Ուկրաինան պատրա՞ստ է պատերազմել Ռուսաստանի հետ․․․

Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, ծովակալ Անդրեյ Տարասովն օրերս հայտարարել է, որ Ուկրաինայի ՌԾՈւ-ն պատրաստ վիճակում է գտնվում՝ Ռուսաստանի դեմ հավանական պատերազմի մեջ մտնելու համար: Բնականաբար, հարց է առաջանում՝ Ուկրաինան կամ նրա բարձրաստիճան զինվորականները սիրո՞ւմ են, որ աշխարհն իրենց «աքլորանալու» վրա ծիծաղի, թե մտքերին ինչ-որ սադրանք կա՝ դրանում ՆԱՏՕ-ին կամ Արևմուտքին ներքաշելու չարդարացված հույսով։

«Newsweek» շաբաթաթերթի տեղեկացմամբ, ծովակալ Անդրեյ Տարասովը հայտարարել է, թե Ռուսաստանն Ուկրաինային դրդում է պատերազմի մեջ մտնել, և նշել է, որ իրենք պահպանելու են Ուկրաինայի ինքնիշխանությունը Կերչի նեղուցում: Իսկ հետաքրքիր է՝ հենց Ղրիմո՞ւմ էլ չեն ուզում պահպանել իրենց «ինքնիշխանությունը», թե իրենց մտքում եղած սադրանքի բուն նպատակն այն է, որ Ռուսաստանի սահմանապահ կամ ռազմածովային ուժերը մի քանի «լողացող տաշտակ» (ժանգոտա՞ծ են նրանք, թե չժանգոտած՝ այս պարագայում էական չէ) ծովի հատակն ուղարկեն, որպեսզի դրանից հետո աշխարհով մեկ աղաղակեն Ռուսաստանի ագրեսիայի մասին և ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին և եվրոպական որոշ պետությունների օգնության կանչեն։

«Ռուսաստանի ոտնձգության դեպքում պատրաստ ենք Ուկրաինայի և միջազգային օրենքներին հետևելով, օգտվել զենքից»,- ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատարը։

Ընդ որում, Տարասովը սա ասել է այն բանից հետո, երբ  դրանից ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ չնայած Կիևի սադրիչ քայլերին, Ռուսաստանը չի ցանկանում Ուկրաինայի դեմ պատերազմ սկսել:

Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները, ինչպես հայտնի է, սրվել են 2014 թվականից, երբ Ուկրաինայում արևմտամետները հեղաշրջում արեցին և տապալեցին երկրի այն ժամանակվա իշխանությանը։ Լարվածության նոր, բայց հերթական փուլը սկսվեց այս տարվա նոյեմբերի 25-ից, երբ ուկրաինական երեք ռազմանավ առնվազն սադրիչ նպատակով  մտան Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Կերչի նեղուց՝ ցանկանալով անցնել ՌԴ կառուցած Ղրիմի կամրջի տակով։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային ուժերի նավերը, իհարկե, դա թույլ չէին տվել, Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող հիշյալ նավերը կալանվել էին, առգրավվել, իսկ նավաստիները ձերբակալվել։