«Bloomberg»-ի սկանդալը Թուրքիայի շուրջ

Ի՞նչն է հետախուզության համար ավելի կարևոր․ մինչև վերջին պտուտակը հետազոտել ամերիկյան F-35 կործանի՞չը, թե՞ ռուսական С-400 («Տրիումֆ») զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ)։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ռուսական С-400 համակարգերի մատակարարման շուրջ օրերս «Bloomberg» գործակալության սադրած սականդալը լայն արձագանք գտավ ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսաստանյան ԶԼՄ-ներում։ Հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը․ «Պենտագոնի հուսալի աղբյուրներին» հղում կատարելով, «Bloomberg»-ը հայտնեց, որ Թուրքիան ամերիկյան մասնագետներին առաջարկել է ուսումնասիրել С-400-ները։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ «Bloomberg»-ի սարքած տեղեկատվական արտահոսքը, մեծ հաշվով, կասկածելի է, սակայն սկանդալը նշանակալի ստացվեց։

Անթաքույց սադրանքը, որ կազմակերպել է խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկը, խոստանում է դառնալ տարվա թիվ մեկը զենքի համաշխարհային շուկայում։ Լուրերն այն մասին, որ թուրքերն արդեն պայմանավորվել են ամերիկացիների հետ, որ ԶՀՀ-ն նրանց կտրամադրեն ուսումնասիրելու համար, կարող էր հատուկ ծառայությունների միջև լուրջ «հաշիվների» արդյունք թվալ, եթե չլիներ մի «բայց»։ Չէ՞ որ մեկ ամիս առաջ նույն «Bloomberg»-ը մի այլ նմանատիպ կեղծ սկանդալ էր փորձում սարքել․․․ Այն ժամանակ խոսքն այն մասին էր, թե ԱՄՆ-ը Անկարային չպետք է տրամադրի (վաճառի) հինգերորդ սերնդի նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչները, քանի որ ռուս մասնագետները, «Տրիումֆը» բերելով Թուրքիա, կկարողանան նրա միջոցով «նկարել» կործանիչի գաղտնի բնութագրերը։

Այդ սկանդալը չստացվեց, «Bloomberg»-ին ինչ-որ բան պակասեց։ Խնդիրն այն է, որ թուրքերը վաղուց ունեն այդ անտեսանելի ինքնաթիռի ծրագրային ապահովությունը, քանզի F-35-երի ինչ-ինչ լուրջ բաղադրամասեր հենց Թուրքիան է արտադրում։ Տրամաբանական է, որ Անկարան ցանկության դեպքում կարող էր այդ վաղուց պատրաստի տվյալները փոխանցել Մոսկվային, առանց ինքն իրեն և ռուսներին ծանրաբեռնելու կործանիչն ուսումնասիրելով։

Ինչևէ, այն ժամանակ սկանդալը չստացվեց։ Ավելին․ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների ընթացքում մի գաղափար էլ ծնվեց․ փոխհաշվարկն արվելու էր ոչ թե դոլարով (մոտ 2,5 մլրդ դոլար), այլ ազգային արժույթով։ Ինչպես ասում են, ամերիկացիների համար դա նոկդաուն է, և նրանք դա ընդունել հաստատ չեն պատրաստվում։

Եվ, ընդհանրապես, С-400-ների առքուվաճառքի պայմանագրի նախապատրաստման մեկուկես տարիների ընթացքում ամերիկացիները բազմիցս փորձել են խանգարել գործարքին։ Ե՛վ պատժամիջոցներով են սպառնացել՝ իբր ՆԱՏՕ-ի անդամ երկրին արգելված է ռուսական զենք գնել, և՛ ճնշում են գործադրել Անկարայի վրա նատօյական ղեկավարության ձեռամբ, ովքեր պնդում էին, որ С-400-ները չեն կարող աշխատել ՆԱՏՕ-ի տեխնիկական համակարգերի հետ, և՛ հրաժարվել են F-35-երը թուրքերին տրամադրել։

Սակայն, ի սկզբանե էլ արդեն պարզ էր, որ կործանիչները թուրքերին վաճառելուց ամերիկացիները չեն հրաժարվի, շատ մեծ էր շահույթը, և Վաշինգտոնը չէր «նվիրի» նման պատվերը, ասենք, Մոսկվային կամ Պեկինին։ Միայն մեկ F-35-ն արժե 107-ից մինչև 150 մլն դոլար, իսկ Անկարան մտադիր է գնել մոտ 100 ինքնաթիռ։ Նախագահ Թրամփի բնավորությունն իմանալով, կարելի էր համոզված ասել, որ նա գործարքից ոչ մի դեպքում չի հրաժարվի։

Իսկ երբ գործը հասավ նրան, որ Վաշինգտոնը Անկարային առաջարկեց գնել ամերիկյան «Փեթրիոթ» համալիրները, պարզ դարձավ, որ ամերիկացիներն ուղղակի չեն ուզում, որ «Տրիումֆների» գործարքը կայանա։ 10 տարի առաջ Անկարան Արևմուտքից «Փեթրիոթներ» գնելու իրավունք էր խնդրում, սակայն միշտ մերժում էր ստանում։ Իսկ հիմա Վաշինգտոնն ինքն է առաջարկում այդ համալիրները, բայց․․․ Թուրքերը համաձայնեցին 3,5 մլրդ դոլարի ամերիկյան այդ համալիրները գնել, բայց ռուսների հետ գործարքից չհրաժարվեցին։

Ի դեպ, որպես վարկած խոսում են, թե վտանգ կա, որ գիտնականները, ում թուրքերը թույլ կտան մոտենալ ռուսական «Տրիումֆներին», կկարողանան վերլուծել այդ ԶՀՀ-ների տվյալներն, ու դրանց դեմ աշխատող ծրագրային փաթեթներ կստեղծեն՝ հինգերորդ սերնդի կործանիչների վրա տեղադրելու համար։ Սակայն, եթե իրավիճակին ավելի ուշադիր նայենք, կստացվի, որ նման բաներն ի սկզբանե բացառված են։ Այնուհանդերձ, ամենաէականն այն է, որ ռուսական բանակի համար С-400-երն անցած փուլ են։ Հիմա ռուսական ՀՕՊ համակարգերը համալրված են վերջին սերնդի С-500 «Պրոմեթևս» և С-55Р6М «Տրիումֆատոր-М» ԶՀՀ-երով։ Մեկ էլ, եթե ռուսները ինչ-որ բան հանում են շուկա, դա նշանակում է, որ նրանք արդեն ունեն դրա հաջորդ սերունդը։

Բացի դրանից, առնվազն մեկ տարի Թուրքիա բերված «Տրիումֆները» սպասարկվելու են հենց ռուսական մասնագետների կողմից, և թե այդ ինչպե՞ս են նրանց ներկայությամբ աշխատելու ամերիկյան լրտեսները կամ հետախույզները, այնքան էլ հասկանալի էի։ Ուրիշ նրբություններ էլ կան․ բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանը բոլոր երկրներին էլ վաճառում է իր սպառազինությունների, այսպես կոչված, «արտահանման՝ էքսպորտային տարբերակները», և ոչ թե նրանք, որ ունի սեփական ԶՈՒ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունում։։

Սակայն, երևում է, Միացյալ Նահանգները հենց այնպես չեն հանգստանա։ Սպասենք Թորքիայի շուրջ նոր սկանդալների։ Համոզված եմ, որ Վաշինգտոնը ունակ է «ցավեցնել» Անկարային, և ո՞վ գիտե հայտարարելով, թե «հեռանում է Սիրիայից», ԱՄՆ-ն արդյոք կանաչ լույս չի՞ վառի քրդերի առաջ՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում։

 

Սերգեյ Շաքարյանց