«Роспотребнадзор»․ ԱՄՆ-ը Սիմֆերոպոլում ցանկացել է կենսաբանական լաբորատորիա ստեղծել

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի վերահսկողական ծառայության («Роспотребнадзор») ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Սիմֆերոպոլում ամերիկացիները մտադիր էին կենսալաբորատորիա ստեղծել՝ Վրաստանում Ռիչարդ Լուգարի անվան կենտրոնի հանգույն։

«Հիմա Ուկրաինայում գործում են Պենտագոնի միջոցներով արդիականացված 11 ամերիկյան լաբորատորիաներ,- ասել է Աննա Պոպովան։- 2014 թվականին, Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուց և թերակղզում սանիտարա-համաճարակային ծառայության ձևավորումից հետո, նախկին խորհրդային հակաժանտախտային կայանի տարածքում մենք հայտնաբերեցինք առաքման պատրաստ էկտոպարազիտների 104 պուլ, կրծողների ներքին օրգանների 46 նմուշ և մարդկանց արյան շիճուկի 105 նմուշ։ Այդ հակաժանտախտային կայանն արդեն հետազոտական չէր, այն դարձել էր նյութերի հավաքման և գրանտերով Եվրոպա ուղարկելու կետ։ Կայանում նաև փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք հաստատել են Սիմֆերոպոլում կենսալաբորատորիա ստեղծելու ամերիկացիների մտադրությունը։ Տարածաշրջանում դա լրացուցիչ, շատ բարձր կենսաբանական ռիսկեր կստեղծեր»։

Սեպտեմբերին Վրաստանի Պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն դիմել էր ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարի անվան վրաց-ամերիկյան կենտրոնի գործունեությունը Թբիլիսիի մոտակայքում։ Նա համոզված է, որ ամերիկյան զինվորականներն այնտեղ փորձեր են անցկացրել Վրաստանի քաղաքացիների վրա։ Թբիլիսիում նման մեղադրանքներն անվանել են «չեկիստական զառանցանք»։