Գողություն ժամացույցների խանութ-սրահից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

2018թ. հոկտեմբերի 1-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 13:14-ի սահմաններում Երևանի Հյուսիսային պողոտայում գործող ժամացույցների խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «Կապո» մոդելի ձեռքի ժամացույց:

Դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, միաժամանակ խնդրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե, գողություն, քրեական գործ