Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ուժեղացված ծառայություն Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24 ժամյա ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվել են հանցագործության մի քանի դեպքեր։ Մասնավորապես՝ ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։
Սկսենք ամենասկզբից։ Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվել են։ Գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները։ Պարեկայինները պետք է հասարակական կարգի պահպանությունից զատ, կանխեն ու թարմ հետքերով բացահայտեն հանցագործության դեպքեր, արագ արձագանքելով ահազանգերին։
Կարմիր բերետավորները, «հրեշտակներն» ու Երևանի համայնքները սպասարկող պարեկային ոստիկանները հրահանգավորումից հետո շարժվել են իրենց վաստահված տարածքներ։
Մաշտոցի պողոտայում պարեկայինները հայտնաբերել են առանց առջևի համարանիշի «x6», որի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանների կողմից։ Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերվել է հետևի համարանիշի թվերից մեկը փակված մեքենա։ Այս դեպքում ևս վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել։
Երևանի տարբեր վարչական շրջաններում պարեկայինները հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխել մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց։
Արձանագրենք, որ ուժեղացված ծառայությունը կանխում է հանցավոր դրսևորումները։ Պատահական չէ, որ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ ոստիկանությունում չի հնչել։
Էրեբունու ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում կասկածելի վարքագծով երկու երիտասարդի են նկատել, որոնց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա Արկադի և 18-ամյա Ավետիս Դավթյանների մոտ եղած հաշվիչ հայելին ու ձայնարկիչը գողացված են։ Եղբայրները հայտնել են, որ դրանք գողացել են Նուբարաշենի խճուղու շենքերից մեկի բակում կայանված «Օպելից»։ Դեպքը տեղի է ունեցել նրանց բերման ենթարկվելուց ժամեր առաջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք հայտնել են նաև, որ օրեր առաջ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կայանված երեք մեքենայից ևս գողություն են արել։
Գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողները։ Նրանք Նար Դոսի փողոցում նկատել են ռուսական համարանիշերով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզել են, որ մեքենան փաստաթղթեր չունի, վարորդը՝ ևս։ Տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ այդ ավտոմեքենան գողացված է։ Ավելի վաղ, դեկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր «Նիվան» գողացել են։ Ընդ որում, մեքենան հաշվառված է Հայաստանում։ Այն հափշտակած Արսեն Նորպարոնյանը մեքենայի հայկական համարանիշերն ու փաստաթղթերը պահել է, իսկ մեքենայի վրա տեղադրել ռուսական համարանիշեր։ Ոստիկանությունում պարզվել է նաև, որ այդ համարանիշերը ևս գողացված են։ Նախնական տվյալների համաձայն, Երևանի բնակիչ, 33-ամյա Արսեն Նորպարոնյանը ռուսական համարանիշերը գողացել է Արաբկիր վարչական տարածքում կայանված մի մեքենայից, որի վարորդը ևս դիմել էր ոստիկանություն։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված «Նիվայի» զննությամբ ոստիկանները բեռնախցիկում հայտնաբերել են երկաթե լինգ և մեքենայի պահեստամասեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ պահեստամասերը նույնպես գողացված են։ Դեպքը դարձյալ տեղի է ունեցել Արաբկիր վարչական տարածքում։ Արսեն Նորպարոնյանը բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերվածը բերման ենթարկվելու գիշերը գողացել է Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող պահեստամասերի խանութից։
Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։