Իսրայելն ընդդեմ Սիրիայի․ որ կազմակերպությունը կամ երկիրն է կրակել, ուր է կրակել․․․

Սիրիական SANA և լիբանանյան LNNA լրատվական գործակալությունները օրերս խռովեցին ոչ միայն իրենց երկրների մարդկանց հանգիստը։ Նրանց տեղեկություններով, Իսրայելի օդուժը ներխուժել է Լիբանանի և Սիրիայի օդային տարածքներ և նույնիսկ գրոհել է Դամասկոսի արվարձանների ինչ-որ օբյեկտների վրա։ Ինքնաթիռները, գրոհային վարժություններ ցուցադրելով, ցածր բարձրությունների վրա մանևրել են Նաբաթիայի, Սայդայի, Տիրի և Տուֆայի օդային տարածքներում և օգտագործել են ՀՕՊ-ից պաշտպանվելու միջոցներ։ Այս մասին հայտնել է  Լիբանանի բանակի հրամանատարությունը։

Համաարաբական «Al Arabiya» հեռուստաալիքը հղում անելով արևմտյան դիտարկող կազմակերպություններին, որոշ մանրամասներ է հայտնել Սիրիայի տարածքների հավանական ռազմական օբյեկտների դեմ Իսրայելի ՌՕՈՒ-ի իրականացրած գրոհային նմանակումների մասին։ Համաձայն այդ տեղեկատվության, դեկտեմբերի 26-ին «հարձակման են» ենթարկվել «իրանամետ ուժերի» և լիբանանյան «Հըզբոլա» կուսակցության զինամթերքի պահեստները, ինչպես նաև «կառավարական ուժերի օբյեկտները» Դամասկոսի արևմտյան և հարավային արվարձաններում։

Ամերիկյան «Newsweek»-ը հայտնում է, որ գրոհների արդյունքում վիրավորվել են «Հըզբոլայի» ջոկատների հրամանատարները։ Այս տեղեկատվությունն ամերիկյան պարբերականին տրամադրել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը, որն, իր հերթին, այն ստացել է «Իսրայելի բարձրաստիճան սպաներից»։ Գրոհների թիրախներ, իբր, GPS-կողմնորոշմամբ եղել են «իրանական հրթիռները»։

Մնացյալ տեղեկատվությունն էլ է տարբեր։ Այն, որ սիրիական ՀՕՊ-ը խփել է իսրայելական հրթիռների մեծ մասը, ինչպես հայտնում է SANA-ն, ոչ ոք կասկածի տակ չի առնում, նույնիսկ՝ Իսրայելը։ Առաջին տարբերությունը․ իսրայելցիները և Արևմուտքը գրում են «Հըզբոլայի» ջոկատների հրամանատարների վիրավորվելու մասին, սակայն սիրիական աղբյուրները, ինչպես և ռուսական ու իրանական ԶԼՄ-ները, նշում են, որ վիրավորվել են Սիրիական բանակի երեք զինծառայող և «սահմանափակ վնաս է հասցվել զինամթերքի պահեստներին»։

Երկրորդ տարբերությունը․ Արևմուտքն ու Իսրայելը խոսում են միայն Դամասկոսի արվարձանների վրա գրոհելու մասին։ Սակայն, Սիրիայի ՀՕՊ ուժերը նշում են, որ մի քանի թիրախ են խոցել նաև երկրի հարավում։ Եվ, ուրեմն, եղե՞լ է, արդյոք, իսրայելցիների հարձակումը հարավային Սիրիայի վրա։ Առայժմ այդ հարցին պատասխան չկա։

Երրորդ տարբերությունը․ ռուս խորհրդարանական Ալեքսեյ Պուշկովը, ով կարգավորում է Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականությունը, դեկտեմբերի 26-ին «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է զենիթա-հրթիռային С-300 համակարգերի կողմից Դամասկոսի վրա հարձակումը հետ մղելու մասին․ «Ըստ ամենայնի, С-300-ների տեղակայումը կտրուկ ուժեղացրել է Սիրիական բանակի մարտունակությունը հակահրթիռային ոլորտում»։

Սակայն, դեկտեմբերի 26-ին համացանցում հայտնվեցին հրթիռը Դամասկոսի օդային տարածքում խփելու կադրերը։ Տեսանյութի հեղինակ, լրագրող Բաբակ Թագվայը  (Babak Taghvaee) «Twitter»-ում գրել է, որ հարձակումը հետ մղելու համար օգտագործվել է ռուսական «Панцирь-С2» համակարգը։ Այդ համակարգերը, սակայն, սիրիական կողմին չեն տրվել, դրանք օգտագործվում են միայն Հյուսիսային Սիրիայի Հմեյմիմի ռուսական բազան պաշտպանելու համար։ «Панцирь-С2»-ի, որը «Панцирь-С»-ի արդիականացված տարբերակն է, փորձարկումներն ավարտվել էին 2015թ․ կեսերին, այն սպառազինության է վերցվել 2016թ․։ Համակարգը կազմված է արագ կրակող 30 միլիմետրանոց ինքնաձիգ  2А38М հրանոթներով և 57Э6Е կառավարվող հրթիռներով, որոնց հեռահարությունը կազմում է 18-20 կմ, դրանք կարող են խոցել մինչև 15 կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախները։ Իհարկե, «Панцирь-С2»-ը ոչ մի կերպ չի առնչվում ЗРК С-300-ի հետ։ Հրթիռների արձակման և թիրախներին խոցելու կադրերը կարելի է դիտել հետևյալ հղումներով՝ https://lenta.ru/news/2018/12/26/sam/?utm_source=yxnews&utm_medium=desktop և  https://www.sana.sy/ru/?p=172387 ։

Պատկերավոր ասած, սկզբունքային չէ, թե ռուսական որոշակի ո՞ր հրթիռներով է սիրիական ՀՕՊ-ը խփել իսրայելական հրթիռների մեծ մասը։ Հարցը նրանում է, թե բա ինչով և ո՞վ է խփել, եթե «Панцирь-С2»-ները Ռուսաստանը չի մատակարարել Սիրիային, և եթե տվյալներ չկան այն մասին, որ 2-3  ամսում ռուսական մասնագետները հասցրել են նախապատրաստել սիրիական զինծառայողներին ЗРК С-300- ի հետ աշխատելու համար։

Բնականաբար, հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ էր որոշում ընդունվել խփել միայն իսրայելական հրթիռները, և չխփել ինքնաթիռներին, թեկուզ և Լիբանանի երկնքում։ Երրորդ հարցը կարող է ոչ էական թվալ, բայց այն կարևոր է․ ո՞ր կազմակերպությանը կամ երկրին էր պատկանում գնդակոծված պահեստը՝ «Հըզբոլա» կուսակցությա՞նը, թե՞ Սիրիական բանակին, եթե սիրիական պետական աղբյուրները պնդում են, որ վիրավորվել են հենց Սիրիական բանակի երեք զինծառայողներ։ Հարցը հռետորական չէ․ եթե իսրայելցիները ցանկանում էին ոչնչացնել ինչ-որ իրանական հրթիռները, այն էլ՝ «Հըզբոլային» պատկանող, ապա իսրայելական հատուկ ծառայություններին պետք է որ հայտնի լիներ, որ Իրանի կողմից լիբանանյան շիաներին ուղարկվող զենքն ընդհանրապես Սիրիայում չի պահեստավորվում, առավել ևս՝ Դամասկոսի մոտակայքում։ Այդ դեպքում՝ վերջին հարցը․ ո՞րն էր իսրայելցիների օդային-հրթիռային հարձակման իրական թիրախը։

Սա Իսրայելի  ՌՕՈՒ-ի՝ Սիրիան գրոհելու արդեն երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ Ռուսաստանը Սիրիային տվեց ЗРК С-300-ները։ Եթե խորհրդարանական Պուշկովը ճիշտ է, և իսրայելական գրոհը հետ է մղվել հենց С-300 համակարգերի կողմից, ապա Սիրիան այսօր բավականին հուսալիորեն պաշտպանված է, և Սիրիայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը ագրեսորի համար հղի է իր թերևս ամբողջ օդուժը կորցնելու վտանգով։

Ի դեպ, այս անգամ իսրայելցիներն էլ են գործարկել իրենց ՀՀՊ/ՀՕՊ համակարգերը, որպեսզի խփեն Սիրիայից արձակված զենիթային հրթիռը։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները չեն նշում՝ խփվե՞լ է, արդյոք, թիրախը, բայց ընդգծում են, որ այդ հազվադեպ պատահարի արդյունքում տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են պայթյունի ձայնի մասին, որը լսել են Իսրայելի կենտրոնական մասում, Միջերկրական ծովի ափերի մոտ գտնվող Հադերա և Կեյսարիա քաղաքների բնակիչները։

Խաղաղությունը տարածաշրջանում դեռ շատ հեռու է․․․

 

Սերգեյ Շաքարյանց