Գիտնականները պարզել են շարունակական հոգնածության առաջացման պատճառը

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները գտել են շարունակական հոգնածության սինդրոմի (ՇՀՍ) պատճառներից մեկը։ Այն կարող է իմունային համակարգի գերակտիվության հետևանք լինել, ասվում է «Psychoneuroendocrinology» ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներում։

Հեղինակների խոսքերով, ցայսօր ինքը՝ համախտանիշը, ինչպես նաև դրան հանգեցնող գործոնները քիչ են ուսումնասիրված։ Սակայն մասնագետները վաղուց էին ենթադրում, որ հիվանդությունը միայն հոգեբանական հիմքով չի պատճառաբանված, քանի որ ՇՀՍ նախանշանները հաճախ երևակվում էին ուժեղ մրսածության կամ մանրէական վարակվածության ժամանակ։

Պրոֆեսոր Կարմինե Պարիանտի ղեկավարած թիմը պարզել է, որ նման բան հնարավոր է չափից ուժեղ ռեակցիա ունեցող իմունային համակարգի պարագայում, և որ այդ գործոնը գենետիկորեն է պայմանավորված։

Հուլիսին Թիլբուրգի համալսարանի գիտնականները պատմել են, որ ճանապարհորդներն արձակուրդի ժամանակ իրենց ավելի հոգնած են զգում, քան եթե գտնվելիս լինեին աշխատանքային միջավայրում։