Ինչո՞ւ չի գնահատվում հերոսությունը…

Ինչպես երևում է, երևանյան տրոլեյբուսներին «թուղթ ու գիր են արել»: Այսպես, դեռ անցյալ դարի երկրորդ կեսին, 1976թ. սեպտեմբերի 16-ին ‹‹խելագարված›› տրոլեյբուսն անսպասելիորեն ընկավ Երևանյան լիճը: Անվանի մարզիկ Շավարշ Կարապետյանը սխրանք գործեց և փրկեց  20 մարդու կյանք: Մարդը ծառս եղավ մահվան դեմ և հաղթեց: Սա մի պատմություն է, որն առ այսօր զարմացնում է իր հերոսականությամբ:

Եվ, ահա, 40 տարի անց՝ 2017 թվականի դարձյալ նույն ամսին` սեպտեմբերի 28-ին, պատմությունը զարմանալի կերպով կրկնվեց՝ այս անգամ, սակայն, առանց լճի ու ջրի։ Այս անգամ Երևանի բնակիչ Մովսես Նաջարյանին էր բախտ վիճակվել փրկել մարդկանց կյանքեր: Ակամա ընկնում ես խոհերի գիրկը՝ ինչպիսի՜ հերոսություններ և սխրանքներ կարող է գործել մարդը, ի՜նչ հզոր կամք ու անսասան վճռականություն ունի, և ինչ դեր ունի այս ամենում պատահականությունը:

Բնական և օրինաչափ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել աշնանային այդ սովորական օրը․․․ Մովսես Նաջարյանը գնում էր դասախոսություն կարդալու: Նա նստել էր թիվ 1 երթուղու տրոլեյբուսը և անակնկալ ձևով հայտնվել ծայրահեղ իրավիճակում: Բանն այն է, որ տրոլեյբուսի էլեկտրասնուցման մետաղաձողերը տեղից դուրս էին եկել, վարորդն, առանց ձեռքի արգելակով մեքենան արգելակելու, իջել էր ձողերն էլեկտրալարերին միացնելու: Տրոլեյբուսի շարժիչն արագորեն միացել էր, և մեքենան, առանց վարորդի, խելահեղ ընթացքով սլացել էր առաջ:

Մովսեսի կյանքում եղել էին ծանր իրավիճակներ և անսպասելի դեպքեր: Նա ընկճվողներից և երկչոտներից չէր և միշտ էլ ելք էր գտնում անելանելի թվացող կացությունից: Նաջարյանը բացառիկ կենտրոնացմամբ և սառնասրտորեն որոշել է ամեն գնով սանձահարել փոխադրամիջոցը: Իսկ այլ ելք պարզապես չկար, քանի որ հայտնվել էր մահվան ուրվականը․ իր և 15 այլ ուղևորի կյանքը մազից էր կախված, տրոլեյբուսը սուրում էր մեծ արագությամբ, իսկ  խցիկում վարորդ չկար: Մովսեսը խցիկի փոքրիկ պատուհանից ակնթարթորեն նետվել է ներս, գլխով ու ձեռքերով մխրճվել նրա մեջ ու բռնել ղեկը։ Գիտակցության մեջ միայն մի բան էր մեխված` ղեկը պահել, ընթացքը կառավարել, տրոլեյբուսը հնարավորինս հեռացնել հարևանությամբ սլացող մեքենաների խիտ հոսքից, մոտեցնել մայթին։ Նա տենդագին որոնել է տրոլեյբուսի ընթացքը դանդաղեցնող որևէ միջոց, որևէ օգնության նշույլ, և արագ վճռել, որ մեքենան կանգնեցնելու համար մի հենարան է պետք, հակառակ դեպքում՝ տրոլեյբուսը կարող է շրջվել՝ տեղիք տալով մեծաթիվ զոհերի։

Հանկարծ խաչմերուկներից մեկից, կարծես թե հատուկ պատվերով,  տրոլեյբուսի առջև հայտնվել է մի հսկայական ջիպ և դանդաղ ընթացել շարքի աջ կողմում: Քիչ այն կողմ նկատվել է նաև բետոնե արգելապատնեշ: Տրոլեյբուսը կանգնեցնելու երկու հնարավոր միջոցներ միասին հառնել են նրա առջև, ինչից գրեթե ակնթարթային արագությամբ օգտվել է կիսաճկված Մովսես վարորդը: Խփվելով ջիպին, ապա դանդաղեցված արագությամբ մոտենալով արգելապատնեշին, տրոլեյբուսը կանգնել է: Ուժեղ զրնգոցով ջարդվել են առջևի ապակիները, բայց ո՞վ է դրան ուշադրություն դարձրել, 16 ուղևորները փրկվել են, փրկվել են նաև այն անհայտ քանակի մարդիկ, ովքեր հանկարծ կարող էին լինել այնտեղ, որտեղով սլանում էր անկառավարելի մեքենան: Հաշվարկը ճիշտ էր արվել, Մովսեսի վճռականությունը և կամքը պսակվել են հաջողությամբ, նա կարողացել է տրոլեյբուսը շեղել դեպի փրկարար արգելապատնեշը: Ի վերջո, մեքենան կանգնեցվել է:

Ուժեղ հարվածի հետևանքով վնասվածքներ են ստացել 8 հոգի, որոնցից 4-ը՝ ծանր: Տուժել է նաև Նաջարյանը՝ կոտրվել են նրա երկու ոտքերը, իսկ փշրված ապակիներից վնասվել դեմքն ու ձեռքերը: Դաժան փորձություն էր, բայց կատարվածը նրա համար չարյաց փոքրագույնն էր:

«Նկատեցի, որ վարորդի խցիկում գետնին ընկել է ծխախոտս, կռացա, հանգիստ վերցրեցի ու մի գլանակ վառեցի,- տողերիս հեղինակին պատմեց Մովսես Նաջարյանը։- Փրկարարներն արդեն վրա հասան, ուղևորներին իջեցրին, մեկը մոտեցավ, որ ինձ օգնի, ասացի` ես կիջնեմ, ոչինչ, մի մտահոգվեք։ Մինչդեռ, պարզվում է, դեմքս ամբողջովին արյունլվա էր, իսկ ոտքերս ծնկից ցած կոտրվել էին՝ արգելակման հետևանքով ուղևորներից մեկի ինձ խփվելու հետևանքով»:

Մովսեսին տեղափոխել են հիվանդանոց, տրոլեյբուսի հավաքակայանը հոգացել է բուժման ծախսերը, նրան այցելել են հավաքակայանի ղեկավարներն ու մեղավոր վարորդը… Լրատվությամբ հաղորդվել է դեպքի մասին որպես հերթական վթարներից  մեկը:

Շավարշ Կարապետյանի մասին էլ ժողովուրդն ուշ իմացավ: Մինչ նա հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, որևէ մեկի մտքով չէր անցնում պարզել, թե այդ ով էր սուզվում ու դուրս հանում խորտակված մարդկանց: Մենք Կարապետյանի սխրանքի մասին բավականաչափ հանգամանորեն իմացանք ռուս լրագրողի շնորհիվ, ով ծավալուն նկարագրությամբ հերոսին ներկայացրեց  ‹‹Լիտերատուրնայա գազետա››  հանրահայտ թերթում: Առ այսօր այդ սխրանքի համար մեր հայրենակցին մեծարում են Ռուսաստանում, նրան օլիմպիական ջահ են վստահում պատվավոր վազքուղում, նրա անունով մրցույթներ են կազմակերպում, երեխաների հետ բաց դասերի հեռուստատեսային ռեպորտաժներ են հեռարձակում, նրա օրինակով սերունդ դաստիարակում:

Սովորական մտավորական մեկը հանգիստ նստած, գիրք կարդալով, ճանապարհ է գնում, և հանկարծ ներկա է լինում ճակատագրական մի պատահարի, մարդկային կյանքեր փրկում ակնթարթային որոշմամբ, իրականում` սխրանքով: Որևէ մեկը կարդացե՞լ է ինչ-որ բան այս մասին․․․ Որևէ մի լրագրող գնացե՞լ է հիվանդանոց՝ պատմելու, թե ինչպես է կազդուրվում նա, փրկված ուղևորներից որևէ մեկը գնացե՞լ է հիվանդանոց՝ նրա հայտնելու իր  շնորհակալությունը:

Ուշագրավ մեկ փաստ, որը լուրջ խորհելու առիթ է տալիս: Այս դեպքից մի քանի օր հետո ճիշտ նույն տեղում մեկ այլ վթար է եղել՝ այս անգամ մահվան ելքով: Այդ օրը բեռնատար մի մեծ մեքենա է վթարվել, որի վարորդը զոհվել է: Ավտոմեքենան պարկերով մակարոնեղեն է տեղափոխել: Տեղում հայտնված անցորդները մի քանի պարկ վերցրել են և տուն տարել: Եվ, ահա, որոշ ԶԼՄ-ներ իսկույն ազմկել են, թե տեսեք՝ հայն ինչի է ընդունակ: Զարմանալիորեն, այս դեպքը հանրայնացվեց և արագորեն մատուցվեց հասարակությանը: Մինչդեռ, մի քանի օր առաջ տեղի ունեցածի պարագայում լրատվամիջոցները կամ, ցավոք, տեղյակ չեղան, կամ զլացան անդրադառնալ իսկական հերոսությանը և այն ըստ արժանվույն գնահատել: Ի դեպ, տրոլեյբուսի վթարի ժամանակ անցորդները գտնված ոսկեղենը հանձնել են ոստիկաններին: Իսկ մի՞ թե հենց  սա չէ հայի իսկական կերպարը:

Իսկ ո՞վ է մեր հերոսը: Մովսես Նաջարյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1950թ. հունվարի 24-ին: Նա սերում է մշեցի և սասունցի նախնիներից ու կիլիկիացի ծնողներից, այսինքն՝ նրա գենետիկան և աշխարհայացքը բխում են բնաշխարհից: Նաջարյանն արյան կանչով 1983թ. եկել է հայրենիք և բնակություն հաստատել Երևանում:

Սովորել է Բեյրութի Վահան Թեքեյանի անվան դպրոցում, ապա ՀԲԸՄ-ի Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարանում։ Բացի այդ, երկու տարի ուսանել է Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվան հայագիտական ամբիոնում, որի տնօրենը բանաստեղծ, մանկավարժ և հայագետ Վահե Վահյանն էր:

Մովսես Նաջարյանը գրաբարից աշխարհաբար է թարգմանել Մեսրոպ Մաշտոցի ‹‹Յաճախապատում եւ լուսաւոր ճառք››  երկը՝ նպատակ ունենալով մեր հանրությանը հասանելի դարձնել այդ աշխատության հայեցակարգը, որն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեզ: Ահա մի գործ, որը, կարծում եմ, յուրաքանչյուրիս կդարձնի անխոցելի, անպառակտելի, անընկճելի, կմիացնի մեզ իրար, որտեղ էլ լինենք, կհամախմբի մեր ուժերը, կառողջացնի մեր հոգին ու մարմինը՝ մեզ դարձնելով անառիկ բերդ: Ոչ մի չար ուժ, ոչ մի խարդախություն, ոչ մի դավադրություն, ոչ մի աղանդավորություն, ոչ մի զենք ի վիճակի չի լինի մեզ կործանել: Երկասիրությունն արծարծում է կյանքի որոշակի բանաձևեր և աստվածային արարչագործության հիմնական սկզբունքները:

Հիշյալ երկին հաջորդել է նրա ‹‹Լեզուաբանութիւն թէ՞ իմաստասիրութիւն›› հայագիտական աշխատությունը: Երկուսն էլ առաջին անգամ հրատարակվել են Հալեպում: Անխոնջ հետազոտողը հանդես է եկել մամուլում, հեռուստատեսությամբ՝ պատմաբանասիրական, լեզվաբանական, իմացական-ճանաչողական նյութերով, նաև դասախոսություններով ներկայացել է կրթական տարբեր օջախներում: Նա Հայագիտական շարժման ներկայացուցիչ է: Ի դեպ, հենց Մաշտոցի ‹‹Յաճախապատում եւ լուսաւոր ճառք››  արժեքավոր գիրքն էր վթարի պահին նրա ձեռքին, և նրա միջոցով էր Մովսեսը մտովի թափառում ժամանակների իմաստնության մեջ: Ո՜վ իմանա, գուցե սուրբ Մեսրոպ Մաշտոցի ոգի՞ն նրան փրկեց․․․ Անիմանալի և անքննելի են Աստծո գործերը:

Մեր համոզմամբ՝ Մովսես Նաջարյանի հերոսությունը գնահատելը հանրային պահանջ է և անհրաժեշտություն: Կարծում ենք, սա պատկան մարմինների խնդիրն է նաև:

 

Ռուբեն Նահատակյան