Վրաստանի կառավարությունը խորհրդարանից ետ է կանչել կանեփի աճեցման մասին օրենքի նախագիծը

Անցած ուրբաթ Վրաստանի խորհրդարանի նախագահ Ի. Կոբախիձեն և փոխվարչապետ, երկրի ՆԳՆ ղեկավար Գ. Գախարիան, որի ղեկավարած գերատեսչությունը հանդիսանում է «Կանեփի նկատմամբ վերահսկողության» օրինագծի հեղինակը, Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ նշված օրինագիծը ետ է կանչվելու խորհրդարանից:

Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանն արձանագրել է կառավարության կողմից  հիշյալ օրինագծի ետ կանչումը, որը, ըստ էության, կանեփի աճեցման և արտահանման մասին է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ի. Կոբախիձեն նշել է, որ իրենք նախկինում էլ բազմիցս հայտարարել էին, որ այդ օրինագիծը խորհրդարանում չի քննարկվելու առանց նախապես լայն հասարակական քննարկման: Սակայն, հարցի խորհրդարանական քննարկումներն իրականում կասեցվել են Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականության ու հասարակության ներկայացուցիչների ճնշման ներքո: