, վանքի բակում դարերի ընթացքում կատարվել են թաղումներ, ինչպես նաև կառուցվել վանականների խցեր և բազմաթիվ այլ շինություններ, ինչպիսիք են մատենադարանը, թանգարանը, գրադարանը, Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը: Վանքի շրջապարսպի դարպասի մուտքի վերևում 1931 թ. կառուցվել է քառակուսի բարձր աշտարակ, որի չորս երեսներին տեղադրված է ժամացույց:

Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքը հանդիսանալով Հայ Առաքելական Եկեղեցու Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդանիստ, 1958 թ. անջատվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո, պահելով թեմի անվանումն ևս 2 տարի: Դրանից հետո թեմը երկու անգամ վերանավանվել է. 1960 թ.՝ Սպահանի և Հարավային Իրանի թեմ, 1995 թ.՝ Սպահանի թեմ:

Ստորև ներկայացնում ենք մի քանի նկարիչների վրձնին պատկանող և Սպահանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկերող նկարներ։

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)