Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Հարգելի պարոն Օսիպյան,

նոյեմբերի 6-ին խոսելով  ՀՀ-ում նախատեսված  ԼԳԲՏ ֆորումի մասին, նշեցիք․ «Այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում՝ նաև ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով»: Մասնավորապես՝ նշել եք, որ «Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը»:

Ինձ և հասարակության լայն շրջանակներին հետաքրքրող հարցերի շուրջ ակնկալում եմ Ձեր պարզաբանումները.

  1. Չեղարկվե՞լ, թե հետաձգվե՞լ է ԼԳԲՏ «քրիստոնյաների» 11-րդ ֆորումը։
  2. Արդյոք նոյեմբերի 15-18-ը կայանալիք ֆորումի չեղարկումը կապ ունի՞ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ։
  3. Ինչ վերաբերվում է Ձեր հայտարարությանը, որ Դուք անձամբ նպատակահարմար չեք գտնում ֆորումի անցկացումը ՀՀ-ում, կցանկանայինք պարզաբանեք նմանատիպ հայտարարությամբ հանդես գալը մտնո՞ւմ է Ձեր լիազորությունների մեջ, և ինչո՞ւ եք հայտարարում, որ ֆորումը չի կայանալու։ Ոստիկանության լիազորությունների մեջ մտնում է ֆորումի մասնակիցների անվտանգության ապահովումը։

Երրորդ հարցադրման  վերաբերյալ հիմք է ընդունվել «Նոր Սերունդ» մարդասիրական հկ-ի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է․«Հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական հկ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը»։

 

Աղվան Պողոսյան

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար