Հայազգի արվեստագետներն արտերկրում

Զախնովիչ Քրիստափոր Ավետիկ (լեհերեն՝ Krzysztof Awedik Zachnowicz)՝ լեհահայ քաղաքական գործիչ, վաճառական և նկարիչ-դիմանկարիչ: Ծնվել է լվովահայ Քրիստափոր Զաքար Զախնովիչի և Սոփի Ավեդիկովիկովնի  ընտանիքում: Լվովում բնակվել է Հայկական փողոցի (ուկրաիներեն՝ вул. Вірменська) թիվ 25 շենքում, որը մինչ այժմ կոչվում է «Զախնովիչների տուն» (ուկր.՝ камяниця Захновичів):

Որպես լվովահայության ավագ, հիշատակվում է 1643, 1645 և 1661-1677 թթ. վավերագրերում: Համաձայն 1653 թ. մի վավերագրի, «Rejestr koekwacji z 1653 roku», Քրիստափոր Ա. Զախնովիչը հիշատակվում է որպես առաջին երեցփոխան, որի ունեցվածքը գնահատվում է 3000 զլոտիի չափ: Ըստ այդմ, նա դրա համար պետք է վճարեր 160 զլոտի տուրք:

Դատելով ունեցվածքի չափից, Քրիստափոր Ավետիկ Զախնովիչը տարիներ շարունակ լինելով լվովահայության առաջնորդ (ավագ, երեցփոխան, պատգամավոր և այլն), այսինքն՝ շուրջ 35 տարի լինելով Լվովի հայ գաղթօջախի կարևորագույն դեմքերից մեկը, մնացել է միջին չափի ունևոր և չի դասվել քաղաքի հարուստների շարքին: Համեմատության համար նշենք, որ վերոնշյալ 1653 թ. փաստաթղթում մի քանի հոգու նվազագույն ունեցվածքը գնահատվել 300 զլոտի, իսկ առավելագույնը՝ 600 000 զլոտի, երկրորդ երեցփոխան Յան Վարդերսովիչի ունեցվածքն էր:

Քրիստափոր Ավետիկ Զախնովիչը 1648 և 1655 թթ. խիզախաբար մեկնելով Բոգդան Խմելնիցկու ճամբար, այնտեղ բանակցելով և վճարելով լվովահայ վաճառականության  հավաքած դրամագլուխը, կարողացել է կանխել Լվովի պաշարումը և նախապատրաստվող գրոհը: Ունենալով նկարչի հմտություն, Զախնովիչն արտացոլում է կատարվածը խոշոր կտավում, որն անվանում է «Հետման Բոգդան Խմելնիցկին հրաժարվում է Լվովի պաշարումից 1655 թ. նոյեմբերի 8-ին»:

Զախնովիչը քաղաքական և հասարակական գործունեությունից զատ, եղել է Լվովի նկարիչների համքարության ղեկավարի լիազորված տեղակալը: Որոշ տվյալների համաձայն, մասնակցել է Հայկական տաճարի որմնանկարչական ձևավորմանը:

Ցավոք, նրա ամբողջական կենսապատումը հայտնի չէ:

Այժմ Լվովի և այլ քաղաքների տարբեր պատկերասրահներում են Քրիստափոր Ավետիկ Զախնովիչի պահպանված կտավները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

Ի դեպ, Զախնովիչի կտավներից երկուսը՝ Կոնստանցիա և Գրիգորի Բերնատովիչների դիմանկարները, որոնք ցուցադրվում էին Օլեսսկի դղյակի թանգարան-արգելոցում (ուկր.՝ Музейзаповідник «Олеський замок»), անհայտացել են 1991 թ.:

 

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)