Եվրոպայի «դեղին ժիլետները» և ֆրանս-գերմանական հովվերգության վերջը

Անգլիական «Բրեքզիթը» սուզվում է քաոսի մեջ։ Եվրամիությունը քայքայվում է հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան ցեղախմբերի։ «Դեղին ժիլետների» շարժումը տենդի մեջ է պահում գրեթե ողջ Եվրոպան։ Փորձագետ Մարկ Լեոնարդը «Project Syndicate» պարբերականի դեկտեմբերի 21-ի իր հոդվածում աշխարհին զարմացրեց այն պնդումով, թե բանը հասել է նրան, որ ԵՄ-ի միջուկը կազմող ֆրանս-գերմանական միությունը նույնպես կարող է քանդվել։ Նրա հետ կարելի է վիճել կամ չվիճել, բայց գոյություն ունեն փաստեր։

Հիշենք, որ երբ 2017թ․ մայիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դրանից քիչ առաջ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը հանդիպեցին առաջին անգամ, շատերը մեծ հույսեր էին կապում այդ հանդիպման հետ։ Մակրոնից արդյունավետ բարեփոխումներ էին սպասում։ Միջազգային ասպարեզում Մերկելը գագաթում էր, երբ նրան, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն, փորձեցին «ազատ աշխարհի առաջնորդ» կոչել։ Բայց դե, 18 ամիս անց ամեն ինչ փոխվեց։ Հիմա Մերկելը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ)  ղեկավարությունը հանձնել է Աննեգրետ Քրամփ-Քարրենբաուերին, հայտարարելով, որ իր ժամկետի լրանալուց հետո, կթողնի կանցլերի պաշտոնը։ Իսկ Մակրոնը, ինչպես տեսնում ենք, իր բոլոր ուժերով փորձում է չխեղդվել «դեղին ժիլետների» բողոքների փոթորկվող ծովում։

Արևմուտքի և ԵՄ-ի մեր՝ ներհայաստանյան սիրահարներին օգտակար կլիներ մտածել, թե ինչ է կատարվում Եվրոպայում, նախքան մեր ազգին կփաթաթեն ինչ-որ արևմտյան բաներ։

Վերադառնանք Մարկ Լեոնարդի փաստարկներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու քաղաքական առաջնորդների դիրքերն էլ թուլացել են, գրում է նա, դա կարող է ազդել ֆրանս-գերմանական հարաբերությունների հեռանկարների վրա։ Մակրոնը մեծ հույսեր էր կապում եվրոպական մակարդակում Մերկելի առաջնորդության հետ, սակայն վերջինիս ներքաղաքական դիրքերն անկայունացան։ 2017թ․ սեպտեմբերին Գերմանիայում դաշնային ընտրություններից հետո Մերկելը ստիպված էր 6 ամիս պայքարել, մինչև կարողացավ նոր կառավարություն ձևավորել։ Փոքրամասնության կառավարություն Մերկելը չէր ուզում կազմել, բայց մնացած ընդդիմադիր կուսակցությունները չէին շտապում նրա հետ դաշինքի մեջ մտնել։ Սակայն, ամենալուրջ հարվածը Մերկելը ստացավ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միությունից (ՔՍՄ)։ Մերկելի դաշնակիցները քննադատեցին նրան փախստականների մասով որոշումների համար, որոնք նա ընդունեց 2015թ․, և նույնիսկ ընկերացան նրա ոխերիմ թշնամիների մի մասի հետ, ներառյալ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի և Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինիի։ Այս պոպուլիստները և նրանց ՔՍՄ-ական դաշնակիցները օգտագործեցին միգրացիայի ոլորտի խնդիրները Մերկելի և նրա ՔԴՄ կուսակցության դիրքերին հարվածելու համար։

Իսկ Մակրոնը, շարունակում է փորձագետը, իշխանության գալով, նոր ու մեծ գործարք կնքեց Գերմանիայի հետ, այն է՝ փոխարենը նրա, որ Ֆրանսիան վերջապես կկարգավորի իր ֆինանսական հարցերը, ինչպես նաև կբարեփոխի պետական հատվածը և աշխատանքային շուկան, Գերմանիան կպաշտպանի Մակրոնի առաջարկները ՝ խորացնել ԵՄ ինտեգրացումը, ներառյալ՝ եվրագոտու համատեղ բյուջեի, ֆինանսների նախարարության ստեղծումը և ավելի ընդհանրական արտաքին  և պաշտպանական քաղաքականության ընդունումը։ Չնայած Մերկելը վերջերս համաձայնեց համատեղ բյուջե ստեղծելու գաղափարի հետ, Ֆրանսիայում շատերը կարծում են, որ Մակրոնին, ի վերջո, խաբել են։ Իր նախագահության սկզբում նա մի շարք վիճելի փոփոխություններ մտցրեց, նվազեցնելով հարստության հարկը ու կրճատելով սոցիալական նպաստները։ Բոլորովին վերջերս Մերկելը հայտարարեց բնապահպանական հարկերի բարձրացման մասին, որպեսզի 2018թ․բյուջեի դեֆիցիտը պահպանվի ՀՆԱ-ի 3%-ից ցածր սահմաններում։ Սակայն, դա հանգեցրեց «դեղին ժիլետներին»։

Լեոնարդը փաստում է․ «Ի պատասխան, Գերմանիան փաստորեն ոչինչ չառաջարկեց Մակրոնին։ Դա դանդաղեցրեց բանկային միության ստեղծումը։ Գերմանիան միայն խոսքերով պաշտպանեց ԵՄ համատեղ բյուջեի գաղափարը։  Նույնիսկ պաշտպանական քաղաքականության հարցում Գերմանիան ընդդիմացավ, ելույթ ունենալով Միջամտելու եվրոպական նախաձեռնության մասին Մակրոնի առաջարկի դեմ։ Հաջորդ մի քանի ամիսներին Մակրոնն էլ ավելի կհիասթափվի, հնարավոր է, կտեսնի ֆրանս- գերմանական հարաբերությունների փլուզումը»։

Մենք հիշում ենք նաև այն հանգամանքը, որ ԵՄ երկրների ֆինանսների նախարարների վերջերս կայացած գագաթնաժողովում Գերմանիան մի հարված էլ հասցրեց Մակրոնին, նվազ որոշակիացնելով իր դիրքորոշումը Google-ի և Facebook-ի նման խոշոր միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսվող նոր հարկերի վերաբերյալ։ Չնայած Google-ի և Facebook-ի դեմ այդ նոր հարկը մեծ աջակցություն ստացավ, Բեռլինում զգուշանում են, որ ԱՄՆ-ը կարող է պատասխան հարված հասցնել գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությանը։ Եվ դա նշանակում է, որ գերմանացիները պատրաստ են ևս մեկ անգամ հարվածի տակ դնել Ֆրանսիային, և ԱՄՆ-ին կպած կմնան «մինչև վերջ»։

Ես հաստատ գիտեմ, որ Գերմանիայում մինչև հիմա «ցնցվում են», երբ հիշում են, թե ինչպես ԱՄՆ-ն իր նավերի միջոցով սկսեց «ճնշել» գերմանական «Դայմլեր ԱԳ», «Ֆոլքսվագեն», «Աուդի», ԲՄՎ և այլ ավտոմոբիլային ընկերություններին։ Ավելին․ մեծ է հավանականությունը, որ Բունդեսվերը կփոխարինի իր հնացած «Տորնադո» կործանիչներն ամերիկյան F-35-երով, հրաժարվելով դրա եվրոպական նմանատիպից։ Քանի որ գերմանական ՌՕՈՒ-ում արդեն հասկանալ են տվել, որ գերադասում են F-35-երը, «Airbus» ընկերության ղեկավարությունից նախազգուշացրել են, որ հենց Գերմանիան անցնի F-35-երին, մարտական ռեակտիվ ինքնաթիռների մասով համագործակցությունը Ֆրանսիայի հետ նույն պահին կդադարեցվի։

Վերադառնանք Մարկ Լեոնարդի հոդվածին․ նա գրում է նաև, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները թուլանում են այն ժամանակ, երբ հակաեվրոպական ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը։ Եվրապառլամենտում մայիսյան ընտրությունների նախաշեմին Օրբանն ու Սալվինին ակտիվորեն աշխատում են պոպուլիստական դաշնության ստեղծման վրա։ Նրանց նպատակն է Եվրախորհրդարանում տեղերի 1/3-ից ոչ պակաս քվե ստանալն ու Եվրախորհրդում փոքրամասնությանը մեկուսացնելը։

Եվրահոռետեսների հիմնական հակառակորդներ մնում են Մակրոնն ու Մերկելը։ Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ ֆրանսիական ու գերմանական ընտրողները կարող են չաջակցել եվրագոտու նրանց բարեփոխումներին։ Բայց հիմնական վտանգը, եզրակացնում է փորձագետը, այն է, որ Մակրոնն ու Մերկելը կարող են ձայնակցել Օրբանին ու Սալվինիին, ինչը կկործանի Եվրամիությունը։ Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը չպետք է ընկնեն այդ թակարդը, նրանք պետք է կարողանան  ամրացնել քաղաքական կենտրոնը, քանի դեռ շատ ուշ չէ, նշում է Լեոնարդը։

Իսկ ես կարող եմ հիշեցնել․ դեռ 1919թ․ գերմանացի փիլիսոփա, հրապարակախոս Օսվալդ Շպենգլերը, ում մարգարեություններից վախենում էր նույնիսկ Ադոլֆ Հիտլերը, իր «Եվրոպայի մայրամուտը» գրքում կանխատեսում էր, որ 100 տարի հետո Եվրոպան, որպես քաղաքակրթական ու մշակութաբանական կենտրոն, կվերանա։

 

Սերգեյ Շաքարյանց