Ծանոթացեք՝ այլասերվածների իրավունքների պաշտպաններից ևս մեկը՝ իբրև իրավապաշտպան հանդես եկող Նինա Կարապետյանց (տեսանյութ)

Ծանոթացեք՝ այլասերվածների իրավունքների պաշտպաններից ևս մեկը՝ իբրև իրավապաշտպան հանդես եկող Նինա Կարապետյանց, որը միաժամանակ «թավշյա հեղափոխության» դիրքերում գտնվող առավել ակտիվ գործիչներից է, «թավշյա հեղափոխության» հարցում, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ:

Այսօր չափազանց մեծ անհանգստություն կա հասարակության շրջանում՝ կապված նոյեմբերին Հայաստանում համասեռամոլների և ուրիշ այլասերվածների (ԼԳԲՏ-ների) նախատեսվող շքերթի կամ քայլերթի հետ: Վտանգ կա, որ լուրջ բախումներ կարող են լինել այդտեղ, ու նաև սադրանք կարող է լինել:

Ո՞ւմ իրավունքներն են խախտվելու՝ սեռական մեծամասնությա՞ն, թե սեռական փոքրամասնության… Ոմանց կարծիքով, այդտեղ հաստատ բախում է լինելու, բախումից հետո հարց է բարձրանալու, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները խախտվել են: Ինչպե՞ս ենք սրա տակից դուրս գալու… «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով վերոնշյալ հարցին, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ասաց.

«Այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք համեմատում ենք մեծամասնություն- փոքրամասնություն, շատ-քիչ: Այստեղ, թերևս, շատ- քչի խնդիրը չէ, այստեղ պետք է հասկացվի, որ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ էության, անկախ իր կրոնից, ռասսայից, սեռից, սեռական կողմնորոշումից, հնարավորություն պետք է ունենա իր իրավունքներն իրացնելու»:

Այո, մարդիկ անկախ իրենց կրոնից, ռասսայից, սեռից, հնարավորություն պետք է ունենան իրենց իրավունքներն իրացնելու, հետևաբար հարցը նրանց մասին չէր և, ինչպես ասում են, պետք չէր «ալիքներն իրար խառնել»… Ինչ վերաբերվում է այլ, այսինքն՝ հակաաստվածային, հակամարդկային, անբնական, սոդոմական, դեպի կործանում տանող սեռական կողմնորոշում ունեցողներին՝ ԼԳԲՏ-ներին (լեսբուհի, գեյ /համասեռամոլ/, բիսեքսուալ, տրանսվիստիտ) և մյուս այլասերվածներին, ապա նրանք ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ու միջազգային կոնվենցիաներով, ՀՀ օրենքներով նախատեսված մարդու իրավունքների գերակշիռ մեծամասնությունը (կյանքի իրավունք, բնակարանի անձեռնմխելիության իրավունք, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք, ՀՀ քաղաքացիության իրավունք, սեփականության իրավունք, կրթության իրավունք, առողջության պահպանման իրավունք, ընտրելու իրավունք և այլն, և այլն) ունենալով հանդերձ, չունեն և ոչ մի դեպքում, ոչ մի գնով չպե՛տք է ունենան այլասերվածության ուղղակի և անուղղակի քարոզչության իրավունք՝ լինի դա ԶԼՄ-ներով, հասարակական միջավայրում սոցիալական գովազդներով, քայլերթերով (կազմակերպած որպես սեռական այլ կողմնորոշում ունեցող), թե այլ կերպ: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարծիքի արտահայտման ազատությունն օրենքով կարող է սահմանափակվել «պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Ընդգծում եմ՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հավաքների ազատությունն օրենքով կարող է սահմանափակվել «պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Այլասերվածը կամ այլասերվածները չունեն և ոչ մի դեպքում, ոչ մի գնով չպե՛տք է ունենան նաև իրենց ամուսնության պաշտոնական գրանցման իրավունք: ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 35-րդ հոդվածի («Ամուսնանալու ազատությունը») 1-ին մասի համաձայն, «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Սա նշանակում է, որ ամուսնանալու ազատությունը և ընտանիք կազմելու իրավունքը վերաբերվում են միայն ամուսնական տարիքի հասած կնոջ և տղամարդու միմյանց հետ ամուսնանալուն, և որ պետությունը կամ սահմանադիրն ընտանիք են համարել միմիայն տղամարդու և կնոջ միությունը:

Այս ամենի պայմաններում, երբ Նինա Կարապետյանցը հայտարարում է, որ յուրաքանչյուր անձ, անկախ իր նաև իր սեռական կողմնորոշումից, հնարավորություն պետք է ունենա իր իրավունքներն իրացնելու, լուրջ հարցեր են առաջանում, թե նա այլասերվածների որոշակի ո՞ր իրավունքները նկատի ունի…

Ստացվում է, որ Կարապետյանցը ոչ միայն դեմ չէ Հայաստանում (նախնական տեղեկությունների համաձայն, հենց Երևանում) նախատեսված այլասերվածների շքերթին կամ քայլերթին, այլև պաշտպանում է նրանց այդ «իրավունքը»՝ ասելով, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սեռական կողմնորոշումից, «հնարավորություն պետք է ունենա իր իրավունքներն իրացնելու», և որ ինքը ճիշտ չի համարում ԼԳԲՏ-ների գործունեության սահմանափակումն օրենքով, քանի որ դա խտրականություն կլինի: Այսինքն, ըստ նրա, պետք է թույլ տալ, որ ԼԳԲՏ-ները և մյուս այլասերվածները (այդ դեպքում ի՞նչ տարբերություն, եթե խոսքը ցանկացած անձի նկատմամբ խտրականություն չկիրառելու մասին է), ինչպես, օրինակ, զոոֆիլները (շների, ձիերի, խոզերի և այլ կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունեցողները) զբաղվեն նաև այլասերվածության քարոզչությամբ: Պահո՜… Էլ ի՞նչ մնաց, թույլ չտա՞նք, որ նրանք ելնեն, մեր գլխին նստեն… Նինա Կարապետյանցը երևի մոռանում է, որ ինքը ոչ թե Հոլանդիայում կամ, Ռուբեն Սևակի խոսքերով, պոռնիկ Եվրոպայում չի ապրում, այլ Հայաստանում…

Իբրև իրավապաշտպան հանդես եկող սույն անձն ավելին էլ ասաց. «Չգիտեմ՝ շքերթ լինելո՞ւ է, թե չէ, բայց ամեն դեպքում իրենց անվտանգությունն ապահովելը պետության, իշխանության վրա է դրված, և ոստիկանությունն իրենց անվտանգությունը պետք է ապահովի»: Սա էլ կարծես քիչ համարելով, րոպեներ անց հավելեց՝ «Իսկ ինչ է պետք անել, որպեսզի բախումներ չլինեն, ես կարծում եմ, այո, դա պետք է լինի պետական մտածողություն, պետական ծրագրեր, որպեսզի մարդկանց մեջ ոչ թե քարոզ լինի… Ես ուզում եմ, որ ճիշտ հասկանա մեր դիտողը, պետք է տոլեռանդություն, հանդուրժողականություն…»:

Ըստ Նինա Կարապետյանցի, այլ խնդիր է, որ «նմանատիպ աղմուկ- աղաղակ բարձրացնում են այն ժամանակ, երբ որ կան շատ բարձր, լուրջ խնդիրներ պետության մեջ (դե, միայն Հայաստանի մասին չէ խոսքը, ամբողջ աշխարհում է այդպես)»: Շարունակելով իր խոսքը, որպես իրավապաշտպան հանդես եկող բանախոսն ասաց.

«Հենց որ կարևորագույն հարցեր պետք է լուծվեն երկրի ներսում, գտնում են տարբեր ճանապարհներ՝ բարձրաձայնելու համասեռականների… Երկու խնդիր են բարձրաձայնում՝ դա համասեռականների, ԼԳԲՏ անձանց, այդ խմբի հարցերն են, և կրոնական փոքրամասնությունների: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե ուշադրություն դարձնեք, այդպիսի խնդիր բարձրացվեց, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում, համահունչ, այսպես զուգահեռաբար բարձրացվեց տրանսգենդերների հետ կապված ինչ-որ խնդիր էր, ի դեպ, դա՝ ինչ-որ պրովակացիայի հետ կապված, ես շատ երկար չուսումնասիրեցի…»:

Ի՜նչ Քոչարյան, ի՜նչ Քոչարյանի դատավարություն… Եթե Ն. Կարապետյանցը Շուռնուխի դեպքերը նկատի ունի, ապա շատ երկար կամ նույնիսկ երկար ուսումնասիրելու անհրաժեշտություն չկար՝ հասկանալու համար, որ տվյալ սադրանքը, թերևս ի հեճուկս իրեն, իրականացրել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, աջակիցները, համակիրները կամ, այսպես ասած, հակահեղափոխական ուժերը, ինչպես ինքն է ակնարկում իր խոսքի համատեքստում, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով, այլ հենց իրենք՝ այլասերվածները, որոնց նման սեռական կողմնորոշում ունեցողների «իրավունքները» փորձում է պաշտպանել ինքը:

Պարզունակ տրամաբանության խնդիր է, որ եթե այլասերվածների կազմակերպած սադրանքը չլիներ, ապա նրանց սադրանքի դեմ հանդես եկողներ, Կարապետյանցի բառերով, «այդպիսի խնդիր» բարձրացնողներ չէին լինի: Իբրև իրավապաշտպան հանդես եկող անձը հիմա այդ պարզունակ տրամաբանությո՞ւնը չունի, ինչ-որ բան լսել, չի՞ հասկացել, թե՞ փորձում է իրականությունն աղավաղել կամ նենգափոխել:

Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին նախատեսված է անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» միջազգային համաժողով (ֆորում), այսինքն՝ իրականացնել սրբապղծություն: Ավելին. եթե դա հաջողվի, ապա այլասերվածները, որոշ տեղեկությունների համաձայն, նախատեսում են իրականացնել նաև շքերթ կամ քայլերթ: Ես, իմ ընկերները և շատ ուրիշներ կտրականապես դեմ ենք Հայաստանում այլասերվածների թե՛ համաժողովի անցկացմանը, թե՛ շքերթին կամ քայլերթին: Եվ մեր դեմը, բողոքը, ի գիտություն Ն. Կարապետյանցի, աղմուկ չէ…

Հիմա եթե, ըստ Կարապետյանցի, Հայաստանում շատ բարձր, լուրջ խնդիրնե՞ր կան, ուրեմն ի՞նչ՝ դրանցից, ինչպես ինքն է ակնարկում, հանրության ուշադրությունը շեղելո՞ւ համար ենք բարձրացնում հիշյալ համաժողովի և քայլերթի անթույլատրելիության խնդիրը, այն էլ՝ դրա համար նույնիսկ տարբեր ճանապարհներ գտնելով… Այս դեպքում նա գոնե հասկանո՞ւմ է, որ զավեշտալի վիճակում է հայտնվում, որովհետև եթե Արևմուտքի ու նրանց հետ համագործակցող Հայաստանի ինչ-ինչ ուժեր, կազմակերպություններ չնախատեսեին տվյալ սրբապիղծ համաժողովի անցկացումը, ապա մենք, Հայաստանում «շատ բարձր, լուրջ խնդիրներ»-ից հանրության ուշադրությունը շեղելու մինչև իսկ մեծագույն ցանկության դեպքում, չէինք կարող բարձրացնել վերոնշյալ խնդիրը, դրա համար որևէ ճանապարհ չէինք կարող գտնել:

Լսելով Նինա Կարապետյանցին, մտածում ես, որ նա կամա թե ակամա, հասկանալով թե չհասկանալով, հաջող թե անհաջող կերպով անում է այն, ինչ ցանկանում, խորհուրդ էին տալիս կամ հրահանգում Ալան Դալեսը և ԱՄՆ զինվորական, բանակում 24 տարի ծառայած (թոշակի է անցել 1995թ.), գնդապետ Դանը: Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ գնդապետ Դանը պետական կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլն: Վարել է զինվորական կարևոր պաշտոններ և՛  շտաբներում, և՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով, ունի իր գաղափարակիրների մեծ խումբ, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով:

Մեջբերում գնդապետ Դանի նոթերից՝ Արթուր Արմինի ազատ թարգմանությամբ (Դանի գրածն ամբողջական տեսքով կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով). «Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը։ Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու նրանց բարոյահոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը։ Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` դուք կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել։

Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը` «ներսից փլուզելու» ճանապարով։ Դա` նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումն է, ինչպես նաև երկրի տնտեսությունն է։ Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդիկ` հիմնականում մեծամասնությունը, կյանքի մասին իրենց հիմնական ինֆորմացիան և պատկերացումները կլանում են լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն)։ Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում են կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։

Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են` հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը` ձե՛ր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել` լոյալություն ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։ Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ։ Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից։ Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու հնազանդությունը ճիշտ է։ Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել` հանո՛ւն ազատության։ Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը, և ընդունեն ձե՛ր տեսակետները։ Սովորեցրեք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները, անվանակոչելով այն` «ի շահ զգայունության»։ Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով դուք չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել։ Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար»:

Հ․Գ․ Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ԼԳԲՏ-ների հիշյալ համաժողովը Հայաստանում նպատակահարմար չէ, այն չի լինելու։ Անշուշտ, դրվատելի է, որ Հայաստանի գործադիր իշխանությունը վերջապես հաշվի առնելով ժողովրդի պահանջը, ոստիկանապետի շուրթերով հանդես եկավ վերոնշյալ հայտարարությամբ, հայտնեց իշխանությունների դիրքորոշումն Հայաստանում այլասերվածների միջազգային համաժողովի անցկացման վերաբերյալ։ Ոստիկանապետի հայտարարությունը, սակայն, մեզ, մեր հասարակությանը հանգստանալու հիմք չպետք է լինի, որովհետև բացառված չէ, որ համաժողովի նախաձեռնողները, հատկապես կազմակերպիչները հաշվի չառնելով ոստիկանապետի արտահայտած դիրքորոշումը, առանձին-առանձին կամ երկնագույն ու վարդագույն զույգերով արտերկրից առաջիկա օրերին գան Հայաստան, այնուամենայնիվ, իրենց համաժողովն անցկացնելու կամ, թեկուզ, սադրանքի նպատակով։

Ավելին․ըստ որոշ տեղեկությունների, նրանց մի մասն արդեն իսկ ժամանել է Հայաստան։ Կա նաև այն կարծիքը, որ այլասերվածների համաժողովը պարզապես հետաձգվել է, և այն Հայաստանում կայանալու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո, որպեսզի թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածների ընտրության գլխին քար չգցեն։

Ի վերջո, քանի դեռ այլասերվածները մեր երկրում Նինա Կարապետյանցի նման իրենց «իրավունքների» պաշտպաններ ունեն, այսպիսի համաժողովներ կազմակերպելու, այլասերվածության քարոզչության դեռ շա՜տ փորձեր կանեն։

 

Արթուր Հովհաննիսյան