Ռուսաստանը ԵՄ-ի հետ առևտուրը նույնպես ցանկանում է անել եվրոյով՝ մոտեցնելով դոլարի իշխանության վերջը

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջարկության իրականացումը կարող է շոկային հետևանք ունենալ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի համար

 ՌԴ տնտեսական զարգացման նախարարն ԵՄ-ին առաջարկել է իր երկրի հետ առևտրային գործարքներում հրաժարվել ԱՄՆ-ի դոլարից: Եթե Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջարկությունն իրականություն դառնա, ապա այն կարող է նույնիսկ շոկային լինել ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի ու տնտեսության համար։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինն օրերս հայտարարել է, որ դոլարը Ռուսաստանի և Եվրոպայի միջև պաշտոնական վճարումների միակ համակարգը չէ: Այս մասին տեղեկացրել է ԻՌՆԱ գործակալությունը։

«Ռուսաստանի արտաքին և եվրոպական երկրների հետ առևտրային փոխանակումներում դոլարի մասնաբաժինը կրճատվում է,- ասել է Օրեշկինը։-Անմշակ ռեսուրսների, այդ թվում՝ նավթի, գազի ու հումքի առևտուրը եվրոյի միջոցով հիմք կհանդիսանա, որ երկկողմ վճարումներում դոլարի մասնաբաժինը նվազի»։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարություններն ու Կենտրոնական բանկը Ռուսաստանի կառավարությանն են ներկայացրել երկրի տնտեսության մեջ դոլարի մասնաբաժնի խիստ կրճատման նախագիծ:

Որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ Ռուսաստանն առևտուրն իրականացնում է ազգային արժույթների միջոցով, քննարկվում է այդ նախագիծը նաև Ռուսաստանի և Իրանի առևտրային ու տնտեսական փոխանակումներում կիրառելու հնարավորությունը: