Մեզ թշնամի երկու պետության ղեկավարներ և այլ պաշտոնյաներ թեժ լեզվակռվի մեջ են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակասեմիտ էր անվանել։ Այդ մեղադրանքն, անշուշտ, անհեթեթ է թեկուզ միայն այն առումով, որ աշխարհում միայն հրեաները չէ, որ սեմիտ են, և Իսրայելի կամ հրեաների դեմ որևէ քննադատություն, խոսք կամ գործողություն դեռ բնավ չի նշանակում հակասեմիտականություն կամ հակառասայական ինչ-որ մի բան։ Թուրքիայի նախագահն էլ չմարսվող մեղադրանքներ էր ներկայացրել Իսրայելի ղեկավարին։ Դրանով, սակայն, ամեն ինչ չավարտվեց, Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև լեզվակռիվը շարունակվում է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդես է եկել Թուրքիայի բանակի դեմ մեղադրանքներով, որոնք այդ երկրի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությամբ անհիմն են որակվել։

«Անատոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արձագանքելով այդ երկրի բանակի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մեղադրանքներին, հայտարարել է. «Թուրքիայի բանակի դեմ Իսրայելի վարչապետի հայտարարությունները նպատակ ունեն հանրային կարծիքը շեղել նրա դեմ հասցեագրված կոռուպցիայի մեղադրանքից և Իսրայելի քաղաքական խնդիրներից»:

Եվս մեկ մեջբերում հիշյալ հայտարարությունից․

«Նրանք ովքեր նորածիններին գնդակահարում են և իրենց ձեռքերը շաղախում պաղեստինցի երեխաների արյամբ, իրավունք չունեն մեղադրել Թուրքիայի բանակին»։

Թուրքիայի պաշտպանության նախարարության վերոնշյալ հայտարարությունն էլ ավելի է թեժացրել նշված պետությունների պաշտոնյաների միջև սկիզբ առած լեզվակռիվը:

Տեղեկացնենք նաև, որ Բենիամին Նաթանյահուն դեկտեմբերի 22-ին «Twitter»-ի իր էջում խոսքն ուղղելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել է. «Այն նախագահը, որ բռնազավթել է Հյուսիսային Կիպրոսը, և նրա բանակը սպանում է երկրի ներսում ու դրսում գտնվող քրդաբնակ գյուղերի կանանց և երեխաներին, իրավունք չունի քարոզ կարդալ Իսրայելի համար»: