Ոստիկանները վնասազերծել են բանկ ներխուժած օտարերկրացուն

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:15-ի սահմաններում Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով և էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել:
Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով, վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:
Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21։15-ին Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ այցելել և էլեկտրահարող սարքի գործադրման սպառնալիքով գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: