«Авангард»-ը փորձարկել են Պուտինի հրամանով, փորձարկվել են նաև աշխարհում նմանակը չունեցող Ռուսաստանի այլ զինատեսակներ

Նախագահ Պուտինի հրամանով ռուսական զինվորականներն անցկացրել են հիպերձայնային սավառնող մարտական թևավոր բլոկով «Авангард» համակարգի փորձարկումներ։ Այս մասին հայտնել է ТАСС-ը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության վրա։

Փորձարկումը հաջող է անցել․ Օրենբուրգի մարզից թռած հրթիռը հաջողությամբ խփել է Կամչատկայի «Կուրա» հրաձգարանի թիրախին։ Նշվում է նաև, որ թռիչքի ընթացքում թևավոր բլոկն ուղղահայաց և հորիզոնական կառավարվող մանևրներ է իրականացրել։

Այս շաբաթ ՌԴ զինուժը սկսել է նաև օվկիանոսային սպառազինության կառավարվող ռազմավարական «Посейдон» բազմանպատակային համակարգի ստորջրյա փորձարկումները։

Առանց սուզանավորդի գործող ատոմային այս յուրօրինակ սուզանավից արձակված միջուկային մարտագլխիկով տորպեդն առանց հայտնաբերվելու, կարող է մոտենալ աշխարհի որևէ տարածաշրջանի ափին և վերջին րոպեին ջրից դուրս գալով, անվրեպ և երաշխավորված հարված հասցնել թիրախին։

«Reuters»-ը նշել է, որ տորպեդի գիտական անունը «Status-6» է, իսկ նրա միջուկային մարտալիցքի հզորությունը՝ 100 մեգատոն։

Իր հերթին, CNBC-ն հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, հաղորդել է հիպերձայնային «Циркон» հրթիռի հաջող թռիչքային փորձարկումների մասին։

Վլադիմիր Պուտինի խոսքերով, Ռուսաստանում նախագծված նորագույն զենքը տասնամյակների կտրվածքով ապահովել է երկրի անվտանգությունը։ Դա, ինչպես գտնում է նախագահը, կստիպի մտածել միլիտարիստական հռետորաբանության երկրպագուներին։ Ռուսաստանում «Авангард»-ի, «Посейдон»-ի, ինչպես նաև «Пересвет» լազերային համակարգի ստեղծման մասին հայտարարվել էր 2018 թ․ մարտին։