Սիրիա․ թուրքամետ ահաբեկիչների ջարդը և Իսրայելի՝ պատերազմ սկսելու սպառնալիքը

Սիրիայում սաղմնավորվում է լարվածության նոր ու, թերևս, ավելի մեծ օջախ՝ բախում մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի զինծառայողների միջև, կապված Ռուսաստանի կողմից Սիրիայի զինված ուժերին վերջերս տրված և արդեն մարտական հերթափոխի կանգնած С-300 զենիթա-հրթիռային համալիրների հետ։

Սակայն, մինչ վերոնշյալին անդրադառնալը, պատմենք այն մասին, որ վերջին 2-3 օրերի ընթացքում Սիրիայում հաճախացել են լուրերը, որոնցում ընգծվում է, որ Սիրիան և իր դաշնակիցները կռվում են թուրքամետ ահաբեկչական խմբավորումների հետ։ Նոյեմբերի 5-6-ին Սիրիական բանակը խափանել է ահաբեկչական խմբավորումների փորձը՝ թափանցելու Խամայի նահանգի հյուսիսային դիրքեր, և կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել նրանց։ Ինչպես հայտնել է САНА գործակալության թղթակիցը, Խամայի նահանգի Մխարդե շրջանի Շիլուտ բնակավայրի մոտակայքում զինվորականները հետ են մղել Ազ-Զաքաթ գյուղ ներխուժելու ահաբեկիչների փորձը, ոչնչացնելով հարձակվողների մեծ մասին։ Թել Աս-Սահր բնակավայրի ուղղությամբ բանակը ականանետային հարվածներ է հասցրել, հավելել է թղթակիցը։ Բացի դրանից, սիրիական զինվորականները հարվածել են «Ջեբհաթ Ան-Նուսրա» և, այսպես կոչված, «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» («Հիզբ ալ-Իսլամի աթ-Թուրքեստան») ահաբեկչական խմբավորումների դիրքերին, որոնք խախտել էին Իդլիբյան գոտու ապառազմականացման պայմանավորվածությունը։ Զոհվել են բազմաթիվ թյուրք ահաբեկիչներ։

Կատարվածը չդարձավ հերթական մի «անախորժ դրվագ» (Թուրքիան հաճախ այդպես է բնութագրում է թուրքամետ ահաբեկիչների գործողությունները Սիրիայում), քանզի արդեն նոյեմբերի 7-ին նույն САНА գործակալության թղթակիցները նորից հաղորդեցին թյուրքերի հետ Սիրիական բանակի մարտերի մասին։ Խամա նահանգի հյուսիսում Սիրիայի բանակային ստորաբաժանումներն ուժգին հարվածներ են հասցրել ահաբեկչական «Հիզբ ալ-Իսլամի աթ-Թուրքեստան» խմբավորմանը, որը փորձում էր ճեղքել Սիրիական բանակի դիրքերը։ Արդյունքում, ինչպես հայտնել է Սիրիական բանակի Գլխավոր շտաբը, ահաբեկիչները ծանր կուրուստներ են կրել։

Այնուհետև САНА-ն կարծես թե շեշտադրում է իր հաղորդագրության հակաթուրքական ակնարկը․ «Հարկ է նշել, որ «Հիզբ ալ-Իսլամի աթ-Թուրքեստան» հրոսակախմբի շարքերում կան բազմաթիվ օտարերկրյա վարձկաններ, որոնք Սիրիա են թափանցել թուրքական սահմանով։ Խաղաղ բնակչությանը նրանք օգտագործում են որպես կենդանի վահան»։

Այսպիսով, հաշվի առնելով Սիրիայի, Ռուսաստանի ու Իրանի միջև փախադարձ պայմանավորվածությունները, թուրքամետ ահաբեկիչներին ուղղված հարվածները հարկ է համարել Դամասկոսի, Մոսկվայի ու Թեհրանի համատեղ որոշում։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհը շուտով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիրքորոշումներում լուրջ տարաձայնություններ կտեսնի Իդլիբյան գոտու ապառազմականացմանը և, համապատասխանաբար, Իդլիբում գտնվող «սիրիական չափավոր ընդդիմության» ջոկատներին վերաբերող հարցերում։

Այս խորապատկերի վրա է, որ արձանագրում ենք ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների լարումը Ռուսաստանի հետ։ С-300-ների գործոնն ընդամենը առիթ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար, քանզի նշված համալիրներն ընդամենը պաշտպանողական զենք են, այլ ոչ թե հարձակողական։ С-300-ի երեք դիվիզիոնները Սիրիայում են գտնվում առնվազն 2018 թ․ հոկտեմբերի 2-ից։ Սակայն, սրացումը «զարմանալիորեն» համընկավ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթի ուժի մեջ մտնելու հետ։ «ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Սիրիայում С-300 համակարգերի տեղակայմամբ։ Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում դրանց անձնակազմերի (ի նկատի ունեն սիրիացիներին – ծանոթագր․՝ հեղինակի) ցածր պատրաստվածությունը», – նոյեմբերի 7-ին Բրյուսելում հեռախոսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

Վերջինս նշել է, որ այդ համալիրները «սահմանափակում են Իսրայելի հնարավորությունները՝ հարվածներ հասցնելու իրանական ուժերին, որոնք Իսրայելին հնարավոր հարվածներ հասցնելու ռազմամիջոցներ են տեղակայում Սիրիայում»։

«Մենք ամբողջապես սատարում ենք Իսրայելին», – ընգծել է Ջեֆրին։

Պարզվել է նաև, որ Իսրայելի համապատասխան պաշտոնյաները նորից ձգտում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Սակայն, նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Պուտինի հետ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի իբր չեղարկված հանդիպման վերաբերյալ, խստորեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը Նեթանյահուի հետ հանդիպում ընդհանրապես չի ծրագրել նոյեմբերի 11-ին Փարիզում կայանալիք և Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների հարթակներում։

«Այդ հանդիպումը չէր կարող չեղարկվել, այն չի էլ ծրագրվել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, թեև հայտնի է, որ ժամանակ առաջ Պեսկովը հայտնել էր, թե առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց Պուտինն ու Նեթանյահուն փարիզյան միջոցառումների ընթացքում «ոտքի վրա» կարճատև շփման հնարավորություն կունենան։

Պարոն Պեսկովի հռետորության խստացումը եղավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 6-ին իսրայելցիները հայտարարեցին, թե պատրաստ են հարձակվել սիրիական С-300-ների վրա, և հուսով են, որ այդ համալիրների կողքին «ռուսական քաղաքացիներ չեն լինի»։ Ընդ որում, կասկած չի հարուցում այն փաստը, որ սիրիական С-300-ների «կողքին» հաստատ ռուսական քաղաքացիներ կլինեն, և կլինեն բավականին շատ, քանի որ ռուսական զինվորական մասնագետները զբաղված են Սիրիային տրված С-300-ների երեք դիվիզիոնները սպասարկող սիրիական հրթիռայինների զինանձնակազմի պատրաստությամբ։ Ուշադրություն դարձնենք, թե նոյեմբերի 7-ին ինչ են հաղորդել ТАСС գործակալությունն ու մյուս ԶԼՄ-ները Սիրիայում С-300-ների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ТАСС-ը հղում կատարելով իր զինվորական-դիվանագիտական աղբյուրին, տեղեկացրել է, ռուսական տեխնիկական մասնագետներն ավարտել են Սիրիա բերված «С-300ПМ/ПМ-2 զենիթահրթիռային համալիրների վերասարքավորումը С-300ПМУ-2 «Ֆավորիտ» արտահանվող տարբերակի, և վերադարձել են Ռուսաստան։ «Այժմ բոլոր երեք С-300ПМУ-2-ի դիվիզիոնները պատրաստ են Սիրիայի պայմաններում մարտական աշխատանքի, մնացել է ավարտել սիրիական զինվորականների նախապատրաստումն այդ տեխնիկայի վրա աշխատանքին»,- ասել է ТАСС-ի աղբյուրը

Դրանից առաջ մեկ այլ զինվորական-դիվանագիտական աղբյուր հայտնել էր, որ С-300-ների վերասարքավորման մասով տեխնիկական մասնագետների աշխատանքը հիմնականում հանգում է նրան, որ վերգետնյա ռադիոտեղորոշիչ հարցման ռուսական կոդերն ու նիշային հաճախականությունները փոխարինվում են արտահանվող, տվյալ դեպքում՝ սիրիական տարբերակի։

Ռուսաստանի ու Իսրայելի միջև «նախազգուշացումների» փոխանակումը «С-300-ի խնդրի շուրջ» վատ նշան է։ Սակայն, վատ նշան է նաև «Հիզբ ալ-Իսլամի աթ-Թուրքեստան» խմբավորման թուրքամետ ահաբեկիչներին ճնշելու ռազմական գործողությունների սկիզբը։ Փաստորեն պատերազմը Սիրիայում մոտենում է մի «կարմիր գծի», որից այն կողմ հնարավոր է դրա փոխակերպումն առավել ընդլայնված միջպետական առճակատման։ Առավել ևս, որ ամերիկացի Ջեյմս Ջեֆրին հերթական անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ը հետայսու էլ «շարունակելու է սատարել Իսրայելին»։

Կյանքը ցույց կտա՝ արդյոք պատահական զուգադիպությո՞ւն է այն հանգամանքը, որ Իսրայելը սպառնում է գրոհել սիրիական ՀՕՊ-երը և որոշակի ЗРК С-300-ները հենց այն օրերին, երբ սիրիական բանակն ու նրա դաշնակիցները՝ շիաները, սկսել են հարվածներ հասցնել թուրքամետ ուժերին Իդլիբում։ Բայց ևայնպես, իրադարձությունների նման զարգացումը միաժամանակ մոտեցնում է «Ճշմարտության պահը» Թուրքիայի հետ Ռուսաստանի ու Իրանի հարաբերություններում։ Չէ՞ որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ երաշխավորել էր, որ Իդլիբից դուրս կհանի բոլոր ահաբեկիչներին։

 

Սերգեյ Շաքարյանց