Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը (տեսանյութեր)

Սիցիլիայում Էթնա գործող հրաբխի ժայթքման հետևանքով կանգնեցվել են օդանավակայանի և երկաթուղային կայարանի աշխատանքները։ Դեկտեմբերի 24-ին նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է հրաբխից ծուխ դուրս գալիս։ Հրաբխաբանների տվյալներով, հրաբխի հարավ-արևելյան լանջի վրա ճեղք է առաջացել, որից հրաբխային փոշու ամպ է բարձրացել։ Դա Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի առաջին կողային ժայթքումն է վերջին 10 տարիների ընթացքում։ Նման ժայթքման ժամանակ լավայի արտանետումը տեղի է ունենում ոչ թե կենտրոնական խառնարանից, այլ լանջի ճեղքից։

Սեյսմոլոգները գրանցել են տարբեր ուժգնության առնվազն 130 ստորերկրյա ցնցում։ Դրանցից ամենաուժեղը հասնում էր 4 բալի։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռագալնա ավանից 7 կմ հեռավորության և 2 կմ խորության վրա։ Հրաբխային փոշին ծածկել է շրջակա գյուղերը։

Էթնան ամենամեծ ակտիվ հրաբուխն է  Իտալիայում և  ամենաբարձր գործողը Եվրոպայում։ Գործնականում նա իր մասին գրեթե ամեն տարի է հիշեցնում՝ արտանետելով լավայի ու փոշու շատրվաններ։