Հետախուզում է հայտարարվել սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի՝ առերևույթ խարդախությանն առնչություն ունենալու վերաբերյալ:

Այսպես՝ գործակալության պետը, ով հիշյալ պաշտոնն զբաղեցրել է 2004թ․ մարտի 26-ից մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը, իր գործունեության ընթացքում պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից ակնհայտ կեղծ տվյալների ներառմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել նույն գործակալության երկու աշխատակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից օգտագործվող անհատական ծածկագրերով համակարգչային բազայում ներառի սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տվյալներ, և հափշտակեն այդ անձանց անվամբ տացված նպաստների գումարները:

Կատարված դերաբաշխման համաձայն, վերջիններս, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականից մինչև 2018թ․ հուլիս ժամանակահատվածում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում, յուրաքանչյուրն առանձին, սոցիալապես անապահովության վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներակայացնելով շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների կենսորոշիչ տվյալները, ինչի մասին քաղաքացիները տեղյակ չեն եղել:

Արդյունքում՝ կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա հիշյալ քաղաքացիներն ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում:

Այնուհետև «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կազմած կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը, մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին:

Նախանական տվյալների համաձայն, սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը, գործակալության երկու աշխատակցի հետ, խարդախությամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափի, համապատասխանաբար՝ 6 520 000 դրամ և 14 376 000 դրամ գումար՝ պետությանը պատճառելով ընդհանուրը 20 896 000 դրամի գույքային վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: