Եվրամիությունը նոր ճեղքվա՞ծք է տալիս

Եվրոպական միության նախագահ, լեհ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ շատ մեծ սպառնալիք կա, որ Լեհաստանը «պատահաբար» կարող է, այսպես կոչված, «Polexit» իրականացնել։ Ընդ որում, Տուսկը նկատել է, որ «իր կազմում Լեհաստանը պահելու Եվրամիության ցանկությունը կարող է շատ ավելի թույլ լինել, քան Մեծ Բրիտանիայի պարագայում էր, ինչն իրավիճակը շատ է լրջացնում»։

ԵՄ-ի և Լեհաստանի միջև հիմնական հակասություններն առնչվում են երկրում դատական բարեփոխումների ու միգրացիոն քաղաքականության հետ։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի, Գերագույն դատարանի մասին լեհական օրենքն անհամատեղելի է ԵՄ օրենսդրությանը և չի նախատեսում դատական մարմինների անկախությունը, ինչի հետ կապված ԵՄ-ն հայցով դիմել Եվրոպական դատարան։ Ընթացիկ տարվա ամռանը ԵՄ կողմից Լեհաստանի դեմ սկսված պատժամիջոցների ու դատական քաշքշուկի առթիվ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ցավով նշել էր, որ նշված որոշումները շատ ծանր են թե՛ Լեհաստանի, թե՛ ԵՄ համար։

Ոչ պակաս կարևոր է նաև Լեհաստանի միգրացիոն քաղաքականությունը, որը վերջին շրջանում էլ ավելի անհամահունչ է ԵՄ-ի մոտեցումներին։ Լեհաստանն ամեն առիթ բաց չի թողնում, որպեսզի հիմնավորի օտարազգի միգրանտների մուտքն իր երկիր խոչընդոտելու քաղաքականությունը։ Մասնավորապես՝ բոլորովին վերջերս երկրի առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր օրինագծով, որն արգելելու է կարմրուկի դեմ չպատվաստված միգրանտների ներհոսքը։ Տվյալ դեպքում խոսքը հատկապես վերաբերվում է Ուկրաինայից ժամանած միգրանտներին։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը լքելու մասին Մեծ Բրիտանիայի որոշումից հետո (Brexit) պահանջ առաջացավ ԵՄ անդամ-երկրներում նույն խնդրի շուրջ սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու համար։ Այն ժամանակ (2016թ․) Լեհաստանի բնակչության ավելի քան 84%-ը «գոհունակություն հայտնեց ԵՄ-ին Լեհաստանի անդամակցության կապակցությամբ»։ 2017 թ․ ապրիլին անցկացված նույնատիպ հարցումների ժամանակ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին էին նշել հարցվածների ընդամենը 12,5 %-ը, իսկ արդեն ընթացիկ տարվա գարնանը ԵՄ-ի կազմում մնալու նպատակահարմարության մասին դրական պատասխան են տվել հարցվածների 47 %-ը։ Շուրջ 30 %-ը միարժեքորեն հանդես է եկել ԵՄ-ի կազմից դուրս գալու, այսինքն՝ «Polexit»-ի օգտին։ Եվրոհոռետեսական տրամադրությունները լեհ բնակչության մոտ կտրուկ աճում են, միևնույն ժամանակ, երկրի ղեկավարության արտաքին քաղաքականությունը հավանության է արժանանում լեհերի գերակշռող մեծամասնության կողմից։

Տպավորությունն այնպիսին է, որ Լեհաստանը կամովին ու լիովին գիտակցված կերպով հեռանում է ԵՄ-ից՝ իր արտաքին քաղաքականության մեջ թողնելով միակ առաջնահերթությունը, որն է բացարձակ կողմնորոշումը դեպի Միացյալ Նահանգներ։ Եթե հաշվի առնենք նաև իր հարևանների հետ աստիճանաբար թշնամական մակարդակի հասնող հարաբերությունները (հատկապես Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի) և քաղաքական մեկուսացումը, ապա կարելի է եզրակացնել, որ Լեհաստանի քաղաքական վերնախավի արտաքին քաղաքական կուրսի պահպանման պարագայում, երկրին սպասվում է բավական անորոշ և նույնիսկ վտանգավոր հեռանկար։

Եվրամիության կառույցում կհայտնվի՞ արդեն հերթական ճեղքվածքը․․․

 

 

Լևոն Անդրիասյան