Պարսկական ծոց․ ամերիկյան սադրանքի ձախողումը

ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի հարվածային ավիակիր խումբը՝ «John C. Stennis» ավիակրի գլխավորությամբ, իրանական միջուկային ծրագրից 2018 թ․ մայիսին Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, ի վերջո, հասել է Պարսկական ծոց։ Նշենք նաև, որ «John C. Stennis» ատոմային ավիակիրը ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի կազմի մեջ է մտել 1995 թ․ և հաշվարկված է 90 մարտական ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով և 5,5 հազարանոց անձնակազմով ավիախմբավորման համար։

Ինչպես հայտնում է մամուլը, Օրմուզի նեղուցով անցնելիս, ամերիկացիների տորմիղին սկսել են հետևել իրանական ԻՀՊ-ի ափամերձ սահմանապահների մոտ 30 նավեր։ Վերջիններս հետևել են ավիակրին ու նրա հարվածային խմբին ծոցում նրանց գտնվելու ողջ ընթացքում։ ԻՀՊ-ի նավերից մեկից դրոն է բարձրացել, որը նկարահանել է տեղի ունեցողը։

Հայտնվում է նաև, որ դեկտեմբերի 22-ին ինչ-որ պահի իրանական նավերը նույնիսկ հրթիռներ են արձակել, բայց պետք չէ շտապել մեղադրել Իրանին, իբր, դա ավիակրին ուղղված հրթիռային սադրանք էր։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է․ չէ՞ որ ամերիկացիները հաստատ գիտեին, որ Իրանի ափամերձ գոտում (Պարսկական ծոցի ընդհանուր գոտու ուղղվածությամբ) դեկտեմբերի 15-ից ընթանում է ԻՀՊ ցամաքային զորքերի «Մեծ մարգարե» ռազմավարական մակարդակի զորավարժությունների ավարտական փուլը, որի նշանաբանն է՝ «Ազգային միասնությամբ՝ հեղինակության և անվտանգության ու նոր պաշտպանական հնարավորությունների ցուցադրությունը»։ Դե, ով ում է այստեղ սադրե՞լ։

ԱՄՆ-ի և մի շարք երկրների ԶԼՄ-ներ, որոնք Վաշինգտոնի քաղաքականության հակաիրանական հունով են ընթանում, սկսեցին մեղադրել իրանական զինվորականներին նրանում, որ նրանք իբր «զորավարժությունների ժամանակ Պարսկական ծոցում հրթիռակոծել են ամերիկյան ավիակիրը»։ Երևի Արևմուտքում և Իսրայելում մոռացել են, թե հոկտեմբերին իրանցիներն իրենց տարածքից ինչ ճշգրտությամբ հրթիռակոծեցին ահաբեկիչների և նրանց արևմտյան հրահանգիչների դիրքերը Սիրիայում, իսկ մինչ այդ՝ ահաբեկիչների ճամբարներն Իրաքում։ Իսկ եթե չեն մոռացել, ապա և չեն կարող չհասկանալ, որ ճիշտ թիրախին խփող իրանական հրթիռայինները ոչ մի կերպ չէին վրիպի, եթե կրակեին ուղիղ «USS John C. Stennis» ավիակրի վրա, այն էլ՝ մոտիկից։

Այն, որ ամերիկյան զինվորականները, քաղգործիչներն էլ հետները, ընդհանրապես հակված են խուճապի, դա հայտնի է, և շատ վաղուց է հայտնի։ Իրանցիները հրթիռներով մի քիչ կրակել են, քանի որ դա նախատեսված էր «Մեծ մարգարե» զորավարժությունների ծրագրով, և կրակել են ո՛չ ամերիկացիների նավերի ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքում արդեն ապոկալիպսիսյան գոռոցներ են հանում։

Իրանական կողմից շատերն են պատասխանել ԱՄՆ-ին, այդ թվում՝ զինվորականները։ Մեջբերենք պատասխաններից մեկը։ Զորավարժությունների ժամանակ ելույթ ունենալով Քեշմ հարավային կղզում, ԻՀՊ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հերքել է օտարերկրյա ԶԼՄ-ների պնդումներն առ այն, որ իրանցիները հրթիռակոծել են ամերիկյան ավիակիրը։ Դեկտեմբերի 24-ին «Mehr News»-ը մեջբերել է նրա խոսքը․ «Ամերիկացիները սովոր են ստել․․․ Հթիռակոծման մասին պնդումն աղաղակող սուտ է։ Ամերիկյան զորքերը գտնվում են տարածաշրջանում, բայց նրանք մեր ջրերում չեն։ Մեզ հանձնարարված է պաշտպանել մեր երկիրը, և ամբողջ տարածաշրջանը մեր ռադարների վրա է։ Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած մեկին, ով սպառնալիք կհանդիսանա Իսլամական Հանրապետության անվտանգության համար»։

Թանգսիրին նաև հավելել է, որ հարևան երկրների հետ համագործակցելով, Իրանը կարող է Ծոցում բացարձակ անվտանգություն ապահովել, և ԱՄՆ-ն այստեղ անելիք չունի։ Արդյունքում՝ Պարսկական ծոցում Իրանին սադրել չհաջողվեց, և ամերիկյան ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբը ստիպված հեռու քաշվեց իրանական տարածքային ջրերի մոտից։

Կլինե՞ն, արդյոք, Իրանին սադրելու այլ փորձեր․․․ Իրանի ԶՈՒ կարգավորող, փոխծովակալ Հաբիբոլա Սայյարին հայտարարել է․ «ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակվելու քաջություն չի ունենա․․․ Թշնամիների ոչ մի շարժում Իրանի տարածքային ջրերում մենք թույլ չենք տա։ Համոզված եղեք, որ ամերիկյան նավատորմը չի համարձակվի մեր դեմ միջոցներ ձեռնարկել»։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է IRNA-ն։

Սրան պետք է ավելացնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս պաղեստինյան իր գործընկեր Ռիյադ ալ-Մալիքիի հետ բանակցությունների ընթացքում կարևոր հայտարարություններ արեց․ «Շատ վտանգավոր է տարածաշրջանային բոլոր խնդիրները դիտարկել Իրանի դեմ պայքարի պրիզմայով։ Ցավոք, մենք դա տեսնում ենք ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների գործողություններում։ Նման գիծը սրում է հակադրությունը, ինչը շիաների և սուննիների միջև պայթյունով է սպառնում։ Եթե դա տեղի ունենա, պաղեստինյան խնդիրն ուղղակի կխեղդվի նոր, անհամեմատ ավելի ցավոտ փորձությունների մեջ, որոնց ականատեսը կդառնա տարածաշրջանը»։

Այս հայտարարությունից հետո, դեկտեմբերի 24-ին Թեհրանում կայացավ Ռուս-իրանական ռազմական համագործակցության աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Մամուլը նիստի և բանակցությունների մասին մանրամասներ չի հայտնում։ Ես միայն հիշեցնեմ, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև համապատասխան համաձայնագիրը կնքվել է 2015թ․ հունվարին, և Սիրիայի գծով դաշնակիցները տրամադրված են շարունակել փոխգործակցությունը տարածաշրջանում։ Այստեղից էլ՝ Իրանի վստահությունը ապագայի, իր ուժերի ու հնարավորությունների մեջ։

 

Սերգեյ Շաքարյանց